HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Մատի ու մատանու արանքում». ի՞նչ կապ ունի գլխավոր դատախազի տեղակալը

Արդեն մի քանի տարի է՝ նախկին ամուսիններ Մանուկ Ղազանչյանը եւ Ալինա Չոբանյանը դատական քաշքշուկների մեջ են: Հիմա ամուսնուն փնտրում են ՀՀ ոստիկանները, իսկ կնոջ նկատմամբ «Ինտերպոլով» միջազգային հետախուզում են հայտարարել ԱՄՆ իրավապահները:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնտեսագետ Մանուկ Ղազանչյանը եւ ՀՀ կենտրոնական բանկի միջազգային ռիսկերի կառավարման բաժնի աշխատակից Ալինա Չոբանյանն ապահարզանից հետո տարբեր հայցերով մտել են դատարան՝ երեխային տեսակցելու հնարավորության խնդրանքից մինչեւ հայրական իրավունքներից զրկելու պահանջ: Անձնական հարթությունում գտնվող դրվագները հնարավորինս շրջանցելով՝ «Հետքն» այս պատմությանը կանդրադառնա դրա քրեականացման եւ գործում «ներգրավվածների» դերակատարման շեշտադրմամբ:

Մ. Ղազանչյանը եւ Ա. Չոբանյանն ամուսնացել են 2005թ., այնուհետեւ մեկնել ԱՄՆ: 2007-ին ծնվել է նրանց դուստրը, իսկ 2009-ի Ամանորին, ինչպես Ղազանչյանն է պատմում, կարճատեւ արձակուրդով նրանք վերադարձել են Հայաստան:

«Տոներից հետո աշխատանքի բերումով ես նորից մեկնեցի Ամերիկա: Նախկին կինս` երեխայիս հետ, հետադարձ տոմսով պետք է գար փետրվարին: Դրա փոխարեն նա հեռախոսով ասաց, որ չի գալու ու երեխային պահեց իր մոտ»,- հիշում է Մանուկը:

Հետո սկսվել են դատական պրոցեսները, այդ թվում՝ Ամերիկայում: Երեխան ԱՄՆ քաղաքացի է, եւ Մ. Ղազանչյանի հայցով Կոլումբիայի նահանգի գերագույն դատարանն Ալինա Չոբանյանին մեղադրել է երեխայի առեւանգման մեջ:

Զուգահեռ դատավարություններ են ընթացել նաեւ Հայաստանում, բայց գործընթացն այստեղ ստացել է զավեշտալի ընթացք: Բուն պատճառն ալիմենտն է: Դատարանը, որպես երեխայի ապրուստի միջոց, վճռել է Մանուկ Ղազանչյանից բռնագանձել ամսական վաստակի կամ եկամտի ¼-րդ մասը, որը չպետք է պակաս լինի ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:

«Ղազանչյանը կամովին սկզբում ամսական 50, հետո` 100, իսկ հիմա` մոտ 200 հազար դրամ է վճարում: Բացի դրանից՝ երեխային օգնում է նաեւ այլ միջոցներով: Սակայն Ալինա Չոբանյանը համացանցից ներբեռնած ինչ-որ փաստաթուղթ է ներկայացրել, ըստ որի՝ ԱՄՀ-ում տնտեսագետի տարեկան նվազագույն աշխատավարձը 80 հազար դոլար է, եւ բողոքել է, որ իր նախկին ամուսինը եկամտի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ է հայտնել՝ չարամտորեն խուսափելով ալիմենտը վճարելուց»,- մանրամասնում է Ղազանչյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քննիչ Կ. Կիրակոսյանը որոշել է քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն անձամբ այս որոշումը վերացրել է, հարուցվել է քրեական գործ, եւ Մանուկ Ղազանչյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում: Սա այն դեպքում, երբ այդպես էլ չի հաջողվել պարզել, թե մեղադրյալը որքան աշխատավարձ է ստանում. ԱՄՀ գրասենյակը պաշտոնապես հրաժարվել է տեղեկություններ տրամադրել, իսկ նույն խնդրով ԱՄՆ իրավապահ մարմիններին ուղարկված քննչական պահանջը մնացել է անպատասխան:

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով քրեական գործ են հարուցել ու հիմա ճշտում են՝ ճի՞շտ են հարուցել, թե՞ ոչ. հարուցելուց հետո են առիթ ու հիմք ման գալիս»,- մեկնաբանում է փաստաբան Սաֆարյանը:

Ղազանչյանին մեղադրանք են առաջադրել նաեւ սեփականության հետ կապված տեղեկությունները խեղաթյուրելու համար:

«Բնակարանի սեփականության վկայականում նշված է Ղազանչյանի մոր անունը, եւ նա ԴԱՀԿ-ում այդպես էլ հայտարարել է, որ տունը մորս անունով է՝ ընտանիքի այսքան անձով: Էլ չի վերլուծել՝ ինքն այդքան անձի մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Բայց ԴԱՀԿ-ն ոչ Ղազանչյանին, ոչ էլ ինձ չպետք է լսի. նա լայն հնարավորություններ ունի եւ ինքն է ճշտում մարդու սեփականության վերաբերյալ տեղեկությունները: Եվ սա տեղափոխել քրեական դա՞շտ, ուղղակի չգիտեմ՝ ինչ ասել»,- զարմանում է Սեդա Սաֆարյանը:

«Աշխատավարձիս չափը չիմանալով, այսինքն՝ պարտքի կոնկրետ չափը չպարզած, տունը կալանքի էին վերցրել: Երկու տարի տեւեց, մինչեւ դատարաններով, զոռով-շառով կալանքից հանեցինք»,- հավելում է Մանուկ Ղազանչյանը:

Վերադասության կարգով անարդյունք բողոքներ ներկայացնելուց հետո փաստաբան Սաֆարյանը դիմել է դատարան:

«Նախաքննական մարմնի գրեթե բոլոր որոշումները դատարանը համարեց անօրինական ու չհիմնավորված՝ պարտավորեցնելով անդրադառնալ քրեական գործը կարճելու հարցին: Դա 2012-ի ամռանն էր, բայց օրինական ուժի մեջ մտած որոշումը պարզապես չկատարվեց աբսուրդ պատճառաբանությամբ, որ կա գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանք պարզելու հարց, որն էլի աշխատավարձն է,- ասում է Ս. Սաֆարյանը,- ալիմենտից իրականում խուսափող շատ մարդիկ կան, բայց գործնականում նման դեպքերով քրեական գործեր չեն հարուցվում: Իսկ Ղազանչյանի պարագայում, երբ մարդը ողջամիտ գումար է ուղարկում, ամեն ինչ արվում է, որ նրա՝ երեխային տեսակցելու իրավունքը խոչընդոտվի: Կարծում եմ՝ քրեական գործը հենց դրա համար է»:

«Այս ամենի հետեւում վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նա նախկին կնոջս մտերիմ ընկերուհու հարսանիքի քավորն է: Տիգրան Սարգսյանի՝ ԿԲ նախագահ եղած ժամանակ է Ալինա Չոբանյանը աշխատանքի ընդունվել ԿԲ-ում, եւ իմ կարծիքով՝ հենց Տիգրան Սարգսյանի միջամտությամբ է, որ անձամբ գլխավոր դատախազի տեղակալն է զբաղվում իմ ալիմենտի հարցերով,- ասում է Մանուկ Ղազանչյանը,- չեք պատկերացնի, թե ինչ հետեւողականությամբ են ինձ հալածում ու ինչ ռեսուրսներ են ծախսում. թղթեր են թարգմանում, ուղարկում ԱՄՆ բոլոր պատկան մարմիններին... Ինչի՞ համար, ես ի՞նչ եմ արել, բանուգործ չունե՞ք»:

Սեդա Սաֆարյանը ստիպված կրկին դիմել է դատարան: Անցյալ ամիս նրա հայցը դարձյալ բավարարվել է, բայց գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը դատարանի վճռի դեմ անձամբ բողոք է ներկայացրել:

«Չեն թողնում, որ նույնիսկ հեռախոսով երեխայիս հետ խոսեմ, արդեն 2,5 տարի է՝ նրա հետ կապ չունեմ: Ժամանակն անցնում է, աղջիկս մեծանում է, եւ ես առաջարկում եմ հաշտություն կնքել, բայց ոչ մի տարբերակի համաձայն չեն. միայն ասում են՝ մեր փողը ու կանխիկ»,- նշում է Մանուկ Ղազանչյանը: Վերջինիս խոսքերով՝ ինքը չի հրաժարվում ալիմենտ վճարել անգամ 80 հազար ԱՄՆ դոլարի հաշվարկով:

«Դրա ¼-ը կազմում է տարեկան 20 հազար դոլար: Ասում եմ՝ ամսական կանխիկ վճարում եմ 500 դոլար, մնացածը հաշվեհամար ենք բացում, եւ փոխանցում եմ դրան, որը կարող է տնօրինել միայն աղջիկս՝ չափահաս դառնալուց հետո: Ասում են՝ չէ, 20 հազարով անցած 5 տարվա գումարը կազմում է 100 հազար դոլար, դա պիտի կանխիկ տաս: Իսկ ես չեմ վստահում ոչ Ալինա Չոբանյանին, ոչ էլ նրա թիկունքին կանգնած մարդկանց, ինչո՞ւ պետք է նրանց այդքան գումար վճարեմ, իմ 5 տարեկան երեխային 100 հազար դոլար պետք չէ»,- մանրամասնում է Մանուկ Ղազանչյանը:

«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունն այսօր հաստատեց, որ ներկայումս ԿԲ աշխատակից «Ալինա Չոբանյանի նկատմամբ Ինտերպոլի «Կարմիր անկյունով» քարտի տեսքով միջազգային հետախուզումը շարունակվում է՝ «Ծնողի կողմից երեխային միջազգայնորեն առևանգելու համար» հատկանիշներով նախատեսված  հանցագործություն կատարելու համար»: Սակայն ոստիկանությունը միաժամանակ հիշեցնում է, որ «ՀՀ քաղաքացիները օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չեն»:

Հ. Գ. Ալինա Չոբանյանի հետ կապ հաստատել «Հետքին» չհաջողվեց: Նա միջնորդավորված փոխանցեց, որ թեմայի շուրջ ընդհանրապես չի ուզում խոսել:

Լուսանկարը՝ aravot.am-ի

Մեկնաբանություններ (4)

lll
Chisht asac im harcazruicy avelin er, baic porcem aistex evs nerkaiacnem xndirnery I'm erexai het kapvac: 1) aknhait e vor erkri varchapety ir gorcov chi zbavum, alina chobanianin xraxusel indz I'm erexaic ktrel mec gumarner korzelu npatakov da varchapeti funkcianeri mej chi mtnum; kardaci mi tertum vor varchapeti sepakan mijonery neraruim en 870 hazar AMN dollar, ev iharke ete I'm pes 9 hogu 10 million haieri mej karoxanan brnel ev talanel anorini hetaxuzumnerov, inchu chi havaqvi aidqan pox, shat heshtutiamb; 2) alina chobanynany ev nra lkti cnoxnery chunen vochmi baroyakan kam iravakan himq indz I'm erexaic zrkelu, es I'm erexai het petq e shpvem, ev da I'm iravunq e, ainpes inchpoes varchapetn e shpvum ir erexaneri het; 3) inchu ais hancaxumby chi cankanum hashtuiun knqel? Chi cankanum qani vor naxandzutiamb li erexais ogtagorcum e I'm het mrcelu vorpes miak xaghaqart, henc ain pahic vor ais qarty xaghacin, ainsinq es normal shpvem I'm erexai het, nranq kpartven, qani vor es ailevs iranc chem hishi, isk iranq chen uzum vor es iranc moranam, vorovhetev naxandzutiam lcvac en uzum en vor esel darnam iranc nman tget. 4) ankax ais xndri elqic, es misht el paiqarelu em I'm erexias het shoveku I'm iravunqi hamar, hark exac depqum dataran kdimem varchapei ev glxavor dataxazi texakalin irenc pashtonnery charashahelu haicov; 5) es chem patkeracnum te inchoes en iranq aid gumarnery indzanic vercnelu ete es chgam Haiastan, sa evs xosum e vohmaki tgitutian masin;
Վաչե
Մանուկի հաշվին ուզում են իրենց ցեղախմբի նյութական կարիքները ապահովել, դե աշխատանք չկա, ինչ անեն Ալինա Չոբանյանի ցեղի անդամները, եթե ոչ Մանուկի հաշվին գոյատևեն. հարյուր հազար դոլար,,,,,,,,,,,,,
drizzlebrain
Եթե իսկապես առաջնանորդվում են երեխայի շահի գերակայության սկզբունքով, ապա հոր առաջարկած լուծումը`.հաշվեհամարի բացում եւ դստեր կողմից գումարի տնօրինում` չափահաս դառնալուց հետո, շատ խելամիտ է: Տվյալ դեպքում երեխայի շահերն ամբողջովին պաշտպանված են, և միանգամայն այլ խնդիր է, երբ գերակայում են անձնական այլ շահերը:
cool headed
Քանի որ, հորը կամայականորեն զրկել են երեխայի դաստիարակությանը մասնակացելու, նրա հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունից, հայրը կարող է ընդհանրապես անմասն մնալ նրա ֆինանսական ապահովման հոգսից ևս: Ինչու միայն փողն են ուզում և օչ թե հայրական խնամքն ու հոգատարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter