HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ճանապարհային կռիվ Իջեւանում

Տավուշի մարզկենտրոն Իջեւանի փողոցները մեծամասամբ կիսաքանդ են: Իջեւանի «4-րդ թաղամասի» բնակիչ Զավեն Ալավերդյանը վկայում է մեծ դժվարությունների մասին, որ կրում են քաղաքի վերին հատվածում գտնվող «4-րդ թաղամաս» բարձրացող վարորդները:

Պետական բյուջեից 117 մլն 954 հազար դրամ էր հատկացվել քաղաքի 3` Իջեւանյան, Երիտասարդական եւ  Մետաղագործների փողոցների հիմնանորոգման համար: Հիմնանորոգման աշխատանքների մրցույթում շահել է «Իջեւանի ճանշին» ՓԲԸ-ն: Ընկերությունը 250 աշխատող ունի, այս ոլորտում Տավուշի մարզի ամենամեծ ձեռնարկությունն է:

Այն ճանապարհաշինական աշխատանքներ է կատարում ոչ միայն Տավուշի, այլեւ հարեւան Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում: Ապրիլիի 18-ին Տավուշի մարզպետարանը եւ «Իջեւանի ճանշին» ՓԲԸ-ն հիշյալ 3 փողոցների հիմնանորոգման պայմանագիր են կնքել: Ճանապարհաշինական ընկերության գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանի վկայությամբ` ապրիլի 20-ից մայիսի 5-ը փողոցների նորոգման  աշխատանքներ են տարվել:

Մայիսի 5-ին Բորիս Սարգսյանի անունով ստացվել է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի նամակը, որով քաղաքապետը պահանջել է դադարեցնել շինարարական աշխատանքները, քանի որ դրա համար ինքը շինթույլտվություն չի տվել:  Հարցի կապակցությամբ 3 անգամ քննարկում է  եղել  Իջեւանի ճանապարհաշինական ձեռնարկության եւ քաղաքապետարանի միջեւ: Սակայն խնդիրը լուծում չի ստացել: Մնացել են միայն շինաշխատանքների մեկնարկից հետո քարուքանդ եղած փողոցները:

Քաղաքապետարանը նշված փողոցների հիմնանորոգման թույլտվություն չէր տրամադրել, եւ ամիսուկես շարունակ Իջեւանի բնակիչները եւ մարզկենտրոն այցելողները ստիպված էին քայլել այդ փողոցների քարուքանդ  հատվածներով: Իջեւանի կենցաղի տան մոտակա տարածքում ցաքուցրիվ թափված են մայթեզրի սալերը: Գոյացած մեծ ջրափոսերի պատճառով դժվարացել է մեքենաների եւ մարդկանց երթեւեկը:

Իրավաբանական առումով, փաստաթղթերով քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայր Վրեժ Ներսիսյանի կնոջը` Արմինե Դովլաթբեկյանին պատկանող տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրողուհու պատրաստած եւ հունիսի 21-ին Հ2 հեռուստաընկերության եթերում հեռարձակված ռեպորտաժում մեղադրանք էր ներկայացված, որ «Իջեւանի ճանշինը» յուրացրել է Իջեւան քաղաքի նշված 3 փողոցների նորոգման ընթացքում հանված սալիկները եւ հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացված  գումարները:

Հունիսի 27-ին Հ2 հեռուստաընկերության լրատվական «Լրաբեր» ծրագրում, արդեն Հ2 հեռուստաընկերության լրագրողի  պատրաստած  ռեպորտաժում հերքվեցին մի շաբաթ առաջ հնչած յուրացման մեղադրանքները:

«Իջեւանի ճանշին» ՓԲԸ գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանը ռեպորտաժում հայտարարեց, որ նշված փողոցների նորոգման նպատակով 15-օրյա աշխատանքների համար իրենց ընկերությունը Տավուշի մարզպետարանից կանխավճար կամ կատարված աշխատանքների դիմաց  գումար չի ստացել, իսկ փողոցների նորոգման ընթացքում  հանված սալիկներն էլ գտնվում են իրենց ընկերության պահեստում:

Որպես հունիսի 27-ի հեռուստառեպորտաժի երջանիկ ավարտ նշվեց, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի միջամտությունից հետո Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը տվել է  վիճահարույց 3 փողոցներից 2-ի` Մետաղագործների եւ Երիտասարդական փողոցների հիմնանորոգման շինթույլտվությունը:

Լավ է, որ տարածքային կառավարման նախարարի միջամտությունից հետո վատթար վիճակում գտնվող այդ երկու փողոցները կնորոգվեն: Սակայն հարց է ծագում` ինչո՞ւ Արմեն Գեւորգյանն ավելի շուտ չէր միջամտում, չէ՞ որ 45 օր խնդիրը չէր լուծվում: Տավուշի մարզպետարանում տեղյակ չէի±ն, որ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ «Իջեւանի ճանշինի» համասեփականատեր Արծրունի Ղալումյանի հարաբերությունները, արդեն քանի տարի, լավ չեն, ուստի շինթույլտվության հարցում խնդիրներ կարող են ծագել:

Մեր տեղեկություններով` վերոհիշյալ 3 փողոցներից մեկի` Երիտասարդականի հիմնանորոգումը Իջեւանի քաղաքապետարանը պատրաստվում է իրականացնել Իջեւանի «Քարարտ» ընկերության միջոցով: Վերջինս բնական քարի արդյունահանման եւ վերամշակման ձեռնարկություն է եւ մասնագիտացված չէ ճանապարհներ կառուցելու կամ նորոգելու գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter