Կոչ քրիստոնեական եկեղեցիներին՝ հիշատակելու Հայոց ցեղասպանությունը
2011թ. Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի և Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա համընկնման կապակցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղարներ` դոկտ. Օլավ Թվեյթն ու դոկտ. Վիորել Իոնիտան, իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ապրիլի 13-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով բոլոր անդամ Եկեղեցիներին` Զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Ստորև ներկայացվում է ուղերձն ամբողջությամբ:
Համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության հիշատակության օրվա վերաբերյալ
Զատիկը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրը, այս տարի ապրիլի 24-ին է, որը համընկել է Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա հետ: 1915թ. սկսած առաջին անգամն է, որ ապրիլի 24-ը Հայոց Եկեղեցու տոնացույցով համընկել է Զատկի կիրակիին: Հիրավի, սա իմաստալից համընկնում է, քանզի հենց հայ ազգի և ժողովրդի գոյությունը Հարության ուժի հատուկ խորհրդանիշ է մահվան աշխարհում: Երբ ամբողջ աշխարհի քրիստոնյաներն այս տարի միևնույն օրն են տոնախմբում Զատիկը, դա մեզ բոլորիս համար պատմական հնարավորություն պետք է լինի` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:
Քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին և Հայ ժողովուրդը վկայակոչում են Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը կոչ են անում բոլոր անդամ Եկեղեցիներին` իրենց աղոթքներում և 2011թ. Զատկական ուղերձներում հիշատակելու Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը բարձրացրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության հարցը: 1984 թ. ԵՀԽ-ն հրապարակել է «Հայաստան. շարունակվող ողբերգություն» անունը կրող փաստաթուղթը, որը նպաստեց հայ ժողովրդի պատմության և վերապրած ողբերգության ճանաչմանը: Միջազգային հարցերով Եկեղեցիների հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում` հենվելով վերջինիս «Ցեղասպանություն ոճրագործության կանխման և հատուցման հարցի վերանայված և թարմացված զեկույցի» վրա: Ինչպես նշվել է 2005թ. ԵՀԽ-ի Կենտրոնական կոմիտեի հանդիպման ընթացքում, ԵՀԽ-ն հավատացած է, որ «քրիստոնեական տեսանկյունից դեպի արդարություն և համերաշխություն տանող ճանապարհը պահանջում է այն հանցանքի ճանաչումը, որն իրագործվել է, որպես հիշողությունների դարմանման և ներման հնարավորության համար անհերքելի պայման: Ներել նշանակում է ոչ թե մոռանալ, այլ հետադարձ հայացք նետել` արդարությունը, մարդկային իրավունքների հանդեպ հարգանքը և ոճրագործների ու զոհերի միջև հարաբերությունները վերականգնելու նպատակով»:
2005թ. ապրիլի 15-ին Եվրոպական եկեղեցիների նախագահությունը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես եկան համատեղ հրապարակային հայտարարությամբ` հրավիրելով բոլոր անդամ Եկեղեցիներին «ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր դարձնելու և մտածելու Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի հիշատակմանը վերաբերող հետագա պատշաճ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»: ԵԵԿ-ի նախագահությունը հետագայում Թուրքիայի կառավարությանը կոչ արեց հայ և թուրք ազգերի միջև հաշտեցման գործընթաց սկսելու, որտեղ մեղքի գիտակցումն ու ճշմարտության հռչակումը անբաժանելի տարրեր պիտի լինեն»:
Այս տարի Զատկի Կիրակիի հանդեպ մեր մոտեցման ոգով` ի Հիսուս Քրիստոս մեր բոլոր հավատակից եղբայրներին և քույրերին կոչ ենք անում միանալ հայ ժողովրդին` հայերի և ցեղասպանության այլ զոհերի համար աղոթք բարձրացնելով:
Եկեք հիշենք, թե ինչ ասաց Քրիստոս. «Ես իսկ եմ հարություն և կյանք.
Ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհ. 11:25):
Մեկնաբանել