
«Ուզում եմ իմ մասը ներդնել ազատագրված հողերում»
«Ինձ ոչ մի խոստում չի հետաքրքրում, ես իմ կամքով եմ գնում: Գիտեմ, որ այնտեղ դժվար պայմաններ են»,- ասում է սիրիահայ Շահեն Բալեոզյանը, ով նոյեմբերի 1-ի առավոտյան երեք բժիշկների հետ մեկնեց Քաշաթաղ:
Վիրաբույժ Շահենը հեռուստատեսությամբ լսել է, որ Քաշաթաղում բժիշկների կարիք կա եւ, արձագանքելով կոչին, որոշել է մեկնել Բերձորի հիվանդանոցում աշխատելու: Դրանից մեկ օր առաջ Երեւանում Բերձորի հիվանդանոցի տնօրեն Արցախ Բունիաթյանը հանդիպել էր հեռուստատեսությամբ տրվող հայտարարությանն արձագանքած 14 բժիշկների: Հանդիպման ժամանակ նրանք բոլորն էլ խոստացել էին հաջորդ առավոտյան գալ Ղարաբաղի ներկայացուցչության մոտ՝ միկրոավտոբուսով մեկնելու Բերձոր: Բժիշկները տեղում պետք է ծանոթանան աշխատանքային եւ կենցաղային պայմաններին եւ կայացնեն վերջնական որոշում: Առավոտյան պայմանավորված վայրում էր միայն չորս բժիշկ: Նրանցից մեկն էլ հենց հալեպցի Շահեն Բալեոզյանն է:
«Ես 1970 թվականից սովորել եմ Երեւանի բժշկական համալսարանում վիրաբույժի մասնագիտությամբ, հետո աշխատել եմ Հալեպում: Հիմա որ հեռուստացույցով լսեցի, որ այնտեղ բժշկի կարիք կա, ուզեցի գալ մասնակցել, իմ մասը ներդնել այնտեղ ժողովուրդին համար, մեր ազատագրած հողերում»,- ասում է վիրաբույժը:
Մոտ 27 տարի նա վիրաբուժությամբ է զբաղվել. 7 տարի աշխատել է Սիրիայի բանակում, այնուհետեւ՝ սեփական կլինիկայում եւ Սիրիայի տարբեր հիվանդանոցներում:
«Հիմա գործս ուզում եմ թեթեւացնել եւ ներդրումս դնել իմ հայրենիքին: Կին եւ երկու երեխաներ ունեմ: Երեխաներիցս մեկը բժիշկ է, մյուսը Երեւանում իրավաբանականում է սովորում: Կինս եւ երեխաս Հալեպում են: Տեսնենք պայմաններն ինչպես կլինեն, հնարավոր է ընտանիքով գնանք Քաշաթաղ»,-ասում է Շ. Բալեոզյանը:
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում վերջին ամիսներին կարծես թե սկսել է իրավիճակը փոխվել: Ղարաբաղի իշխանությունները սկսել են կարեւորել Քաշաթաղի նշանակությունը եւ որոշակի քայլեր են նախաձեռնել իրավիճակը շտկելու համար: Մեկ տարի առաջ վիճակն աղետալի էր, եւ դրան «Հետքը» բազմիցս անդրադարձել է:
«Հավանականությունը շատ մեծ է, որ մնամ, որովհետեւ ես քաղաքից դուրս շատ տեղեր եմ աշխատել եւ երկար ժամանակով: 34 տարի աշխատել եմ երրրոդ կլինիկական հիվանդանոցում: Այնպես որ, ես գնում եմ մնալու նպատակով: Թերապեւտ-կարդիոլոգ եմ: Տարիքի բերումով չեմ աշխատում, բայց ես պատրաստ եմ աշխատելու»,- ասում է Արուսյակ Մարտիրոսյանը:
«Այնտեղ շատ դժվար է, պատկերացնու՞մ եք՝ ուր եք գնում»,- հարցնում եմ:
«Ես եթե երեք ամսական երեխաս ձեռքիս գնացել եմ Ղրղզստան ու էնտեղի դժվարություններից չեմ վախեցել, Ղարաբաղում չեմ վախենա: Ես բոլոր դժվարությունները հաղթահարել եմ դեռ երիտասարդ տարիներից, վախ չունեմ»,- պատասխանում է Ա. Մարտիրոսյանը:
Բժիշկներին Քաշաթաղի վարչակազմը խոստացել է ապահովել բնակարանով: Լիլիթ Գինոսյանը որոշել է Քաշաթաղ մեկնել երկու դուստրերի հետ, նա իր հետ Բերձոր էր տանում հինգ տարեկան Նանեին, որպեսզի վերջինս էլ ծանոթանա տեղի պայմաններին:
«Երեխային էլ եմ հետս տանում, մեծ աղջիկս տասներորդ դասարանում է սովորում, եւ գնում ենք մնալու նպատակով, գնանք տեսնենք ինչպես է, մեծս դպրոցում է սովորում, պետք է տեղափոխեն, էդ հարցերն էլ պետք է լուծեմ: Գնում ենք ապրելու, աշխատելու նպատակով: Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց ցանկացած տեղ դժվարություն կա, դժվարությունը նրա համար է, որ մարդիկ հաղթահարեն: Նորակառույց տեղ է, պիտի ծաղկի ու բարգավաճի, մենք պիտի դա անենք նաեւ: Ես էլ սիրում եմ ամեն ինչ ծաղկի ու բարգավաճել տամ»,- ասում է բժիշկ-թերապեւտ Լիլիթ Գինոսյանը:
Մեկնաբանել