HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալները գդալ ու ջերմաչափ են կուլ տալիս

«Պատերից ու փշալարերից այս կողմ կյանքն այլ է, այստեղ այլ կերպ ես ապրում, ու այլ կանոններ են գործում, ճնշող է ազդեցությունը, հոգեկան վիճակը»,- ասում է 40-ամյա Սեյրանը եւ լռում` ցանկանալով այսքանով ավարտել իր առօրյայի մասին հարցի պատասխանը:

5,5 տարվա ազատազրկման դատապարտված, թեկնածուի գիտական կոչումով նախկին քաղծառայողի համար դժվար է իր այսօրվա կյանքի մասին առհասարակ խոսել, եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրա բոլոր օրերը տան ճամփին են նայում. ընտանիքը սպասում է: Մայրը ծանր հիվանդ է, վերջերս էլ երեխային է կորցրել, ինչը նաեւ նպաստել է նյարդային կծկումների պատճառով մաշկային հիվանդության խորացմանը:

Սեյրանը Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իր պատիժը կրող 255 դատապարտյալներից մեկն է: Իսկ այստեղի «ռեզիդենտներից» 16-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր են, 40-ը թոքախտով հիվանդ, հոգեկան շեղումներ ու այլ ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալներ են` 18-ից մինչեւ 87 տարեկան:

Մյուս դատապարտյալները ժամանակավորապես են գտնվում այս քրեակատարողական հիմնարկում: Նրանք այստեղ մինչեւ թույլատրված ցերեկային ժամերն ազատ շրջում են: Բակում տեղակայված կրպակից, որտեղ վաճառվում է ծխախոտ, կոնֆետ, հյութեր, դատապարտյալները կարողանում են վերցնել իրենց աշխատանքի դիմաց ստացած գումարի չափով տարբեր ապրանքներ:

Մինչ ճաշարան տանող ճանապարհն ամենուր տարբեր խաչքարեր են դրված, իսկ ճաշարանի կից պատին դատապարտյալները մի մատուռ են պատկերել: Առօրյա կյանքից առանձնացող պատկերից ու պատերի մոտ կանգնած կամ «պպզած» թզբեհ պտտեցնող մուգ հագուստներով կերպարներից ավելի տարօրինակ է դատապարտյալների հիվանդանոցի բժիշկների սենյակի պահարանը: Այստեղ դրված են վիրահատություններից հետո դատապարտյալների օրգանիզմից հանված երկաթե եւ այլ ծանր իրերը, ու ամեն կապոցի վերեւում գրված է «տիրոջ» անունը:

Դատելով պահարանի պարունակությունից` ամենատարածված իրը, որ կուլ են տալիս դատապարտյալները, մեխն ու գդալն է: Կան նաեւ ջերմաչափ, գրիչ, դանակ, երկաթե կտոր եւ այլ իրեր` դուրս բերված նրանց մարմիններից:

Արթուրը, ըստ բժիշկների, այն «հերոսն» է, ում փորից մի վիրահատության ժամանակ 15 գդալ եւ 1 երկաթե ձողի կտոր են հանել:

Արթուրը բացատրում է, որ սա բերդում ընդունված` նպատակին հասնելու մեթոդ է, եւ դատապարտյալները հաճախ են դիմում այս քայլին:

«Կտրում ես գդալի գլուխը, հարթեցնում ու բրդում ներս»,- ցույց տալով` բացատրում է նա ինձ եւ ավելացնում, որ երկաթե ձողի դեպքում մի քիչ դժվար էր կուլ տալը, եւ ինքը ստիպված է եղել թեքել, հարմարեցնել այն: Ասում է, որ հստակ գիտի` ինչ կուլ տալու դեպքում ինչ աստիճան է վտանգավորությունը, նա, իրոք, ցանկացել է վնասել իրեն, դրա համար է այդքան շատ երկաթ կուլ տվել:

«Ես դեռ չեմ պատկերացնում ինձ ազատության մեջ, ի՞նչ իմանամ, որ դուրս գամ, ի՞նչ եմ անելու, հաստատ աշխարհն այդ ժամանակ փոխված կլինի»,- ասում է նա:

Դատապարտյալներն ամենից շատ բողոքում են նախագահի հրամանով ստեղծված անկախ հանձնաժողովից, որը հիմնականում մերժում է դատապարտյալների` պատժից վաղաժամկետ ազատումը: Նշենք, որ նախկինում տվյալ գործառույթը վերապահված էր քրեակատարողական հիմնարկների վարչակազմին:

Սեյրանը, որն իր պատժի 1 տարի 10 ամիսը կրել է, արդեն երկու անգամ ներկայացված է եղել հանձնաժողովին եւ մերժվել է:

«Հանձնաժողովը չի կարող մեզ ավելի լավ ճանաչել ու բախտի քմահաճույքով մեկին դրական պատասխան տալ, մյուսին` բացասական, հետո էլ մի տեսակ վիրավորական է, երբ ադմինիստրացիան քեզ համար երաշխավորում է, հետո այդ կարծիքը հաշվի չեն առնում»,- ասում է Սեյրանը, բայց հույսը չի կտրում, որ մի օր էլ բախտն իրեն կժպտա եւ դուրս կգա այստեղից:

«Ամենադժվարը հիվանդ հանցագործների հետ աշխատելն է»

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանն ասում է, որ այսօր իրենց ձեռքբերումներից է բարեփոխված համակարգը, բարեկարգված սենյակները, նրանք կարողացել են լուծել դեղորայքային խնդիրը, իսկ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Խնամքո՞վ են դատապարտյալները վարվում ՔԿՀ-ի գույքի նկատմամբ» հարցին պրն Աֆրիկյանը պատասխանում է` «իրենց տան նման» եւ ընդգծում, որ ամեն ինչ կախված է վերջիններիս դաստիարակությունից. եթե իրենց տան գույքի նկատմամբ խնամքով են, այստեղ էլ են խնամքով, չնայած, ըստ նրա, փորձը ցույց է տալիս, որ իրենց տանն այս մարդիկ «վայրենավարի են»:

ՔԿՀ պետի տեղակալ Արամ Խաչատրյանը նշում է, որ հսկայական փոփոխություններ են եղել 2004-ից մինչեւ հիմա, անգամ հիվանդ դատապարտյալներն են փոխվել: Նրա խոսքերով` այն տարիներին լինում էր, երբ ՁԻԱՀ-ով հիվանդ դատապարտյալն իր արյունը քաշում էր ներարկիչի մեջ եւ սպառնում աշխատակցին, անգամ հետեւից ընկնում:

«Հիմա էլ են միջադեպեր լինում, բայց բնույթն այլ է: Օրինակ` օգոստոսի վերջին փախուստի դեպք գրանցվեց, երբ 31-ամյա դատապարտյալը թոքախտով հիվանդների բաժանմունքի 4-րդ հարկից թռել էր պահակակետի աշտարակի վրա, որտեղ, ի դեպ, աշխատողը զենքով կանգնած է, այնտեղից էլ հարեւանությամբ գտնվող տպարանի բակ էր թռել ու փախել: Իհարկե, հաջորդ օրը բռնեցինք: Հետո պարզվեց, որ փախուստը հատուկ նպատակ չի ունեցել»,- պատմում է պրն Խաչատրյանը:

Նա նշում է, որ իրենց հիմնարկի առանձնահատկությունն այն է, որ գործ ունեն հիվանդ հանցագործների հետ:

«Հիվանդ մարդը, ինչքան էլ առողջ ժամանակ բարի եղած լինի, անկախ իրենից չարանում է ու իրեն թվում է` իր խնդիրներով բոլորը պիտի զբաղվեն, օրենք խախտեն իր համար»,- ասում է Արամ Խաչատրյանը եւ ավելացնում, որ այս մարդկանց հետ որպես հոգեբան աշխատում է ողջ 200 հոգանոց անձնակազմը, հատկապես մեծ է հոգեբանի, իրավաբանի ու սոցիալական ծառայողի աշխատանքի դերը:

Դատապարտյալների հիվանդանոցի գլխավոր մասնագետ սոցիալական աշխատող Հայկ Թովմասյանն ասում է, որ աշխատում է աջակցել դատապարտյալներին հաշմանդամության կարգ ստանալու, թոշակավորման, աշխատանք ստանալու եւ այլ հարցերում: Նա նշում է, որ դատապարտյալների 30-40 %-ը ցանկություն է հայտնում աշխատելու, բայց աշխատատեղերն են քիչ:

«Տեսակցության հիմնականում գալիս են այս մարդկանց կանայք, մայրերը, քույրերը: Երբեմն էլ միայն արական սեռի ներկայացուցիչ բարեկամներն են գալիս, քանի որ դատապարտյալները չեն ուզում իրենց կանայք այստեղ մուտք գործեն»,- ասում է Հայկ Թովմասյանը եւ ավելացնում, որ դատապարտյալներ էլ կան, ում ընդհանրապես ոչ ոք չի այցելում, որովհետեւ նրանք «այստեղ են ապրում», դուրս են գալիս բանտից, նորից հանցագործություն են անում ու վերադառնում` իրենց բնույթով «ավտարիտետներ» լինելով:

Գլխավոր մասնագետ իրավաբան Նարինե Միկոյանն ասում է, որ հիվանդանոց եկող դատապարտյալներն իրենց իրավունքներին լավ իրազեկ են դեռ մեկուսարանից, եւ բոլորն էլ ուզում են մեղմացնել իրենց վճիռը, Եվրոպական դատարան դիմել: Ըստ նրա` հատկանշական է, որ նրանք հաճախ են շահարկում իրենց` ինչ-որ հարցում իրավունք ունենալու փաստը:

«Այս տարի ամուսնության 2 դեպք ենք ունեցել, մեկ ամուսնալուծություն է գրանցվել»,- մեկ այլ սոցիալական ցուցիչի մասին է խոսում Նարինեն:

«Դատապարտյալների հիվանդանոցում» հանձնաժողովից մերժվածներին հաճախ դժվար է լինում հանգստացնել:

«ՁԻԱՀ-ով հիվանդ դատապարտյալ ունենք, ով անկախ հանձնաժողովի կողմից մերժվել էր եւ շուրթերը կարել էր, հացադուլ հայտարարել: Դե պատկերացրեք, արյունը գնում է, եւ ես նստած հետը զրուցում եմ` լավ հասկանալով, որ, ճիշտ է, շփում չկա, բայց արյունը կարող է թռնել աչքիս մեջ: Նամանավանդ սկզբնական շրջանում ավելի բարդ էր հանգստացնել նրանց»,- պատմում է պրն Խաչատրյանը:

Նա խնդիրը 2 տեսանկյունից է մեկնաբանում. «Մի կողմից` պետական անվտանգության հարց է, եւ ռիսկայնությունը մեծ է, որ 8 անգամ դատապարտված, 2 անգամ վաղաժամկետ ազատված մարդը կարող է ուղղված լինել: Փորձը ցույց է տալիս, որ նրանք 4-5 ամիս հետո վերադառնում են: Մյուս կողմից` իրոք մարդիկ կան, որ զգում ես` փոխվել են, վստահելի են»:

Նշենք, որ 2007-ից մինչեւ այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կողմից քննարկվել է 82 դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը, սակայն անկախ հանձնաժողովին ներկայացվել է 75 հոգի: Հանձնաժողովը 20 դատապարտյալի ազատմանը հավանություն է տվել, եւ դատարանը 20-ին էլ ազատել է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter