HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիի աղմկահարույց սպանության քննությունը դեռ չի ավարտվել

Ու՞մ ձեռքի որսորդական հրացանի կրակոցից է 2010 թ. հոկտեմբերի 16-ին Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Շահվերդյանի սեփական քարի արտադրամասում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում սպանվել Ալավերդի քաղաքի 27-ամյա բնակիչ Ռոբերտ Մոսինյանը:

Սպանության մեղադրանքով ձերբակալված Կամո Շահվերդյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը գտնում է, որ որսորդական հրացաններ փոխհրաձգության ժամանակ գործել են նաեւ մյուս խմբի կողմից եւ հնարավոր չէ օրինականացնել, թե որ հրացանի արձակած գնդակի արդյունքում է մահ պատճառվել Ռոբերտ Մոսինյանին:

Բացի այդ, փաստաբանը հայտնում է, որ Կամո Շահվերդյանի արտադրամասի վրա կրակող անձինք եղել են արտադրամասի առաջ գտնվող խողովակներից 10-15 մ հեռավորության վրա, իր պաշտպանյալը գետնին կրակել է մի քանի մետրի վրա: Նա հնարավոր չի համարում, որ կոտորակները անցնեին այդ տարածության մեջ գտնվող խողովակները:

Ռոբերտ Մոսինյանի եղբայր Ռոման Մոսինյանը հրաժարվում է եղբորը վիրավորելու ժամանակ փոխհրաձգությանը ներկա լինելու փաստից, երբ քրեական գործով կան ապացույցներ, որ ինչպես ինքը, այնպես էլ նրա հետ մեղադրվող անձինք սպանության ժամանակ եղել են դեպքի վայրում:

Լոռու մարզի քննչական բաժնի Ալավերդու քննչական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդոլֆ Ստեփանյանը, ում վարույթում է քրգործի նախաքննությունը, հունիսի 24-ին «Հետքին» տեղեկացրեց, որ քրեական գործում կան մի շարք ապացույցներ, որ Կամո Շահվերդյանն ինքն է զանգահարել Ռոբերտ Մոսինյանի հանցավոր այդ խմբին եւ կանչել պարզաբանումների: Առաջին կրակոցները տվյալ խմբի ուղղությամբ կատարվել են Կամո Շահվերդյանի եւ նրա խմբի` գործով չպարզված անձանց կողմից:

Ըստ քննիչի` Կամո Շահվերդյանը ցուցմունքներ է տվել, որ իր վրա հարձակվել են անձինք, ում ինքը չի ճանաչում, ում հետ իբր հեռախոսով վիճաբանել են եւ առանց ճանաչելու կանչել է պարզաբանման: Գործի բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունը ապահովելու նպատակով, բազմաթիվ փորձաքննությունների շարքում քննիչի կողմից նշանակվել է նոր համալիր փորձաքննություն` Կամո Շահվերդյանի ցուցմունքով մի շարք հանգամանքներ եւս պարզելու նպատակով. «Եզրակացությունը ստանալուց հետո հնարավորություն կընձեռվի արդեն իսկ վերջնական իրավական գնահատական տալ 2 խմբերի գործողություններին, եւ կլուծվի գործի վերջնական ընթացքը»,- ասաց Ռ. Ստեփանյանը:

Վերջինս ներկայացրեց նաեւ փոխհրաձգության շարժառիթը: Սպանությունից 2 օր առաջ` հոկտեմբերի 14-ին, Ալավերդի քաղաքի անչափահասներ Աշոտ եւ Արամո Ավետյանները վիճաբանել են ալավերդցի մեկ այլ անչափահասի` Ալեքսանդր Մելիքյանի հետ: Աշոտ եւ Արամո Ավետյանները երկուսն էլ նախկինում 2 անգամ դատապարտված են` դանակահարության մեղադրանքով: Այս դեպքի հետ չառնչվող Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Փարեմուզյանը դիմել է Կամո Շահվերդյանի տղային` Զորայր Շահվերդյանին, որ տղաներին հաշտեցնի: Վերջիններս միասին Աշոտ եւ Արամո Ավետյաններին տարել են Ալավերդու Հայպետշին թաղամասի բացօթյա սրճարան, որտեղ Ռոբերտ եւ Ռոմիկ Մոսինյանները ծեծել են Աշոտ եւ Արամո Ավետյաններին:

Զորայր Շահվերդյանը, ինքնասիությունը վիրավորված համարելով, այդ մասին պատմել է հորը` Կամո Շահվերդյանին: Դրանից հետո էլ տեղի է ունեցել հայտնի սպանության դեպքը Կամո Շահվերդյանին պատկանող քարի արտադրամասում: Ռուդոլֆ Ստեփանյանի տեղեկացմամբ` Կամո Շահվերդյանը նաեւ ցուցմունք է տվել այն մասին, որ իր որսորդական հրացանով կրակել է այն ուղղությամբ, որտեղ գտնվել է Ռոբերտ Մոսինյանը, ով վիրավորվել, իսկ հետագայում մահացել է:

Քննիչ Ստեփանյանը նաեւ հավելեց, որ նախաքննության մարմնի կողմից Կամո Շահվերդյանի ցուցմունքների հավաստիությունը ստուգելուց հետո, դրանց ամբողջական դառնալու դեպքում չի բացառվում, որ երկուստեք արարքների վերաորակավորում  լինի: Ներկայումս կալանված են Կամո Շահվերդյանը եւ հակառակորդ խմբից Վրույր Էվոյանը:

Սպանված Ռոբերտ Մոսինյանի եղբայրը` Ռոմիկ Մոսինյանը եւ Արտակ Երիցյանը, ովքեր կալանքի տակ էին, ազատ են արձակվել: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին որոշումը, քանի որ լրացել է նրանց կալանքի տակ պահելու` օրենքով սահմանված ժամկետը:

Ռուդոլֆ Ստեփանյանը անդրադարձավ նաեւ Կամո Շահվերդյանի պաշտպան Հովիկ Արսենյանի` մայիսի 19-ին «Հետքին» տված մեկնաբանություններին. «Հովիկ Արսենյանը 2 անգամ միջնորդություն է ներկայացրել նախաքննության մարմնին, եւ մեր կողմից միջնորդությունը քննարկվելուց հետո մերժվել է: Իր միջնորդության մեջ փաստաբանը գտնում է, որ Կամո Շահվերդյանը հանցագործություն չի կատարել, նա գտնում է, որ անհրաժեշտ է կանխել գործը եւ նրան ազատել»: Քննիչը միջնորդությունները մերժել է` հենվելով քրգործի իր ապացույցների վրա: Փոխադարձ հրաձգությունների ընթացքում 2-րդ որսորդական հրացանի կրակելու մասին քննիչ Ռ. Ստեփանյանն ասաց. «Փաստաբան Հովիկ Արսենյանն իր միջնորդության մեջ շեշտադրում է կատարել այն հանգամանքի վրա, թե Ռոբերտ Մոսինյանի մարմինը մխրճված կոտորակը, որը որսորդական հրացանի փամփուշտի կոտորակ է, մինչեւ մարմինը մխրճվելը բախվել է այլ առարկայի եւ, ընդունված տերմինով, ռեկոշետի արդյունք է: Իմ կողմից միջնորդությունը մերժելու որոշման մեջ ուղղակիորեն նշվել է, որ ռեկոշետ չի նշանակում միայն նշանակետի աջ կամ ձախ կամ որեւէ մեկ այլ ուղղությամբ թեքվել: Կոտորակը կարող է ռեկոշետի ենթարկվել վերեւ կամ ներքեւ, բայց մխրճվել նշանակետին»:

Դեպքի վայրում հայտնաբերված որսորդական 2 հրացանների մասին էլ քննիչն ասաց, որ գործով հայտնաբերվել է, որ դրանցից մեկը եղել է հանգուցյալ Ռոբերտ Մոսինյանի, իսկ մյուսը` նրա համախոհ Վրույր Էվոյանի ձեռքին: «Ես հասկանում եմ շրջանառվող այն լուրերի իմաստh, որ Ռոբերտ Մոսինյանին որսորդական հրացանով սպանել են իր կողմնակիցները, այդ դեպքում մեկ կոտորակ չէր լինի Ռոբերտ Մոսինյանի մարմնում, այլ կլինեին մի խումբ կոտորակներ: Ավելի լավ է գործը մնա չբացահայտված, բայց անմեղ մարդուն մեղադրելը ես ազնիվ չեմ համարում»,- ասաց քննիչը:

Ռուդոլֆ Ստեփանյանը նաեւ ասաց, որ Կամո Շահվերդյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը եւ Ռոմիկ Մոսինյանի շահերի պաշտպան Ադելինա Հակոբյանը ծանոթ չեն քրգործով եղած մյուս ապացույցներին եւ, իրականացնելով իրենց պաշտպանական ֆունկցիան, հիմնվել են բացառապես իրենց պաշտպանյալների հայտնած տեղեկությունների վրա:

«Ես` որպես գործը վարող անձ, գործով ունեցած ապացույցների շրջանակներում այլ գնահատական ունեմ եւ գտնում եմ, որ Կամո Շահվերդյանի ինքնապաշտպանության մասին խոսք լինել չի կարող, դա աբսուրդ է»,- ասաց նա եւ հավելեց, որ քրգործով իր հայտնաբերած ապացույցների մասին չի կարող հայտարարել` նախաքննության շահերից ելնելով:

Քննիչը հավաստի չհամարեց նաեւ Ռոման Մոսինյանի պաշտպան Ադելինա Հակոբյանի` «Հետքին» տված մեկնաբանությունը իր պաշտպանյալի` դեպքի վայրում չլինելու մասին. «Գործով կան ապացույցներ, որ ինչպես Ռոման Մոսինյանը, այնպես էլ նրա հետ մեղադրվող անձինք սպանության ժամանակ եղել են դեպքի վայրում»: Ըստ Ռուդոլֆ Ստեփանյանի` քրգործի նախաքննությունը կավարտվի մինչեւ հուլիսի 15-ը, եթե նոր հանգամանքներ չառաջանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter