HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013

2012թ. դեկտեմբերի 5-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը Գյումրին հռչակեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Նմանատիպ պատվի են արժանացել եւս երկու քաղաք՝ Մոգիլյովն ու Գաբալան: «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013»  հռչակելու առթիվ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնաlկատար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ:

Միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը հանձնարարվել է Գյումրիի քաղաքապետարանին՝ Շիրակի մարզպետարանի մասնակցությամբ: Միջոցառումների ցանկը ամբողջացնելու պատիվը վերապահվել է Մշակույթի նախարարությանը: Միջոցառումների ցանկը դեռ վերջնական տեսքի բերված չէ, սակայն գյումրեցի արվեստագետների մի մասի մոտ դժգոհության ալիք է բարձրացրել:

Դժգոհություններից մեկն այն է, որ նկարչական արվեստը լայն հանրությանը ներկայացնելու առաքելությունը չգիտես ինչու վերապահվել է ոչ թե գյումրեցի նկարիչներին, այլ Լոռու նկարիչների միությանը: Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի փոխանցմամբ, նման որոշում կայացրել է Մշակույթի նախարարությունը:


«Քանդակի սիմպոզիումն էլ անցկացվելու է գյումրեցի քանդակագործների ուժերով,-շտապում է տեղեկացնել փոխքաղաքապետը,-ես լսել եմ, որ գյումրեցի նկարիչները դժգոհել են, բայց որոշումը մենք չենք ընդունել: Անցկացվող ծրագրերի ցանկը կազմվել է տեղում, առաջարկներ եղել են նաեւ նախարարությունից: Մոտ 60 ծրագիր կա հիմա մեր ձեռքի տակ, որը դեռ վերջնական չէ: Նույն այդ քանդակի սիմպոզիումի հետ կապված մենք 15 հատ մեծ քարակտորներ ենք բերելու, նյութը նախապես կհամաձայնեցվի քանդակագործների հետ: Բացօթյա, հրապարակային իրենք  աշխատելու են, հետո այդ քանդակները նվիրելու են քաղաքին»:

Ռուբեն Սանոյանի վստահեցմամբ, յուրաքանչյուր ծրագրի հետ կապված եղել է հայտարարություն, հրավերներ են ուղարկվել քաղաքում գործող արվեստագետներին եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Եղել են բազմաթիվ քննարկումներ նրանց մասնակցությամբ:

«Մենք կոչով դիմել ենք բոլորին, որ գան ու իրենց առաջարկներով մասնակցեն,-ասում է Ռուբեն Սանոյանը,- թափանցիկ ենք արել ամեն ինչ, եւ ես չեմ կարծում, որ եթե լոռեցի նկարիչները կամ քանդակագործները գան էստեղ ու մասնակցեն, դա պիտի ընկալվի արտառոց մի բան»:

Հունիսի 2-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում մեծ շուքով տեղի է ունենալու «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» միջոցառման բացման արարողությունը, փակումը կազմակերպվելու է «Սեւ ամրոց»-ի տարածքում՝ նոյեմբեր ամսին: Վեց ամիսների ընթացքում Գյումրին բազմաթիվ հյուրերի է ընդունելու ու ճանապարհելու. արդյո՞ք արժանապատվորեն, դա արդեն հարցի մյուս կողմն է: Ռուբեն Սանոյանը խոստովանում է, որ «ծակ» ու կիսադատարկ բյուջեով հնարավոր չէ լիարժեք ներկայանալի տեսքի բերել քաղաքը, թեպետ կառավարությությունից արդեն 300 մլն դրամի աջակցություն են ստացել:

«Ստեղծվել է 21 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որ զբաղվում է ծրագրերի կազմմամբ, հետագայում էլ պատասխանատու է լինելու դրանց իրականացման համար,-ասում է փոխքաղաքապետը,-մոտ 13 երկրներից հյուրեր ենք ունենալու, քույր քաղաքներից են պատվիրակություններ ժամանելու: Այս պահին մեզ դիմել են տարբեր երկրներից՝ համագործակցության նպատակով եւ այլն: Շատ ծավալուն աշխատանք է սպասվում եւ հարկ է, որ պատվով դուրս գանք էս մարտահրավերից»:

Քաղաքում սկսվել են կանաչապատման աշխատանքները: Ապրիլի 20-ից Գյումրիում մեկնարկելու է շաբաթօրյակների միամսյակը: Շինարարական 4 կազմակերպություններ տարբեր ուղղություններով արդեն սկսել են ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Մինչեւ բուն միջոցառումների մեկնարկը՝ հիմնանորոգվելու են Վարդանանց հրապարակը եւ նրան հարող մի քանի փողոցները: Քաղաքի մյուս հատվածներում միայն փոսային նորոգումներ են լինելու: Քաղաքի գիշերային լուսավորության ցանցը եւս համալրվելու է: Պատվիրել են 10 բիոզուգարան, որոնք կտեղադրվեն հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածներում:

Քաղաքային իշխանություններին անհանգստացնող մյուս խնդիրը բազմաթիվ հյուրերին սպասարկող հյուրանոցների թվաքանակն է: Ռուբեն Սանոյանի փոխանցմամբ, իրենք փորձում են որոշ գյումրեցիների հետ համաձայնություն ձեռք բերել՝ նրանց տները հյուրատների վերածելու նպատակով: «Այս ընթացքում նաեւ մեծ թվով զբոսաշրջիկների հոսք է սպասվում, ու Գյումրին պիտի կարողանա արժանավայել դիմավորել նրանց»,-նկատում է փոխքաղաքապետը:

Օգտվելով առիթից` քաղաքային իշխանությունները դիմել են կառավարությանը, որ իրենց տրամադրեն Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքը: Գյումրիում բժշկական կենտրոնի կառուցումից եւ վիրաբուժական բաժանմունքի տեղափոխվելուց հետո շենքը դատարկ է: Ռ. Սանոյանի վստահեցմամբ, եթե այն անցնի իրենց ենթակայության՝ կկարողանան այնտեղ տեղավորել Երկրագիտական թանգարանը: Շենքի մի հատվածն էլ կտրամադրեն պատկերասրահին: Ի դեպ, Գյումրիի Պատկերասրահի շենքը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գումարի դիմաց հատկացրել էր քանդակագործ Արտուշ Պապոյանին «Հայհուհու» արձանը կերտելու համար: Ռիժկովի ճեմափողոցում գտնվող Պատկերասրահի նախկին շենքում հիմա խանութներ են գործում՝ խաղալիքի, կոշիկի, հագուստեղենի եւ այլն:

«Մեր թանգարաններից ամենավատ վիճակում գիտեք, որ Երկրագիտականն է, քանի որ չունի շենքային պայմաններ: Վերանորոգման կարիք կա Մերկուրովի եւ Ասլամազյան քույրերի թանգարաններում, ի վերջո էս քաղաքը զրկված է պատկերասրահից եւ մեր նկարիչներ իրենց գործերը ցուցադրելու տեղ չունեն: Դիմել ենք եւ հույս ունենք, որ գումարներ կտրամադրվեն «Շինարարների պալատը» հիմանորոգելուհամար:  Այստեղ 1912թ-ին առաջին անգամ «Անուշ» օպերան է բեմադրվել ու հիմա աղետալի վիճակում է այդ կառույցը: Քանի որ Գյումրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ուզում ենք, որ հնարավորինս մշակութային այս բացերը լրացվեն»,-ասում է ՌուբենՍանոյանը:

Այս ընթացքում քաղաքապետարանը հասցրել է մրցույթ հայտարարել նաեւ «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի խորհրդանիշի եւ կայքի համար: Առաջարկները սկզբնական շրջանում շատ քիչ են եղել: Երեք մրցութային փուլ է անցկացվել խորհրդանիշի համար, արդյունքում հաղթել է երեւանաբնակ Լիաննա Աբրահամյանի առաջարկը:

«Մենք չենք ձգտել բարդ բան ստանալ, ինչ որ սիմվոլիկաներ եւ այլն,-խոստովանում է Ռուբեն Սանոյանը,-խորհրդանիշը պիտի պարզ ու հասկանալի լինի բոլորին եւ այն ինչ ընտրվեց, կարծում եմ հասկանալի կլինի անգամ հասարակ քաղաքացուն եւ գլխավորը՝ հիշվող: Լոգոն որ հիմա մենք հաստատել ենք իրենից ներկայացնում են կանանց սիլուետներ, գույները մեր դրոշի գույներն են, իսկ կանանց վեր պարզված ձեռքերում արվեստի ճյուղերն են ներկայացված՝ թատրոն, երաժշտությւն, նկարչություն, գիրք-գրականություն»:

Այսօր տեղի ունեցավ ծրագրի խորհրդանիշի եւ www.gyumri.am կայքի շնորհանդեսը: Կայքի թողարկամն համար, ինչպես տեղեկացրեց փոխքաղաքապետը, ծախսվել է ընդամնեը 300 հազար դրամ: Ծրագրի շրջանակներում Գյումրին շուտով ձեռք կբերի 3D անիմացիոն ծրագրեր իրականցնող սարք, որն օգտագործվելու է «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի պաշտոնական բացման, ինչպես նաեւ  հետագա միջոցառումների ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter