Հայտնի են Businessgame-ի հաղթողները
Ապրիլի 14-ին ամփոփվեցին Հայաստանում առաջին անգամ անցկացվող Businessgame-ի արդյունքները։ Այն համատեղ կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Մերքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ» ՀԿ-ն։ Խաղի մասնակիցները ներկայացնում էին Հայաստանի ձկնաբուծության ոլորտի զարգացման ուղիները, կառավարում իրենց վիրտուալ ընկերությունը մրցակցային շուկայում, կայացնում իրատեսական որոշումներ ու հասնում հաջողությունների։
Businessgame-ը սիմուլյացիոն խաղ է, որն ամբողջ աշխարհում օգտագործվում է որպես կրթական գործիք։ Բիզնես խաղերը՝ որպես դասավանդման մեթոդ, կիրառվում են ոչ միայն համալսարաններում, այլև բիզնեսի, մարքեթինգի ոլորտներում կադրերի վերապատրաստման ժամանակ։
Նորարարական-ինտերակտիվ երիտասարդական այս խաղին մասնակցության հայտ էր ներկայացրել տարբեր բուհերի մարքեթինգի, կառավարման, PR-ի բաժինների և հարակից մասնագիտություններ ուսումնասիրող շուրջ 55 ուսանող։ Եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվելու համար ուժերը չափեցին 10-ը։
Բիզնես խաղը մասնակիցները ներկայացրին նաև համապատասխան մասնագետներին։ Վերջիններս կարևորեցին նման նախաձեռնությունները՝ նշելով, որ նպատակահարմար է այն անցկացնել ոչ միայն ուսանողների, այլև արդեն կայացած գործարարների, մարքեթինգի ոլորտի աշխատակիցների միջև։ Առաջարկ եղավ նաև խաղը ներկայացնել էլեկտրոնային կայքի տարբերակով։
Հայաստանում առաջին Businessgame-ի հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Սերգեյ Բուլղադարյանը, ով ստացավ 100 հազար դրամ մրցանակ։ Երկրորդ տեղում Գևորգ Բաղդասարյանն էր՝ Ֆրանսիական համալսարանից (50 հազար դրամ), իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Մանե Բաղդասարյանը (25 հազար դրամ)։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել