HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի հանքարդյունաբերության հսկան

«Հետքի» հարցերին պատասխանում է «Դենո գոլդ մայնինգ» ընկերության («Deno Gold Mining Company») տնօրեն Ջոն Սելլարը

- 2005թ.-ից մինչեւ այսօր ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Deno Gold Mining ընկերությունում քանի՞  ստուգում է իրականացվել:

- Տարեկան մեկ անգամ մեր ընկերությունում իրականացվում է բոլոր ոլորտների ստուգում` ներառյալ երկրաբանական պաշարների հաշվարկը, բացի այդ` տարածքային բնապահպանական տեսչության կողմից իրականացվում են ամենամսյա ստուգումներ, որոնք ընդգրկում են նաեւ պոչամբարից ջրի նմուշառումը: 

- Յուրաքանչյուր ստուգման արդյունքում ի՞նչ խախտումներ են արձանագրվել: Այդ խախտումներից յուրաքանչյուրի դեպքում որքա՞ն գումարի տուգանք է նշանակվել:

- Անհրաժեշտ է նշել, որ «Deno Gold Mining Company«-ն («ԴԳՄՔ»-ն) այս հանքերի կառավարումն իրականացնում է 2006 թ. սեպտեմբերից: Քանի որ Ձեր հարցը վերաբերում է նաեւ 2005-ին, նշենք, որ 2005-ից մինչեւ օրս պաշտոնական այցելությունների ընթացքում արձանագրվել է մեկ անհամապատասխանություն սահմանված չափորոշիչներին: Դա տեղի է ունեցել 2005 թ. դեկտեմբերին, իսկ տուգանքի չափը կազմել է 10,300,000 դրամ: 2007 թ. հունիսին գրանցվել է մեկ պատահար, որի համար բնապահպանության տեսչությունը նշանակել է տուգանք 2,100,000 դրամի չափով: 

- ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հայտնաբերված խախտումներից քանի՞սն է ձեր կողմից վիճարկվել ՀՀ դատական ատյաններում, եւ դատական որոշումներից քանի՞սն են ընդունվել հօգուտ ձեր ընկերության:

- «ԴԳՄՔ»-ն երբեւէ դատարանում չի վիճարկել ՀՀ բնապահպանության նախարարության հետ կապված հարցեր: 

- Ձեր գործունեության ընթացքում ի՞նչ էկոլոգիական ծրագրեր եք իրականացրել:   

- «ԴԳՄՔ»-ն ձգտում է հետեւել բնապահպանական ոլորտում միջազգային լավագույն փորձին եւ նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնք արդյունավետ են բնապահպանության տեսանկյունից: 
Հիմնական ծրագրերն են.

  • Ջրային ռեսուրսները կառավարվում են տեղում:
  • 2006 թ.  800 պտղատու ծառ է տրվել Խալաջ համայնքին:
  • «ԴԳՄՔ»-ն սարքավորումներ եւ աշխատուժ է տրամադրում մարզպետարանի եւ քաղաքապետարանի կողմից իրականացվող մի  շարք աշխատանքների համար, այդ թվում՝ թափոնների եւ հեղեղատարների մաքրման աշխատանքները:
  • Շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման նպատակով իրականացվում են հիմնագծային ուսումնասիրություններ: Դրանք ուղղված են շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցության գնահատմանը, օրինակ` փոշու արտանետումների եւ ջրի արտահոսքերի:
  • Սկսվել է բնապահպանական կառավարման օրինակելի համակարգի ներմուծումը:
  • Մշակվել է ավանդական հանքարդյունահանման վայրերի վերականգնման եւ բնապահպանական բարեփոխումների երկարատեւ ծրագիր:
  • Բարելավվել է թափոնների կառավարումը:
  • Կրճատվել է բնական ռեսուրսների օգտագործումն անգամ ամենապարզ ոլորտներում, օրինակ` բոլոր տաքացուցիչները փոխարինվել են էներգիան ավելի արդյունավետ օգտագործող տաքացուցիչներով:

- Էկոլոգիական ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել առաջիկա երկու տարում:

- Ներկայումս մեր ընկերությունում նորացվում են գրեթե բոլոր  արտադրական  միջոցները, ինչն ինքնըստինքյան նվազեցնում է էկոլոգիական ռիսկերը: Արդիականացվել են հարստացուցիչ ֆաբրիկայում օգտագործվող տեխնոլոգիաները: Այս եւ մի շարք այլ միջոցառումների դրական ազդեցությունը բնության պահպանության  վրա ակնհայտ է եւ ներառում է արտադրական ջրի առավել արդյունավետ կառավարումը, փոշու առավել որակյալ ֆիլտրացումը: Նորացված մեքենաների եւ սարքավորումների օգտագործումը կրճատում է մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի  քանակը: 

Արծվանիկի պոչամբարը, որը չի պատկանում «ԴԳՄՔ»-ին, եւ որի չնչին տոկոսն է օգտագործվում մեր կողմից, կառուցված է դեռ սովետական նախագծով: Հիշատակված պոչամբարի կառուցման ընթացքում, մասնագետների կարծիքով, եղել են մի շարք բնապահպանական բացթողումներ: Նոր պոչամբարը, որը տեղակայված է հին սովետական նախագծով կառուցված պոչամբարի վրա, բնապահպանական տեսանկյունից ավելի ճիշտ է նախագծված: Պոչամբարում կուտակվող ջուրը հետադարձ խողովակով հոսելու է հարստացուցիչ ֆաբրիկա եւ կրկին օգտագործվելու է` կրճատելով արտադրական ջրի արտահոսքի քանակը: 

Բնապահպանական ծրագրերին օժանդակելու համար «Դինո Գոլդը» դրանց է հատկացրել համայնքային եւ կայուն զարգացման իր բյուջեի մի մասը: Նշված գումարները կուղղվեն շրջակա միջավայրի եւ տեղական բնակչության վիճակի բարելավման ծրագրերի իրականացմանը: 

Բնապահպանական ծրագրերն իրականացնելիս մենք ոչ միայն ներդնում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ, այլեւ ձգտում ենք մասնակցել համակարգային լուծումներին: Որպես օրինակ` կարող ենք ներկայացնել մեր համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:  ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացվող շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ծրագիրը ավարտին հասցնելուց հետո նախատեսվում է սկսել բնապահպանական մոնիտորինգի բազմակողմանի եւ շարունակական ծրագիր: 

Երկարաժամկետ նպատակներից են` ջրային ռեսուրսների եւ թափոնների կառավարումը լավագույն փորձին համապատասխան իրականացնելը, բարելավված վերականգնողական ծրագրերի ներմուծումը եւ այլն: Մենք նախատեսում ենք նաեւ միավորել ուժերը հայկական եւ միջազգային պատասխանատու հասարակական կազմակերպությունների հետ` աջակցելու համար շրջակա միջավայրի բարելավման համայնքահեն ծրագրերին: 

- Ձեր կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարը եղել է վթարային վիճակում, եւ 2005 թ. բնապահպանության նախարարությունը հանձնարարական է տվել վերակառուցել այն: Ի՞նչ վիճակում է այն այսօր:

- Ինչպես նշվել է, Արծվանիկի պոչամբարը չի պատկանում «ԴԳՄՔ»-ին, եւ դրա չնչին   տոկոսն է օգտագործվում մեր կողմից: Մեր կողմից Արծվանիկի պոչամբարը երբեւէ վթարային վիճակում չի շահագործվել: Նախագծային ինստիտուտի աշխատակիցների ստուգայցից հետո եղել են որոշ հանձնարարականներ, որոնք բոլորը կատարվել են: Պոչամբարը հաջողությամբ շահագործվում է եւ մի քանի ամիս է մնացել մեր կողմից դրա շահագործման ավարտին:

- Պոչամբարից ջուրը որտե՞ղ է թափվում եւ բնապահպանական առումով ինչքանո՞վ է անվտանգ:  

- Ջուրը հավաքվում է պոչամբարի մակերեւույթից եւ խողովակներով մղվում է Ողջի գետ: Ջրի որակը պարբերաբար վերահսկվում է ընկերության կողմից, բացի այդ` բնապահպանության նախարարությունն անց է կացնում անկախ ստուգում: Ջուրն, ընդհանուր առմամբ, չի գերազանցում Արծվանիկի պոչամբարի ջրի արտահոսքի թույլատրելի սահմանային կոնցենտրացիան` սահմանված ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Ինչպես նշել էինք, իրականացվում է ծրագիր, որի արդյունքում պոչամբարում կուտակվող ջուրը հետադարձ խողովակով հոսելու է հարստացուցիչ ֆաբրիկա եւ կրկին օգտագործվելու է` կրճատելով արտադրական ջրի արտահոսքի քանակը: 

- Գեղանուշում նախատեսել էիք կառուցել նոր պոչամբար: Աշխատանքներն ավարտվե՞լ են:  

- Աշխատանքները մոտենում են ավարտին: Փորձարկումը նախատեսվում է կատարել նոյեմբերին:  Սկսած 2006 թ. տարեվերջից` միջազգային մասնագետներ են ներգրավվել նախագծին՝ բարեփոխումներին աջակցելու համար: Վերջին մի քանի ամիսների ընթացքում կառուցման աշխատանքների մեծ մասն ուղղված է հուսալիության բարձրացմանը եւ դրական փոփոխություններին, որոնցով նոր պոչաբարը կհամապատասխանեցվի միջազգային ընդունված նորմերին:

- Որքա՞ն է լինելու նոր պոչամբարի տարողունակությունը, եւ ինչքա՞ն ժամանակ կարող է այն գործել:

- Դա կախված է հանքի արտադրողականության մակարդակից: Նոր պոչամբարի տարողունակությունը 11.33 միլիոն խորանարդ մետր է: Սակայն մենք կարծում ենք, որ ավելի բարենպաստ ու երկարատեւ լուծում գտնելու դեպքում կդադարեցնենք այս պոչամբարի շահագործումը:

- Ձեր գործունեության ընթացքում ինչպիսի՞ քիմիական նյութեր եք օգտագործում, եւ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել վտանգավորությունը չեզոքացնելու համար:

 - Մենք օգտագործում ենք համաշխարհային պրակտիկայում կիրառվող նյութերը: Մեր կառուցվածքում գործում են քիմ-լաբորատորիաներ, որոնք ղեկավարվում են ՀՀ-ում գործող օրենքներին համապատասխան: Ռեագենտները, որ օգտագործվում են հանքաքարի վերամշակման ընթացքում, խառնվում են եւ օգտագործվում տեղում: Մենք սկսել ենք ներդնել եվրոպական ստանդարտներ` քիմիական նյութերի տեղափոխման եւ կառավարման կազմակերպման համար: Մենք գիտակցում ենք  վտանգի առկայությունը եւ վերահսկում այն: 

- Հանքամնացուկները, արտադրական թափոնները որտե՞ղ եք լցնում (պահեստավորում) եւ ի՞նչ ծավալներով:

 
- Հանքից դուրս եկող հանքաքարը պահեստավորվում է ջարդման արտադրամասի հարեւանությամբ` արտադրական տարածքում: Տարածքի տարողունակությունը մոտ 20.000 տ է: Արտադրական թափոնները պահեստավորվում են հանքի տարածքում, ինչպես նաեւ` Կապանի քաղաքապետարանի կողմից հատկացված 2 հա տարածքում, որը նախատեսված է արտադրական թափոնների ամբարման համար: 

- Ձեր կողմից շահագործվող հանքավայրում որքա՞ն է ոսկու եւ պղնձի պարունակությունը:   

- «ԴԳՄՔ»-ն շահագործում է երկու հանքավայր` պղնձի Կենտրոնական եւ Շահումյանի բազմամետաղ հանքավայրը: Կենտրոնական հանքում պղնձի պարունակությունը տատանվում է 0.9-4%, իսկ Շահումյանի հանքում պղնձի պարունակությունը 0.2-5% է, ոսկին` 1-8 գ/տ: 

Հարկ ենք համարում նշել, որ հանքարդյունահանման գործունեության մեջ մեր արտադրանքը հաճախ չի հասնում տեսականորեն հավանական ցուցանիշներին` չնայած մեր կողմից գործադրված ջանքերին:  Ներկայումս մենք աշխատում ենք միջազգային պրակտիկայում ընդունված հանքարդյունահանման համակարգերի ներմուծման ուղղությամբ, որոնք թույլ կտան լուծել վերը նշված խնդիրները: 

- Ոսկու կորզումն ի՞նչ եղանակով է կատարվում:  

- Փոքր քանակություններով ոսկին պարզ ֆլոտացիայի եղանակով կուտակվում է խտանյութում բազմամետաղ այլ խտանյութերի հետ մեկտեղ: Այնուհետեւ ոսկին, որպես ֆլոտացիայի խտանյութ, ուղարկվում է ձուլարաններ եւ ոսկու կորզման արտադրամաս:

- Ընկերությունում անվտանգության հարցն ի՞նչ մակարդակի վրա է: Քանի՞ դժբախտ դեպք է արձանագրվել վերջին երկու տարիների ընթացքում:

- Անվտանգության կառավարումն ընկերությունում առաջընթաց է ապրում` մենք ներգրավել ենք միջազգային լուրջ փորձագետներ: Հսկայական փոփոխություններ են նկատվում անվտանգության ոլորտում` երկու տարի առաջվա համեմատությամբ: Չնայած մեր ընկերությունը  բավարարում է ՀՀ անվտանգության պահանջները, մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ կան` համոզվելու, որ հանքը համապատասխանում է լավագույն միջազգային չափանիշներին: Վերջին երկու տարում գրանցված պատահարների թիվը հետեւյալն է` 2006 թ. 6 թեթեւ պատահար, ինչպես նաեւ` 2 մահացու դեպք, որ տեղի են ունեցել մեր ընկերության կողմից հանքի կառավարումը ստանձնելուց առաջ: Իսկ 2007 թ.` 2 թեթեւ պատահար:  
    
- Այս տարվա օգոստոսի  9-ին ընկերության արտադրամասում հրդեհ է բռնկվել: Ո՞րն է եղել պատճառը, եւ ի՞նչ վնաս է հասցրել կրակը:

- Հրդեհ` որպես այդպիսին, չի եղել: Ռեագենտների նախապատրաստական աշխատանքներից հետո որոշ քանակությամբ ռեագենտ պատահաբար հայտնվել էր արեւի ճառագայթների տակ եւ ջերմության ազդեցությունից ենթարկվել ռեակցիայի: Առաջացել է ծուխ, որը մարվել է: Միջադեպը լուծվել է 5 րոպեի ընթացքում:
 
- Քանի՞ աշխատող ունեք, եւ քանի՞սն են հանքափոր:

- Մեր ընկերությունում աշխատում է 1428 մարդ, որոնցից մոտ 600-ը հանքափորներ են: 

- Որքա՞ն է կազմում հանքափորի միջին աշխատավարձը:

- Հանքում աշխատողների ամսական միջին աշխատավարձը կազմում է մոտ 150.000 դրամ: Իսկ բուն հանքում աշխատողների ամսական միջին աշխատավարձը կազմում է մոտ  250.000 դրամ:   

- Կապանում համայնքային օժանդակության, բարեգործական ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:

- Համայնքային օժանդակության ծրագրերն իրականացվում են ոչ միայն Կապանում, այլ նաեւ այլ գյուղական համայնքներում:

Ստորեւ ներկայացնում ենք մինչեւ օրս իրականացված հիմնական նախագծերի ցանկը. 

 

Վճարման ամսաթիվը

Ստացող

Գումարը դրամով

Մեկնաբանություններ

Սեպ-հոկ 2006

Տեղական հիվանդանոց

6,300,000

Սարքավորում

Հոկտ. 2006

Ֆուտբոլային մրցաշար

200,000

Տեղական ֆուտբոլային մրցաշար` նվիրված կապանցի հայտնի ֆուտբոլիստին, որը մահացավ երիտասարդ հասակում: ԴԳՄՔ-ի թիմը նույնպես առաջին անգամ մասնակցեց այս մրցաշարին:

Նոյեմ. 2006

Տեղական համալսարան

98,000

Ուսման վարձավճարի տրամադրում ուսանողի համար, որն ի վիճակի չէր շարունակել ուսումը ֆինանսական դժվարությունների պատճառով (հայրը զոհված ազատամարտիկ է):

Նոյեմ. 2006

«Սյունյաց Արծիվներ» երիտասարդական կազմակերպություն

800,000

Ֆոնդի 50%-ը հատկացվել է կազմակերպության խիստ կարիքավոր անդամ- ուսանողների ուսման վարձավճարի համար: Մյուս մասը հատկացվել է կազմակերպության 4-ամյա տարեդարձի կազմակերպմանը:

Դեկտ. 2006

Տեղացի ատլետների թիմ

200,000

Մասնակի օժանդակություն հանրապետական մրցույթի մասնակիցներին:

Դեկտ. 2006

Զորամաս

400,000

Այցելություն շրջանի փոքր զորամասերից մեկը (20 զինվոր): Կատարվել է արբանյակային անտեննայի եւ այլ փոքր իրերի նվիրատվություն: Արբանյակային անտեննայի խիստ անհրաժեշտություն կար ազգային հեռուստաալիքները դիտելու համար:

Դեկտ. 2006

Գեղանուշ համայնք

2,200,000

Գյուղապետարանի տանիքի վերանորոգում: Սա այն համայնքն է, որտեղ կառուցվում է նոր պոչամբարը:

Դեկտ. 2006

Տեղական համալսարան

100,000

Ուսման վարձավճարի տրամադրում ուսանողի համար, որն ի վիճակի չէր շարունակել ուսումը ֆինանսական դժվարությունների պատճառով (հայրը զոհված ազատամարտիկ է):

Դեկտ. 2006

"Հույս ու հավատ" հ/կ

165,600

Այցելությունը կազմակերպություն նվիրված էր հաշմանդամների միջազգային օրվան (կազմակերպությունը նրանց համար դարձել է կենտրոն):

Դեկ 2006- փետր 2007

Խալաջ համայնք

7,211,000

Գյուղական համայնքիճանապարհի կառուցում (բնապահպանական բյուջեից)

Դեկ 2006- փետր 2007

Թոշակառուներ

1,520,000

Ֆինանսական օգնություն նախկին լեռնահարստացման կոմբինատի աշխատողներին, ովքեր ստացել են աշխատանքային խեղումներ եւ վնասվածքներ:

Դեկ 2006- հունվ 2007

Թունել

1,500,000

Կապանի թունելի լուսավորում

Դեկտ. 2006

Պատերազմի զոհեր

800,000

Նոր տարվա կապակցությամբ նվերների հանձնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Դեկտ. 2006

Ծխելու դեմ քարոզարշավ

420,000

Ծխելու դեմ գովազդային հոլովակների թողարկում հեռուստացույցով

Հունվար 2007

Քիք Բոքսինգի ակումբ

1,000,000

Միջազգային մրցույթի մասնակցության համար մասնակի օժանդակություն

Հունվար 2007

Զորամաս

240,000

Հայոց ազգային բանակի հիմնադրման 15-ամյա տարեդարձի հետ կապված 16 սպաների պարգեւատրում:

Հունվար 2007

Տեղական համալսարան

80,000

Ուսման վարձավճարի տրամադրում ուսանողի համար, որն ի վիճակի չէր շարունակել ուսումը ֆինանսական դժվարությունների պատճառով (հայրը զոհված ազատամարտիկ է):

Փետր-մարտ 2007

Կապանի բնակիչներ

250,000

Կապանի երեք բնակիչներ ստացել են ֆինանսական օգնություն իրենց դիմումների հիման վրա:

Մարտ 2007

"Յուկա" հ/կ

1,295,000

Կազմակերպությունը ֆոնդից գումար է հատկացրել հաշմանդամների եւ որբ երեխաների համար` կազմակերպելու փոքր համերգ:

Ապրիլ 2007

ԵԿԻՆ (երթեւեկության կանոների իրազեկման նախագիծ)

1,600,000

Թեւկապերի եւ անվտանգության բաճկոնների պատվիրում, որոնք պետք է բաշխվեն Կապանի բոլոր դպրոցականներին (ներառյալ հատուկ դպրոցի աշակերտները): Դրանք պատվիրվել էին կույրերի տեղական միությունում: Թեւկապերը եւ բաճկոնները կհանձնվեն աշակերտներին ընկերության տարբեր բաժինների կողմից: Հավանաբար կլինեն նաեւ երթեւեկության կանոների իրազեկմանը վերաբերող դասընթացներ, որոնք անց կկացվեն տեղական ոստիկանության օժանդակությամբ:

Ապրիլ 2007

Խալաջ համայնք

5,000,000

Գազաֆիկացման ծախսերի մասնակի մարում:

Ապրիլ 2007

«Կապանի ուսուցիչներ» հ/կ

110,000

Ներկայացում` նվիրված երկրաշարժի օրվան

Ապրիլ 2007

Քիք Բոքսինգի ակումբ

950,000

Օժանդակություն հանրապետական մրցույթի մասնակցության համար

Ապրիլ 2007

ԵԱՀԿ

7,300,000

Գյուղական աղքատության վերացման ծրագիր (կառավարական ծրագիր)

Մայիս 2007

Քիք Բոքսինգի ակումբ

2,660,000

Օժանդակություն միջազգային մրցույթի մասնակցության համար

Մայիս 2007

Թոշակառուներ

2,000,000

Ֆինանսական օգնություն նախկին լեռնահարստացման կոմբինատի աշխատողներին, ովքեր ստացել են աշխատանքային խեղումներ եւ վնասվածքներ:

Հուլիս 2007

Ծխելու դեմ քարոզարշավ

800,000

Ծխելու դեմ գովազդային հոլովակների թողարկում հեռուստացույցով

Հուլիս 2007

Սյունիքի շախմատի ակումբ

200,000

Օժանդակություն հանրապետական մրցույթին մասնակցության համար

Հուլիս 2007

Գեղանուշ համայնք

500,000

Սպասքեղեն կենցաղի տան համար

Հուլիս 2007

Քիք Բոքսինգի ակումբ

2,720,000

Ռինգի կապիտալ վերանորոգում

Օգոստոս 2007

Քիք Բոքսինգի ակումբ

3,536,001

Հովանավորում աշխարհի գավաթին մասնակցելու համար

Սեպ. 2007

Կապանի քաղաքապետարան

500,000

Հովանավորում քաղաքի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար

Հոկտ. 2007

Քիգ Բոքսինգի ակումբ

1,000,000

Հովանավորում Եվրոպայի գավաթին մասնակցության համար

Հոկտ. 2006

Ֆուտբոլային մրցարշավ

200,000

Տեղական ֆուտբոլային մրցաշար` նվիրված կապանցի հայտնի ֆուտբոլիստին, որը մահացավ երիտասարդ հասակում: ԴԳՄՔ-ի թիմը նույնպես երկրորդ անգամ մասնակցեց այս մրցաշարին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter