HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Խուլիգանության մեջ մեղադրվող երեք եղբայրները դատավորից ժամանակ են խնդրել վերջին խոսքի համար

Վանաձորի դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ քննվող` Հարթագյուղի բնակիչներ Արմեն, Արթուր, Մացակ Բադալյան եղբայրների խուլիգանության գործով ավարտվել է նաև կողմերի վիճաբանության փուլը, մեղադրողն ու պաշտպաններն արդեն հնչեցրել են իրենց ճառերը: Ամբաստանյալ եղբայրները նույնպես ներկայացել են ճառերով` իրենց զարմանքն ու վրդովմունքը հայտնելով  դատախազության գործելաոճի վերաբերյալ և ժամանակ խնդրել վերջին խոսքին պատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստին,  որը նշանակված է ապրիլի 17-ին` ժամը 15.00-ին, ամբաստանյալների վերջին խոսքից  հետո դատավորը կհեռանա խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու:

Բադալյանների օրինական շահերը ներկայացնող փաստաբաններ Ռուբեն Հակոբյանն ու Արտակ Ոսկանյանը, որոնց պահանջն է արդարացնել իրենց պաշտպանյալներին, համապատասխան միջնորդություններ են ներկայացրել դատարանին:  Մասնավորապես` փաստաբան Արտակ Ոսկանյանը միջնորդել  է դիմել գլխավոր դատախազություն` քրեական գործ հարուցելու նախաքննական մարմնի ներկայացուցչի և վերահսկողություն իրականացնող դատախազի նկատմամբ` ապացույցներ կեղծելու հիմքով, քանի որ, ըստ փաստաբանների, գործում քննիչի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների շարքում կա նաև կեղծված ապացույց. միևնույն քննիչը նույն ժամին տարբեր վայրերում հարցաքննել է 2 անձանց. 27.07.2012-ին` ժամը 15.10 րոպեից մինչև 16.00-ն, Սպիտակ քաղաքում հարցաքննել է վկա Արամ Մանուկյանին, այդ նույն ժամանակ` 27.07.2012-ին` ժամը 15.10 րոպեից մինչև 15.30-ը, Հարթագյուղում  հարցաքննել է վկա Վարսիկ Չինարյանին: Իսկ նման բան չի կարող լինել:  

Փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ միջնորդել  է վերսկսել դատաքննությունը, քանի որ իրեղեն ապացույց ճանաչված հանցագործության գործիքը` որսորդական հրացանը, դատարան չի բերվել և չի հետազոտվել:  Փաստաբանի խոսքով` դեպքի վայրում անզգուշությամբ կրակոց է արձակվել, մինչդեռ իրեղեն ապացույց են ճանաչվել 2 հրացաններ: Բադալյանը, ով ընդունում է, որ պատահաբար կրակել է ձեռքին եղած հրացանով, որևէ մեկին վնասելու նպատակ չի ունեցել, այլ քանի որ զբաղվում է անասնապահությամբ, իսկ  անասնագոմը սարերի տակ է, հրացանն օգտագործում է որպես գայլերից պաշտպանվելու միջոց, բացի այդ, որսորդմիության անդամ է և զենք կրելու թույլտվությու ունի:  

«Հիմա մենք չենք հասկանում` որն է հանցագործության գործիքը:  Եթե այն է, որով, Արթուր Բադալյանի ասելով, ինքը կրակել է, ապա մյո±ւսն ինչու են իրեղեն ապացույց ճանաչել: Բայց ամեն դեպքում 2 հրացաններն էլ գործում չկան և դատարանում չեն հետազոտվել»,-ասում է Ռուբեն Հակոբյանը` նշելով, որ եթե դատաքննության ընթացքում որևէ ապացույց չի հետազոտվում,  այլևս չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում:  Բացի այդ, ըստ նրա, կան նաև այլ իրեղեն ապացույցներ, որոնք դատարան չեն ուղարկվել և չեն հետազոտվել:

Հեռանալով խորհրդակցական սենյակ` դատավոր Նարինե Հովակիմյանը որոշում կկայացնի նաև փաստաբանների միջնորդությունների վերաբերյալ: «Ես հույս ունեմ, որ դատարանը կվերսկսի դատաքննությունը, բացերը կլրացնի, նոր հետո կանցնենք վիճաբանությունների փուլին»,-ասում է Ռուբեն Հակոբյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter