HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչպես փոխել պայքարի փիլիսոփայությունը

Ապրիլի 9-ին, չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպչական ու մեթոդոլոգիական լրջագույն սխալներին, ծավալվող հասարակական-քաղաքական շարժումը չմեռավ:  Եվ չմեռավ միմիայն այն պատճառով, որ այն Հովհաննիսյանինը կամ «Ժառանգություն» կուսակցությանը չէր և կախված չէր վերջիններիս սխալներից: Ավելին. այդ օրը, ոստիկանական պատնեշների դիմաց, Հայաստանի հասարակությունը կամ ավելի ճիշտ նրա ակտիվ հատվածը հաղթահարեց չափազանց կարևոր հոգեբանական մի պատնեշ, որն առաջացել էր 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերից ու դրանց թողած ազդեցությունից: Ներքին սադրիչներին, ոստիկանական մանր ու միջին բռնարարքներին, որոնք ևս իրենց մեջ սադրանքի տարրեր էին պարունակում, չտրվելով, սառնասրտություն, համբերատարություն ու ողջախոհություն դրսևորելով հասարակությունը պատվով հանձնեց  ինքնակազմակերպվածության մի յուրօրինակ թեստ, որը փաստացի ապացուցեց, որ այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 18-ի քվեարկության ժամանակ, պատահականություն չէր:

Սակայն այն որակները, որոնք ձեռք է բերում Հայաստանի քաղաքացին և հասարակությունը, կարող են կարճաժամկետ էֆեկտ ունենալ, եթե այս ներուժը քաղաքական կապիտալի վերածելու տեսանկյունից քաղաքական ուժերը շարունակեն մնալ նույն այդ հասարակությանը հետապնդողի դիրքերում ու առաջնորդվել իրենց անկենսունակությունը բազմիցս ապացուցած հին ստերոտիպներով: Դրանք ի հայտ եկան նաև այս անգամ, ինչը հնարավորություն է տալիս «Բարևի շարժման» օրինակով բացահայտելու թե թույլ տրվող հիմնական սխալները և թե այն ուղղությունները, որոնցով կարելի է իրավիճակ ու մթնոլորտ փոխել:

1.Ակնհայտ է, որ Ազատության հրապարակում այսպես կոչված «Նոր Հայաստանի» այլընտրանքային երդմնակալությունը դարձավ ընդամենը ինքնանպատակ, հանրահավաքային-քարոզչական ինչ-որ նորարարություն: Դրա գլխավոր պատճառն այն էր, որ ակցիան կառուցված չէր դրան միս ու արյուն տվող  նյութից` քաղաքացիական անհնազանդությունից: Եթե ընտրվում էր պայքարի այս ճանապարհը, ապա անհրաժեշտ էր ոչ միայն հստակ գիտակցել դրա հնարավոր բոլոր հետևանքները, , այլև հանրահավաքի գնացող յուրաքանչյուր քաղաքացու նախապատրաստել դրանց: Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը բացարձակապես հակված չէր անհնազանդության. հակառակ դեպքում նա այդ իշխանության անվտանգությունն ապահովող ոստիկանության ղեկավարի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չէր գնա: Սա նշանակում է, որ այդ երդմնակալությունը չէր կազմակերպվել` դրանից բխող տրամաբանական ընթացքներն ապահովելու համար, մինչդեռ քաղաքական որևէ գործընթաց, առավելևս այնպիսի մասշտաբային, ինչպիսին հասարակական-քաղաքական շարժման ղեկավարումն ու ընդլայնումն է, չի կարող արդյունավետ լինել, եթե կառուցված չէ երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի վրա: Այդ ծրագիրը Հովհաննիսյանը փաստացի չուներ սկզբից, չկարողացավ կազմել նաև անցած երկու ամիսներին:  

2. Այս շարժումը, ինչպես և նախորդները, կառուցվել էր «ամեն ինչ ու միանգամից» սկզբունքի վրա. հենց այդ պատճառով էր հասունացվում ապրիլի 9-ի ճակատագրականության գաղափարը: Երբ ահա այդ ժամկետն այլևս անցյալում է, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանն է կարողանում ձևակերպել հետագա անելիքները, ոչ էլ իր իրավունքների պաշտպանության և երկրում իրավիճակ ու կացութաձև փոխելու պատրաստ հասարակական շրջանակը:

Սա, կարելի է ասել` տիպիկ հայկական հիվանդություն է. ցանկացած ոլորտում ձգտում են նվազագույն ներդրումներով, ամենակարճ ժամանակում ստանալ առավելագույն շահույթ ու գերշահույթ: Այս սինդրոմն, որը կարելի է պատկերավոր «կազինոյի էֆեկտ» անվանել, աշխատեց նաև «Բարևի» շարժման պարագայում: Մինչդեռ քաղաքական պայքարը ենթադրում է շարունակականություն և տևականություն, ինչը նշանակում է, որ ամբողջությամբ պետք է փոխվի փիլիսոփայությունը: Ակնհայտ է, «Հիմա, հիմա»-ի կատեգորիան այլևս բոնուսներ չի բերում: Ահա թե ինչու էր արդեն 2011թ. Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցներին կոչ անում հրաժարվել դրանից և իշխանության հետ ըմբշամարտի փոխարեն սկսել շախմատ խաղալ:

Հասարակությանը պետք է սովորեցնել երկարատև, բայց անզիջում ու սկզբունքային պայքարի: Ընդ որում` ոչ այնքան հեղափոխություն անելու, ռևանշի հասնելու, որքան իշխանություններին համառորեն փոփոխություններ պարտադրելու եղանակով: 1990թ. հենց Ղարաբաղյան շարժման հզոր ճնշման ազդեցությամբ Կոմունիսական իշխանությունը գնաց զիջումների` փաստացի պառլամենտը հանձնելով նոր ձևավորված ՀՀՇ-ին ու ազգային կուսակցություններին: 2011թ. իշխանությունը բացառապես ՀԱԿ-ի կազմակերպած և ձնագնդի էֆեկտով ավելի ու ավելի բազմամարդ դարձող հանրահավաքների ազդեցությամբ գնաց առարկայական զիջումների` ազատելով Ազատության հրապարակը և սկսելով ազատ արձակել ազատազրկված ակիտիվիստներին: Եթե քաղաքական ընդդիմությունը Հայաստանում երբևէ հասել է որոշակի հաջողությունների, ապա` միմիայն այն ժամանակ, երբ իշխանության հետ խոսել է պահանջատիրոջ դիրքերից` նրա նկատմամբ ահռելի հանրային ճնշում գործադրելով:

Սա «մանր հաղթանակների» մարտավարությունն է, որը փուլ առ փուլ, հանգրվան առ հանգրվան մոտեցնում է մոնոլիտ իշխանության քայքայումը: Որովհետև ստացվում է, որ իրական իշխանությունն այնտեղ է, որտեղից թելադրվում են պետական իշխանության լծակներին տիրապետող անհատների, կուսակցությունների գործողությունները: Այսինքն ստեղծվում է մի իրավիճակ, երբ դե յուրե իշխանությունը պատկանում է այդ լծակներին տիրապետող ուժերին, բայց փաստացի իշխանությունը` օրինակ Ազատության հրապարակին: Եթե այս երկվությունը դառնա ակնհայտ, պետական կառավարամն միջին օղակները, խոշոր բիզնեսը, հնարավոր է նաև` այսպես կոչված «գեներալիտետը» ինքնաբերաբար գնան այն ուղղությամբ, որտեղ գտնվում է իրական իշխանությունը և դե յուրե իշխանության ուղղակի զրկեն հենման կետից:

Բայց սրան հասնել հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ազատության հրապարակում գտնվող քաղաքացին, անորոշության մեջ գտնվող պետական պաշտոնյան, ոստիկանը, գործարարը պարզ տեսնում են` թե որն է իրական նպատակը և թե ինչ կարող է այս հրապարակը տալ անձամբ իրեն, իր կողքին կանգնողին և համոզվածություն ներշնչի, որ դա ավելի նախընտրելի է  իր համար, քան այն, ինչ ունի այսօր:

ՀԱԿ-ի ծավալած շարժումը անարդյունք եղավ հատկապես այն պատճառով, որ իշխանությանը ներկայացված պահանջներում ոչ թե քաղաքացու, այլ ՀԱԿ-ի և նրա  մասը կազմող ուժերի հետաքրքրություններն էին: Այսինքն սովորական քաղաքացին շատ արագ հասկացավ, որ իրեն ու իր պահանջները պարզապես շահագործում են: Բեկումը տեղի ուենցավ այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարվեց նախապես ներկայացված 15 պահանջներից 12-ից, օրակարգում թողնելով ընդամենը երեքը, որոնք այս կամ այն չափով կատարելով` իշխանությունը պարզապես խուսափեց մնացած 12 պահանջներում ներառնված` իր համար շատ ավելի ծանր` սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծում պարտադրող միջոցառումները կատարելուց:

3. Շարժումը պետք է դուրս բերել Երևանից և ծավալել հանրապետության միաժամանակ 10-15 խոշոր ու միջին քաղաքաներում, իսկ դրա կառավարումը պետք է իրականացնել դիստանցիոն սկզբունքով: Այսինքն այն գաղափարախոսությունը որը տարվում է Ազատության հրապարակում, նույն պահին նույն էներգետիկայով տեղական կառույցների միջոցով պետք է  ծավալվի նաև այդ քաղաքների, բնակավայրերի հրապարակներում: Պարտադիր չէ բոլորին հրավիրել Երևան, ապա դժգոհել, թե ինչու են փակվում ճանապարհները, ինչու են սահմանափակվում քաղաքացիների` ազատ տեղաշարժվելու իրավունքները: Քանի դեռ այդ հնարավորությունը կա, իշխանությունն այն օգտագործելու է` ի հեճուկս Սահմանադրության:

Սա մարդկային ու կազմակերպչական հսկայական ռեսուրսների կենտրոնացում է պահանջում: Եվ եթե որևէ քաղաքական ուժ դա անելու պոտենցիալ չունի, ուրեմն պետք է հրաժարվի լուրջ ամբիցիաներից: Նման մարտավարության գործադրման դեպքում ոչ ոք չի կարող պնդել, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կամ իշխանափոխության պահանջատիրոջ կարգավիճակով երկրում ընդամենը 3000 մարդ կա:   

4. Մյուս ամենակարևոր նախապայմանը, որը Հայաստանում նախկինում երբևէ չի հաջողվել ապահովել, քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիան է, որի ձևավորման սկզբունքը, փիլիսոփայությունը ևս պետք է փոխվի արմատականորեն: Քաղաքական ուժերը, որոնք իսկապես ցանկանում են հասնել հաջողության, պետք է առաջնորդվեն հետևյալ սկզբունքով. «միավորում ոչ թե որևէ քաղաքական ուժի կամ լիդերի շուրջ, նրանց հեգեմոնիան ճանաչելու միջոցով, այլ` միավորում հանուն ընդհանուր, հստակ ձևակերպված և ապակուսակցական նպատակների, դրանց հասնելու ծրագրավորված մարտավարության շուրջ»: Այլ կերպ ասած` առանց պայքարի ընդհանուր ռազմավարությունն ու մարտավարությունը մշակելու, առանց օրակարգ սահմանելու, հնարավոր չէ ապահովել նման կոնսոլիդացիա: Այս հարցերի շուրջ կոնսոնսուսի ձեռքբերումից հետո դրանից դուրս գտնվող բոլոր ուժերը ինքնաբերաբար կամ դառնում են լուսանցքային, կամ բացահայտում են իրենց, այսպես կոչված «ականակիր» լինելու իրողությունը: Եթե այդ կոնսոլիդացիան հնարավոր չէ ֆորմալիզացնել, այսինքն բոլորին հավաքել մեկ կաթսայի մեջ, ապա գոնե անհրաժեշտ է ապահովել գործողությունների համաձայնեցման համընդուելի սխեմա` իրար չխանգարելու, միմյանց հաշվին դիվիդենտներ քաղելու գայթակղությանը չտրվելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարևի» վերջին հանրահավաքում քաղաքական ուժերին կոչ արեց ստեղծել պայքարի միասնական ճակատ: Եթե նա նկատի ունի հենց վերոնշյալը, ապա այդ նախաձեռնությունը միանշանակ ողջունելի է: Սակայն խնդիրը այս կամ այն անվան ներքո ինչ-որ գործընթացների իմիտացիա ստեղծելը կամ սեփական կազմակերպչական անկարողությունն այդ ճակատի բացակայությամբ արդարացնելը չպետք է լինի: Նման առաջարկություն անելուն զուգահեռ Հովհաննիսյանը նաև պետք է ներկայացներ այդ «ճակատի» սեփական նախագիծը` առաջարկելով մնացած ուժերին ներկայացնել իրենցը` առարկայական քննարկում կազմակերպելու և ընդհանուր պլատֆորմ մշակելու նկատառումով: 

Սրանք, իհարկե, չեն ամբողջացնում քաղաքական պայքարի տրամաբանությունը փոխելուն, ավանդական սխալներից խուսափելում ուղղված բոլոր անհրաժեշտ պայմաններն ու մեթոդները: Սակայն խնդիրը ոչ այնքան դրանց ամբողջացման մեջ է, որքան այն փաստի, որ անգամ բավականին բարձր ինքնագիտացության հասած հասարակական իներիցոն շարժումը հունավորելու իրական ցանկություն քաղաքական ուժերը չեն ցուցաբերում նույնիսկ հիմա` ոչ մի կերպ չկարողանալով գտնել սեփական կաշվից, սեփական շահերից դուրս գալու բանաձևը: Դրա մասին է վկայում Երևանի ավագանու ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը, որը, նման կերպ շարունակվելու դեպքում դառնալու է հերթական կորսված հնարավորությունը: Բայց սա արդեն վերլուծության բոլորովին այլ թեմա է: 

Լուսանկարը` Սոնա Սիմոնյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter