Քարոզարշավ՝ «Ստուգում եմ բացակաների քվեարկությունը»
Հայաստանում շատերը կասկածում են ընտրությունների ազնվությանն ու լեգիտիմությանը, քանի որ չեն վստահում ընտրողների ցուցակների ճշգրտությանը` համարելով դրանք քվեարկության արդյունքները կեղծելու հիմնական գործիք:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նախաձեռնում է քարոզարշավ՝ «Ստուգում եմ բացակաների քվեարկությունը» կարգախոսով, որի նպատակն է վերականգնել Հայաստանի քաղաքացիների վստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Քարոզարշավի շրջանակում կազմակերպվում է ստորագրահավաք` ներկայացնելու ընտրություններին մասնակցող անձանց ստորագրած ցուցակների հրապարակման հանրային պահանջ: Հաշվի առնելով դրան առնչվող օրենսդրական սահմանափակումները, պահանջը մասնավորապես ուղղվում է ՀՀ ազգային ժողովին` կատարելու փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում՝ ապահովելու ստորագրված ցուցակների հրապարակայնությունը: Այս փոփոխությունները պետք է ունենան հետադարձ ուժ և ապահովեն 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները:
Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն առաջին և կարևորագույն քայլն է, որ ՀՀ իշխանությունները կարող են անել իրենց լեգիտիմությունն ապացուցելու և ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը վերականգնելու նպատակով: Անհրաժեշտ է, որ ստորագրված ընտրական ցուցակները և լրացուցիչ ցուցակները փակցվեն տեղամասերում և հրապարակվեն ինտերնետով` ներբեռնման և որոնման հնարավորությամբ՝ թույլ տալով քաղաքացիներին ճշգրտել փաստացի ընտրողների անուններն ու վերահսկել գործընթացի օրինականությունը՝ բացառելով բազմակի քվեարկության կամ բացակա անձանց փոխարեն քվեարկության դեպքերը:
«Ստուգում եմ բացակաների քվեարկությունը» քարոզարշավին կարող է մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի` տարածելով տեղեկություններ և հավաքելով ստորագրություններ կից ներկայացվող հիմնավորող նյութի և ստորագրահավաքի ձևաթղթի համաձայն:
ՊԱՀԱՆՋԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանում շատերը կասկածում են ընտրությունների ազնվությանն ու լեգիտիմությանը, քանի որ չեն վստահում ընտրողների ցուցակների ճշգրտությանը` համարելով դրանք քվեարկության արդյունքները կեղծելու հիմնական գործիք:
ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ ընտրողների ցուցակներում ընդգրկվում են Հայաuտանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները: Սա ներառում է նաև այն անձանց, ովքեր տարիներ առաջ մեկնել են Հայաստանից, սակայն դուրս չեն եկել հաշվառումից:
Ընտրացուցակների նկատմամբ թերահավատության պատճառ են հանդիսանում բազմաթիվ գործոններ.
- Չնայած Հայաստանում առկա բնակչության թիվը պակասում է, դրան զուգահեռ ավելանում է ընտրողների թիվը: Այսպես, Հայաստանում առկա բնակչության թիվը 2011թ. մարդահամարի տվյալներով կազմել է 2,871,771 մարդ, այսինքն՝ 194,157-ով պակաս քան 2001թ. մարդահամարով առկա բնակչությունն էր: Ընտրողների թիվը` համաձայն ՀՀ ոստիկանության 2013թ. տվյալների կազմել է 2,528,773 մարդ, այսինքն՝ 202,346-ով ավելի քան 2003թ. ընտրողների թիվը:
- 2013թ.-ին հրապարակած ընտրացուցակների համաձայն առկա է 10,773 հասցե, որոնցում հաշվառված է 10 և ավելի ընտրող: Դրանցից 52-ում հաշվառված է ավելի քան 50, իսկ 17-ում` ավելի քան 100 ընտրող: Բազմաթիվ են ընտրողները, որոնք գրանցված են տարօրինակ հասցեներում (եկեղեցու բակ, գազալցակայան, թունել և այլն): Օրինակ՝ Քանաքեռի շրջանի թունելում գրանցված է 289 ընտրող:
- Ընտրողների թվաքանակը առկա բնակչության համեմատ կասկածելիորեն մեծ է որոշ մարզերում: Երևանում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ընտրողների թիվը կազմում է առկա բնակչության 74-78%-ը: Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում այն գերազանցում է 80%-ը, Կոտայքի և Շիրակի մարզերում` 90%-ը, իսկ Լոռու մարզում այն կազմում է 100.99%:
- 2013թ. նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունըորոշ տեղատեղամասերում զգալիորեն բարձր էր երկրում գրանցված միջին ցուցանիշից: Այսպես, 597 տեղամասերում մասնակցությունը գերազանցել է ընտրողների 70%-ը, որոնցից 222-ում՝ 80%-ը, 49-ում` 90%-ը, իսկ 6-ում եղել է 100%-ից բարձր մասնակցություն: Քվեարկությանը ընտրողների մասնակցության աճին զուգահեռ արձանագրվել է Ս.Սարգսյանի օգտին ստացված քվեաթերթիկների էական աճ:
- Քվեարկության ընթացքում ընտրողների մասնակցության մասին երեք ժամը մեկ զեկուցվող պաշտոնական տվյալների համաձայն որոշ տեղամասերում արձանագրվել ենգործնականում անհավանականմասնակցության տեմպեր: Այսպես, 886 տեղամասերում (տեղամասերի մոտ 45%-ում) ընտրողների թիվն առնվազն 3 ժամ շարունակվել է անհավանական արագությամբ` յուրաքանչյուր մասնակցի տրամադրելով 60 վայրկյանից պակաս ժամանակ` իրականացնելու քվեարկության ողջ գործընթացը: Զուգահեռաբար, այդ տեղամասերից 309-ում գրանցվել է ավելի քան 70%, 98-ում` ավելի քան 80%, իսկ 19-ում` ավելի քան 90% մասնակցություն:
- Անկախ դիտորդների և լրագրողների կողմից բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ կողմնակի անձինք մուտք գործելով ընտրատեղամաս ստորագրել ու քվեարկել են ուրիշների փոխարեն: Այս խախտումները տեղ են գտել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անմիջական աջակցությամբ, որոնք միաժամանակ արգելել ենընտրացուցակների տվյալների ստուգումն ու համադրումը քաղաքացիների անձնագրային տվյալների հետ:
- ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրողների ստորագրած ցուցակները գաղտնի են: Հայաստանի քաղաքացիները հնարավորություն չունեն համոզվելու, որ երկրից տարիներ շարունակ բացակայող իրենց ծանոթներն ու բարեկամները չեն «հայտնվել և քվեարկել» ընտրությունների օրը: Ստորագրված ցուցակների հետ ծանոթանալու` վստահված անձանց, դիտորդներին և զանգվածային լրատվամիջոցներին ընձեռված սահմանափակ հնարավորությունները (միայն քվեարկության վերահաշվարկի դեպքում) թույլ չեն տալիս ապահովել արդյունավետ վերահսկողություն ևհավաստիանալ չարաշահումների բացառման մասին:
Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումնառաջին և կարևորագույն քայլն է, որ ՀՀ իշխանությունները պետք է անեն ապացուցելու իրենց լեգիտիմությունըև վերականգնելու ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը: Ցուցակների հրապարակումը հնարավոր է ապահովել՝ կատարելով փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքի մեջ:Ստորագրված ընտրական ցուցակները և լրացուցիչ ցուցակները պետք է փակցվեն տեղամասերում և հրապարակվեն ինտերնետով` ներբեռնման և որոնման հնարավորությամբ՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ճշգրտել փաստացի ընտրողների անուններն ու վերահսկել գործընթացի օրինականությունը՝ բացառելով բազմակի քվեարկության կամ բացակա անձանց փոխարեն քվեարկության դեպքերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել