Խաղաղ օրերի մահապարտներ
Երևանի Հանրապետության հրապարակին մոտ, Այրարատ (Ռոսիա) նախկին կինոթատրոն՝ այժմյան (բնականաբար) տոնավաճառի դիմաց գտնվող Ագաթանգեղոս փողոցի 7 համարի շենքը հայտնի է՝ որպես Երևանի բնակելի առաջին բարձրահարկ շենք կամ, չսխալված լինելու համար ասեմ՝ առաջիններից մեկը։ Այն, ինչպես նշվում է հանրագիտարանում, կառուցվել է 60–ականներին։ Շենքում կան բնակիչներ, որ այնտեղ են շահագործման օրվանից, և ես որոշեցի զրուցել նրանց հետ։
Ասում են, որ, մինչ շենքի կառուցումը, այդ տարածքում եղել են գետնափոր ու խարխուլ տների թաղամասեր, և որպեսզի այն ժամանակվա «ծաղկող քաղաքի» հրապարակին հարող տարածքն ավելի աչք շոյող լիներ, հատկապես Մոսկվայից հաճախակի ժամանող ղեկավարության համար (կար նաև Մոսկվայի վերադասի առաջ պատասխանատվության հարց), կառուցվեց այն ժամանակվա՝ 26 Կոմիսարների 7, այսօրվա՝ Ագաթանգեղոսի 7 շենքը։ Ըստ պատմողների, այն երբեք էլ աչքի չի ընկել ճարտարապետական հրաշալի լուծումներով, բայց իր ժամանակի համար նորություն էր 11 հարկանի և 9 մուտք ունեցող, համարյա ամբողջ փողոցի երկարությամբ ձգվող շենքը։
«Երբ նոր էր, էս շենքին ասում էին «շուշից շենք», քանի որ արտաքին կողմի կանաչավուն ապակիները շողում էին՝ տալով նրան յուրահատուկ գեղեցիկ տեսք»,– պատմում է բնակիչներից մեկը։
«Շենքի արտաքին տեսքը միշտ հսկողության տակ էր. մենք իրավունք չունեինք մեր պատշգամբներում փոփոխություն կատարելու, պահարան դնելու կամ անգամ լվացք փռելու, անմիջապես գալիս ու հեռացնում էին այն ամենը, ինչը երևում էր դրսից ու խաթարում շենքի արտաքինը»,– պատմում է մեկ ուրիշը։
«Առաջ ասում էին «շուշից շենք», հիմա ասում են «բոշի շենք», մարդ ամաչում է, որ ասի, թե էդ շենքում է ապրում, մի՞թե էդ մեր իրար հետևից եկող քաղաքապետներից ոչ մեկը գոնե մի անգամ հայացք չի գցել, որ տեսնի, թե ինչ խայտառակ պատկեր է»։
Սա՝ որպես նախաբան և ընդհանուր տեղեկություն։ Բայց շենքի ո՛չ արտաքինը, ո՛չ էլ նրա ամրությունը բնակիչների համար վտանգ չեն պարունակում, այլ է վերելակների հարցը...
60–ականներին կառուցված շենքի վերելակները ոչ մի անգամ չեն փոխվել ու ոչ մի անգամ չեն ենթարկվել հիմնական վերանորոգման։ Բնակիչներն ամեն ընտրություններից առաջ, չկորցնելով հույսը, կրկին ու կրկին դիմում են տարբեր «մարմինների»՝ վերելակների խնդրով, իսկ, օրինակ, 4–րդ մուտքի վերելակի հետ կապված «գործը» հավանաբար բազմահատորանոց գրքի կարելի է վերածել։
2008–ին կառավարությունը 3 միլիարդ դրամ հատկացրեց՝ մայրաքաղաքի բնակելի շենքերի վերելակները վերանորոգելու համար։ Բայց, ինչպես մեր երկրում շատ ու շատ գործերում, այստեղ նույնպես «արտաքին ձևավորումից» այն կողմ չանցան։ Եկան, բնակիչների խոսքով՝ վերելակի ներսի կողմում «ժեշտեր» խփեցին ու համարեցին նորոգված։ Այնինչ Ագաթանհեղոսի 7–ի 4–րդ մուտքի վերելակն արդեն վաղուց ի վեր տեղափոխում է մահապարտների։ Ամեն անգամ վերելակ մտնելիս բնակիչները խաչակնքում են ու մտքում, համենայն դեպս, հրաժեշտ տալիս հարազատներին. վերելակն այնքան խախուտ է, որ ամեն պահ բնակիչն աչքի առաջ ունի գահավիժելու վտանգը։ Երբ օտար մարդ է հայտնվում այդ վերելակում, շունչը պահում է կամ խուճապի մատնվում՝ վերելակի արձակած թխկոց–շխկոցից ու ահարկու ձայներից։ Մուտքի ջահելներից շատերն էլ, որոնք ավելի են գնահատում կյանքն ու կարևորը՝ ունեն էներգիա՝ արդեն խաչ են քաշել վերելակ կոչվածի վրա, ու վերուվար են անում ոտքով։ Էլ չասենք, որ ամսվա կեսն էլ այն ընդհանրապես չի աշխատում՝ կա՛մ նորմալ չփակվող դռների, կա՛մ հերթական մաս փչանալու պատճառով։ Այդ ժամանակ, ՀՀ–ի սովորական դարձած արտագաղթի պատճառով միայնակ մնացած թոշակառուները, որոնք մուտքում քիչ չեն, ընդհանրապես մնում են առանց հացի կամ հարևանի երեխայի բարության հույսին։
4–րդ մուտքի մահապարտները անթիվ-անհամար դիմումներ են հղել Կենտրոնի թաղապետին, Երևանի քաղաքապետին, ՀՀ վարչապետին, որ վերելակների խնդիրը բոլորովին էլ պատերի թիթեղները չէին, այլ՝ շարժիչը, ճոպանները և խախուտ դռները, որ այդ վերելակը պարզապես փոխարինել է պետք նորով, իրեն էլ տանել թանգարան, բայց ո՞վ չի հասկանում, որ նախընտրական կաշառք–գործերն էլ են լավ հաշվարկված. մուտքը ներկելը պահանջում է ընդամենը մի քանի կգ ներկ և միանգամից էլ փոխված պատկերը տեսանելի է, իսկ վերելակն արժե հազարավոր դոլարներ. ինչո՞ւ այդքան գումար ծախսել։
Ժողովուրդն արդեն գիտի, որ եթե հանկարծ «սխալմամբ» իր դիմումին ընթացք տրվի, դա կլինի միայն ու միայն ընտրություններից առաջ։ Բնակիչները բողոքում են, որ մեր պաշտոնյաներից շատերն անգամ չեն գիտակցում կամ գուցե գիտակցում են, բայց այն աստիճան են արհամարհում հասարակ ժողովրդին, որ դիմումներին անգամ պաշտոնական արձագանք չեն տալիս։ Բնակիչներն արդեն հումորի են վերածել. «Մեր բազմաթիվ դիմումները նմանվել են «Նամակ ռուսաց թագավորին», ուղարկում ենք, օրերն ու տարիներն անցնում են, ոչ մի արձագանք, գոնե մերժում չկա՝ ինչ–որ հիմնավորումով։ Ես էլ, էդ պատմվածքի հերոսի պես, թոռանս ասել եմ, որ եթե հանկարծ իմ մեռնելուց հետո լիֆտից մի խերուխաբար լինի, գան ու գերեզմանիս իմաց տան»։
Կրկին ընտրությունների շեմ է... էլի հույսեր են առկայծում առ այն, որ այս անգամ մեր նոր քաղաքապետի աչքից չի վրիպի Ագաթանգեղոսի 7 շենքի ամոթալի պատկերը, նրա վերելակների հարցն ու հատկապես 4–րդ մուտքի վերելակը փոխելու հրատապությունը։
Մանե Հակոբյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել