
Ինչո՞ւ է սեղմված գազը մոտ երկու անգամ թանկ Արցախում
Արցախցի վարորդները վստահ են, որ տեղական ավտոգազալցակայաններում սեղմված գազը մոտ երկու անգամ ավելի թանկ է վաճառվում, քան Հայաստանում:
«Ո՞րն է գրեթե երկակի թանկ վաճառելու պատճառը». «Հետքի» հարցին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Մնացականյանը պատասխանեց, որ, իր անձնական կարծիքով, դա պայմանավորված է սպառման փոքր ծավալներով. «Հայաստանի մեկ գազալցակայանը սպառում է 10-15 անգամ ավելի շատ գազ, քան տեղական գազալցակայանները: Հավանաբար մեր գազալցակայանները փորձում են այդ մասը հավասարակշռել և իրենց շահույթը պահպանել»:
Նախարարն ասաց, որ հարցը ավելի շատ վերաբերում է արցախցի տնտեսվարողներին, որոնք մասնավոր ընկերություններ են և ինքնուրույն են սահմանում վաճառքի գինը: Նա նաև ասաց, որ Արցախի ու Հայաստանի գազալցակայանները նույն գնով են գազ գնում:
«Շահույթը պահպանելու համար երկո՞ւ անգամ թանկ պիտի վաճառվի». Այս հարցին նախարարը պատասխանեց՝ կրկնելով, որ դա տնտեսվարողի իրավունքն է:
«Իհարկե, մենք վերահսկողության մեխանիզմներ ունենք, ունենք ԼՂՀ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով»,- ասաց նախարարը:
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ ըստ Հանձնաժողովի՝ իրենք իրավասու չեն այս հարցում:
«Այո, իրենք իրավունք չունեն սեղմված գազի գինը կարգավորել, բայց շուկան ուսումնասիրվում է, մենք անցած տարի կատարել ենք ուսումնասիրություն, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ: Մեր գազալցակայաններում ունենք կորուստների մեծ չափ, որոնք նվազացնելու համար պետք է ներդրում կատարել: Հայաստանի գրեթե բոլոր գազալցակայանները դիսպենսերներ են կիրառում, որոնց շնորհիվ կորուստը բավականին նվազում է, ինչը թույլ է տալիս ավելի էժան գնով գազ վաճառել»,- ասաց նախարարը:
Վահան Բադասյանը մի քանի ամիս առաջ «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ Հանձնաժողովը չի կարողանում միջամտել հատուկ ստրատեգիական նշանակություն ունեցող ապրանքատեսակի մեջ: Նա այս երևույթը մի քանի անձանց կողմից թալան է համարում:
Ապրիլի 15-ի մամուլի ասուլիսում ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լ.Մնացականյանը մեկ անգամ ևս նշեց, որ խնդրի հիմնական մասը կապված է սպառման փոքր ծավալների հետ. «Գաղտնիք չէ, որ մենք Լեռնային Ղարաբաղում ունենք սեղմված գազի տասնապատիկ անգամ ու ավելի նվազ սպառում, քան Հայաստանում»:
Ինչ վերաբերում սեղմված գազի որակին, որի վերաբերյալ էլ են բողոքում վարորդները, նախարարը սուբյեկտիվ մոտեցում է համարում. «Հայաստանից մտնում է նույն գազը, ո՞նց կարող է այստեղ տարբերություն լինի»:
Ըստ նախարարի՝ վարորդները նման բաներ են ասում, որովհետև կարծիք կա, որ Հայաստանում ավելի լավ կամ ավելի շատ են լիցքավորում «բալոնները». «Ասեմ, որ դա մեկ-մեկ էլ բերում է պայթյունների: Հայաստանում հաճախ իբր վարորդներին լավություն են անում՝ «բալոններում» ավելի շատ գազ են լիցքավորում, ինչի պատճառով էլ տարին մի քանի անգամ պայթոցներ են արձանագրվում»:
«Գազալցակայանում հնարավոր չէ ինչ-որ նյութ խառնել, դա հնարավոր չէ,- ասաց նախարար Լևոն Մնացականյանը,- չեմ կարող ասել, թե գազալցակայաններում ինչ է կատարվում, բայց գազի որակը համապատասխանում է ստանդատներին և ստուգվում է լաբորատորիաներում՝ և՛ Հայաստանի սահմանին, և՛ Հայաստանի ներսում: Ամեն ամիս Լեռնային Ղարաբաղ մտնող գազի որակի համար լաբորատորիայի կողմից տրվում է վավերագիր, որում գրանցված է և՛ գազի կալորիականությունը, և՛ մնացած հատկանիշները»:
Այս կապակցությամբ Վահան Բադասյանը նաև նշել էր, որ Արցախում հաշվիչները բացարձակ խաբում են. «Յուրաքանչյուր մեքենայից 500-600 դրամ այդպես գողանում են: Ցածրորակ կոմպենսատորներ են օգտագործում»:
Էթնոքաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Սերգեյ Քամալյանը, որը հաճախ է լինում Արցախում, այս իրավիճակն իշխանությունների կողմից հովանավորվող թալան է համարում. «Սա պրոտեկցիոնիզմի վատագույն տարբերակն է, որը կիսաքրեական սլենգով կոչվում է «պրոխոդ տալ»: Շուկայական հարաբերություններ Արցախում չկան, կլինեն այն դեպքում, երբ ցանկացած գործարար կկարողանա գազալցակայան կառուցել»:
Տնտեսագետ Քամալյանը նաև ասաց, որ թղթի վրա գործարարն այդ հնարավորությունն ունի, բայց իրականում նա պիտի ենթարկվի հովանավորող իշխանությունների խաղի կանոններին, հակառակ դեպքում՝ կսնանկանա հարկային և այլ ուժային պատժամիջոցների ճնշման հետևանքով:
Մեկնաբանել