HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը մասնակցել է Սիսակյան 22 նորակառույց շենքի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 22 հասցեում գտնվող բազմաբնակարան նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Նորակառույց շենքում իրենց բնակարանամուտն են տոնել Ֆուչիկի փողոցի թ.12, Շինարարների 15 վթարային շենքերի և Սարի թաղի 18-րդ փողոցի սողանքների հետևանքով վթարային դարձած 10 տների բնակիչները: Նորաբնակներն իրենց բնակարանների բանալիներն անձամբ  Երևանի քաղաքապետից են ստացել:

Շնորհավորելով բնակիչներին՝  Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը,  կարևորելով խնդրի առաջնահերթությունը, անում է  հնարավորը, որ վթարային շենքերի բնակիչներն օր առաջ ապահով ու հարմարավետ բնակարաններ  ունենան:  

«Յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա իր ապահով, հարմարավետ բնակարանը:  Այսօր դեռ մոտ 450 ընտանիք սպասում է այս օրվան: Վստահեցնում եմ, որ մենք փորձելու ենք քայլ առ քայլ այդ բոլոր ընտանիքներին նույնպես ապահովել բնակարաններով: Շնորհավորում եմ բոլորիդ և առաջին հերթին այս ուրախ խաղացող երեխաներին, ովքեր այսուհետ առանց վախենալու ապրելու են այս շենքում»,- իր խոսքում ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հյուրընկալվել է բնակարաններից մեկում, ծանոթացել պայմաններին, խաղաղություն և բարեկեցություն մաղթել ընտանիքներին:

Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նորակառույց բազմաբնակարան շենքը բնակիչներին է հանձնվել կոմունալ - կենցաղային բոլոր հարմարություններով ապահովված: Ունի նաև էներգամատակարարման այլընտրանքային տարբերակ, ստորգետնյա ավտոկայանատեղի: Շենքը հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին:

Ամբողջությամբ բարեկարգված շենքի հարակից տարածքում էլ մանուկների համար տեղադրվել են ժամանակակից խաղային ատրակցիոններ:

Բնակիչները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ գործընթացը հնարավորին կարճ ժամկետում կազմակերպելու, իրենց անվտանգությունն ապահովելու և հարմարավետ պայմաններում վերաբնակեցնելու համար:

 Ի դեպ, նախապես կազմակերպված վիճակահանության միջոցով բնակիչներն իրենք էին ընտրել իրենց բնակարանները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter