HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդես` Թբիլիսիում

Ապրիլի 13-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Հայոց մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպել էին Վրաստանի Հայ նկարիչների միությունը և Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցությունը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի նախարարության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:

Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Թբիլիսիի, Ջավախքի, ինչպես նաև ծնունդով Վրաստանցի, բայց ներկայումս Հայաստանում գործող նկարիչները: Բացելով ցուցահանդեսը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսին մասնակցած շուրջ 35 ստեղծագործողների մեծամասնությունը երիտասարդներ են, ովքեր Հայոց Մեծ եղեռնի մասին պատկերացում ունեն միայն հաղորդածով: Եվ ցուցասրահում տեղ գտած շուրջ 60 կտավները գույների միջոցով արտահայտված նրանց ցասումն է, արդարության և հատուցման պահանջը անմեղ նախնիների տառապանքների և դաժան նահատակության համար:

Վրաստանի «Հերակլ Երկրորդ» ոչ-կառավարական կազմակերպության ղեկավար Արչիլ Ճկուիձեն, ողջունելով ցուցահանդեսի կազմակերպումը, իր խոնարհումը բերեց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև, կոչ անելով Վրաստան երկրի իշխանություններին՝ հարգել հարևան քրիստոնյա ժողովրդի ցավը, ճանաչել 1915 թվականի Հայոց Եղեռնը և Հուշարձան կանգնեցնել զոհերի հիշատակին:

Իրենց բողոքը միջազգային հանրության անարդար և անտարբեր վերաբերմունքի նկատմամբ արտահայտեցին գրող –թարմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան« թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, ռեժիսոր Միքայել Գրիգորյանը, պատմաբան Ենոք Թադևոսյանը:

Այնուհետև դասական և հոգևոր երգերի կատարմամբ հանդես եկան «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» ավագների երգչախումբը (խմբավար՝ Հովհաննես Համբարձումյան), Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը (խմբավար՝ Սվետլանա Տատոևա), հնչեցին մեղեդիներ դուդուկահար Վանո Մկրտչյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի կատարմամբ:

Օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնությունը բաշխեց բոլոր մասնակիցներին, այս միջոցառումը, ինչպես նաև նմանատիպ այլ միջոցառումները համարեց որպես հուշակոթող անմեղ հայ նահատակներին: Ոգեկոչելով երիտասարդ ստեղծագործողներին` Վիրահայոց Առաջնորդը հույս հայտնեց վաղվա Հայաստանի և հայության գեղեցիկ ապագայի նկատմամբ:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը և Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցության նախագահ Հայկազուն Ղարագուլյանը ներկայացրեցին այն ստեղծագործողներին, ում աշխատանքները ճանաչվել են լավագույն:

Ցուցահանդեսի ամենաերիտասարդ մասնակից ճանաչվեց Քրիստինե Բագդացյանը: Երրորդ մրցանակին արժանացավ Լիլիթ Արսենյանը, երկրորդ մրցանակին՝ Անի Քանանյանը, իսկ առաջին մրցանակը շահեց Մարիամ Տիպուխյանն իր «Սգացող կինը» կտավով: Նրանց բոլորին Վիրահայոց թեմի Առաջնորդարանի կողմից տրվեցին դրամական պարգևներ:

Վիրահայոց թեմի մամլո դիվանը հայտնում է, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter