HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային գիտաժողով` «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով

Այսօր Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ  «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն էր բարձրացնել Հայաստանում Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը և քննարկել հնարավոր զարգացումները:  Բացելով գիտաժողովը` Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ընդգծեց. «Թեև ԵՊԼՀ արդեն համագործակցում է Կորեական հիմնադրամի հետ, մենք կցանկանայիք ավելի լայնացնել մեր համագործակցության շրջանակները»:

Անդրադարձ կատարելով ակադեմիական շրջանում հայ-կորեական համագործակցությանը` ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը  իր խոսքում նշեց. «Սկզբում կորեերենը մեզ մոտ դասավանդվում էր որպես օտար լեզու, այնուհետև որպես երկրորդ և երրորդ լեզու, իսկ այժմ աշխատում ենք այն մասնագիտական լեզու դարձնելու ուղղությամբ» և հավելեց. «Մեծ է Կորեական հիմնադրամի և ԵՊԼՀ դասախոսական անձնակազմի ջանքերով ստեղծված բառարանի դերը և ներկայումս աշխատանքներ են տարվում այն էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ»:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպանության խորհրդական տիկին Փակ Ջի Ընը նշեց, որ հիացած է Կորեայի մշակույթի և լեզվի մասին հայ փորձագետների գիտելիքներով, ինչպես նաև հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցները գիտաժողովից կհեռանան Կորեայի մասին առավել խորը գիտելիքներով: Տիկին Փակը անդրադարձ կատարեց նաև հայ-կորեական տարեկան առևտրային շրջանառությանը, հայ-կորեական համատեղ կազմակերպված կամ որևէ կողմից մասնակցություն ցուցաբերած այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են Digital expo-ն, 2012թ. հայ-կորեական դիվանագիտական հարաբերություններին նվիրված «Կորեական ռապսոդիան» և այլն:

ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն պետ Տիգրան Սահակյանը իր ելույթում կարևորեց «սոցիալական գործընկրության եռանկյունու մեջ կրթության դերը»` մասնավորապես կորեերենի և կորեական մշակույթի դասավանդումը հայ-կորեական հարաբերությունների խորացման գործում և հավելեց. «ԵՊԼՀ-ն, փաստորեն, այս հարցում մենաշնորհ ունի»:

Իսկ Յոնսե համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Լի Յոնհոն ողջունեց հատկապես կորեերեն ուսումնասիրող ուսանողներին և ասաց. «Մասնավորապես Ձեզ եմ ողջունում, քանի որ դուք եք հայ-կորեական համագործակցության ապագա կամուրջը»:  «Կորեայի տնտեսական զարգացումը և կառավարության դերը» խորագրով իր զեկույցում պարոն Լին փորձեց գիտաժողովի մասնակիցների և փորձագետների հետ կիսվել Կորեայի տնտեսության զարգացման փորձով և ցույց տալ այն սխալները, որոնցով նրանք արդեն անցել են:

Հիշեցնենք, որ «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը  համատեղ կազմակերպել էին Կորեական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter