Գուցե խելքս գլուխս հավաքեմ
Ամեն օր քնելուց առաջ որոշում եմ, որ վաղվանից նոր կյանք եմ սկսելու: Մահապատժի վճիռ եմ կայացնում զգայարաններիս համար, արձակուրդ ուղարկում բոլոր ցանկություններս, որեւէ մեկի թանին, թեկուզ արդարացի, թթու ասելու խասյաթիս վերջակետ դնելու ինքնախոստում տալիս, խուլ ու համր ձևանալու, ակնոցիս տեսանելիության չափերը նվազագույնի հասցնելու ազնիվ խոսք ասում, մի արհեստավարժի մոտ քծնանքի դասեր առնելու գրաֆիկ կազմում, մտածում պատեհապաշտ ժպիտին դեմքիս վրա հերթապահ կարգելու մասին ու երդվում, որ կսովորեմ սևին ճեփ-ճերմակ ասել, շառս կքաշեմ ու անգիր կանեմ ամենուր հանդիպող կեղծ հորդորները և Աստծուն շնորհակալ կլինեմ ամեն բացվող օրվա համար, ինչպիսին էլ այն լինի:
Այդ ամենի մասին միանգամից, մի շնչում մտածելը, կարծես թե, դյուրին է թվում, եւ ես արդեն գրեթե պարզ տեսնում եմ վաղվա օրս` խոնարհ, հեզ, բարեհամբույր, ամեն ինչից գոհացող, ամենքի արաքը, թեկուզ իր ես-ի շրջագծից այն կողմ չանցնող: Համամարդկային արժեքի գնահատական տալով՝ կհավատամ, որ կյանքը հիասքանչ է: Կյանքումս առաջին անգամ կհայհոյեմ, եթե հանկարծ որոշեմ հիշել մանկությանս հուշերը, որոնք, որքան էլ անցանկալի, շարունակում են փեշիցս կախված մնալ: Էն մանկությանս, որ ամեն ռայկոմական իր բաժինն էր խլում անհոգ խաղի փոխարեն աշնան ցրտին տնական հավ «թեպռելու» ծնողներիս հրահանգով: Ոնց էի ատում, երբ ստիպված էի սպասել, թե ոնց են զխկտվում կաթսայի մեջ մի մատ յուղ բռնած աքլորի վերջին պատառը: Էդ էլ քիչ էր, իրենց էին վերագրում ամեն ընտանիքի ճակատագիրը տնօրինելու միանձնյա իրավունքը: Ու վայ թե դրանից շատ ժամանակներ առաջ Սունդուկյանի գրած «Վուր տրաքվիս, պիտի պսակվիս» վոդեւիլը հենց նրանց պատվերով էր գրվել, ու քանի ընտանիքներ խեղդվում էին որոշում կայացնելու կապանքների մեջ…Ու թքած ունեին արյունլվիկ երիցուկների, բարձի մինչեւ վերջին բմբուլը արցունքի լոգանքի վրա…
Մենակ չեն կախվում է~, ամեն օր ինձ հիշեցնում, ինքնաթիռից վայրէջք կատարածի նման շարունակում են դզզալ ականջիս մեջ` ամեն օր, ժամ, ամեն վայրկյան անգամ, երբ կարող էի երջանիկ լինել, անհոգ, եթե այն ժամանակ մեկն ինձ հորդորեր անհիշատակ անգամ թաղել դյուրազգացությունս էլ, հուսահատությունս էլ, գուցե այսօր սկեպտիկ չէի լինի ու կհավատայի, որ կյանքն, այնուամենայնիվ, հիսաքանչ է, եւ երկրորդ կյանք էլ կա, և հիմա ոչինչ, որ ապրեմ անդեմ, ողորկ ամեոբայի նման շարունակ ձեւս փոխեմ՝ երբ ինչպես հարմար է: Գոհանամ Աստծու բարեհաճությունով, ճակատագրով ընձեռված շատ թե քիչ, անգամ թվացյալ հաջողություններով, մոմ վառեմ, որ նույն Աստվածն ինձ նաեւ ծնելու կարողություն է տվել ու խոնարհ կնոջ կերպ առնեմ: Ջհանդամը, որ հարսի շոր չեմ հագել կամ սիրո ռոմանտիկ խոստովանությունից հետո չեմ սկսել մատանի կրել, կարեւորը՝ կասեն, որ էն է, թե պատասխանատու ես ոչ թե գրչիդ, այլ մյուսների համար, որ հանկարծ ինչ-որ սողուն չփորձի սպառնալ, որ ամեն տողդ գրելիս աչքիդ տակ ունենաս նրանց, որոնք կարող է, մեղմ ասած, նեղվեն քո անհնազանդությունից, չնեղվեն է~, մաշկի վրա զգան ոչ յուրային լինելու կերպարդ:
Բայց երջանկություն է, թե հաջողես դրանով պրծնել. կսկսեն քրքրել օխտը պորտդ, խմածդ ամեն բաժակ սուրճը, անգամ այն, թե ամռան շոգին դեկոլտե շորդ ում համար կարող էիր հագնել, ում խանութից ես ավելի հաճախ գնումներ անում կամ բուք ու բորանին ում ավտոն կարող է քեզ տուն հասցնել: Քննարկման թեմա ես դառնում ոչ թե մորեմերկ, այլ անգամ, թե ինչ պաղպաղակ ես սիրում կամ իսկապե՞ս ծխախոտն ամուսնուդ համար ես առնում…
Շատ եմ ուզում, որ այդ վաղը շուտ հասնի: Գուցե իսկապես կարողանամ միայն մտքիս մեջ հանդիմանել այն պաշտոնյային, ով կարծում է, թե իր պորտը կտրելու հետ մյուսների ճակատագիրը տնօրինելու առաքելություն էլ է ստանձնել, կամ կարող է և օրը բացվում է միայն իր հրահանգով: Հաստատ չէ, բայց հոգու խորքում նա կարող է քո փոխարեն վստահ լինել, որ փոքր քաղաքում երթուղային տաքսի նստելուց պիտի ամեն անգամ բարևես, որովհետև ուղևորների եթե ոչ ամբողջը, գոնե կեսը ծանոթ-հարազատ են, որ գնածդ հացի քաշի կամ ամեն առավոտ պատահական փոխադրամիջոցներով, մեքենաների թափքի մեջ լավագույն դեպքում աչք փակելու համար պոլիէթիլենային պարկերի վրա, անվադողերի հարևանությամբ խանութներին հաց մատակարարելու մասին չես կարող դժգոհել` խնամուդ խնամին է հաց արտադրողը: Բուժական որևէ հաստատության իքս բժշկի արդեն նավթալինի հոտ եկող գիտելիքներին էլ չես անդրադառնա. գոնե տալոջդ աղջիկը կամ նրա տալոջ տղան մի օր առողջության խնդիր կունենան ու հաստատ երեսին կշպրտեն գրածդ:
Կրթական հաստատությունների խնդիրներին` մի տեղ կարող է քո երեխան սովորել, ու նրանք, մեկ է, առանց այն էլ ծնողներին են գնահատական նշանակում, մի այլ տեղ եթե բերանդ բացես, թե քանի ծանոթ ունես, առնվազն կրթությունը կիսատ կթողնի կամ արհեստականորեն ընդունված սակագները կբարձրացնես:
Շոու բիզնես կոչվածի, մայրաքաղաքում լսարան չունեցող երգիչների խայտառակ ելույթների մասին գրեցիր, իսկույն աչքդ կմտցնեն, որ քո քաղաքի պետական թատրոնի բեմադրությունները պրեմիերաներից այն կողմ չեն անցնում, որովհետև, հասկանալի է, բանը հենց այդքանով է ավարտվում. կիսադատարկ դահլիճը ոչ մեկին չի էլ հետաքրքրում:
Գործազրկության թեմա՞ն. պարզից էլ պարզ է՝ էստեղ արդեն մայրաքաղաքի պես չի, անգլերենն ու համակարգիչն այդ հիթ շքերթում վերջին տեղում են. առաջնորդող պայմանը ծանոթ-բարեկամն է` մինչև ընտանեկան կապալի նմանվող հիմնարկներ, ուր եթե բարձր աշխատավարձն ապահովված էլ չի, գոնե իրենք-իրենք լինեն. բերանի պատառն ո՞վ ուրիշին կտա, մանավանդ եթե մասնագիտությունը կամ որակավորումը հաշվի մեջ չեն, ինչպես և հաշվի մեջ չեն փորձն ու հմտությունները: Կարևորը, որ մի քանի հազար փող ստանան ու ամեն առավոտ տնից դուրս գալու տեղ լինի հայրական տունը գրավի դնելու գնով ապառիկով ձեռք բերված ավտոն կամ անպայման երեւաններից գնված փալաս-փուլուսը ցույց տալու համար: Ասենք, մասնագիտության խնդիրն ուժի մեջ չի, որովհետև, ինչպես փորձառու դասախոսներից մեկը վերջերս նկատեց, եթե անասնաբուժական բաժին էլ լիներ քաղաքում, միևնույն է, այսօրվա ու վաղվա բանասերը կարող էր այդ բաժին ընդունվել, որովհետև կամ փող չկա մայրաքաղաք գնալու համար, կամ հայրիկն այդքան բարձր գին վճարելու հնարավորություն չունի, իսկ այստեղ գինը կարող է իջնել նույն խնամի-բարեկամի շնորհիվ:
Ոնց էի մոռացել, որ որոշել էի էս ամենի մասին չգրել: Բայց մինչեւ վաղը դեռ մի քանի ժամ կա, գուցե էդ ընթացքում խելքս գլուխս հավաքեմ…
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել