HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». աղմկոտ գործի շրջանակներո՞ւմ

Երեկ ոստիկանապետ Վովա Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Անցած շաբաթ «ՀԺ»-ն հրապարակեց ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից ստացված մի տեղեկություն, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների կողմից ստեղծվել է ֆինանսական բուրգ, որ քաղաքացիներից խաբեությամբ փողեր է կորզել եւ «սկել»:

«ՀԺ» ունեցած տեղեկություններով, Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը կարող է կապ ունենալ հենց այդ պատմության հետ: Ըստ նույն տեղեկությունների, առաջիկայում սպասվում է մի քանի այլ բարձրաստիճան ոստիկանների ազատում, որոնց թվում է առնվազն մեկ մարզային ոստիկանապետ: Նշված ֆինանսական բուրգի «շրջանառությունը» 2.5 միլիոն դոլար է եղել:

Բացառված չէ, որ այս պաշտոնանկություններով փորձ կարվի գործը «լղոզել» ու խուսափել այն աղմուկից, որը կբարձրանա դրա լիարժեք բացահայտման արդյունքում: Նշենք, որ Վովա Գասպարյանը վաղուց էր փորձում ազատվել Ներսիկ Նազարյանից: Դեռ անցած տարի ամռանը նա Երեւանի ոստիկանապետին ուղարկեց արձակուրդ եւ ամեն ինչ արեց, որ նա արձակուրդից այլեւս չվերադաոնա իր պաշտոնին: Սակայն Նազարյանին հաջողվեց Գասպարյանի «գլխավերեւում» լուծել իր հարցերը եւ վերադառնալ:

Նշենք, որ վերջին շրջանում Նազարյանի համար անհաջող ժամանակներ են: Ըստ որոշ լուրերի՝ նրա կամ, ինչպես ինքն է ասում, իր ընտանիքի անդամների բիզնեսը այնքան էլ հաջող չի ընթանում: Խոսակցություններ կան իրենց 6 միլիոն դոլար վարկը մարելու հարցում առաջացած դժվարությունների մասին: Բացի այդ, Նազարյանի ընտանիքի` Չինաստանում սկսած ինչ-որ բիզնես անհաջողությունների է մատնվել: Բայց Նազարյանի «բիզնես-ունակությունները» մեծ են, որոնք պայմանավորված են հայ օլիգարխիայի հետ ունեցած նրա չափազանց սերտ կապերով:

Նա ոստիկանապետ էր այնքանով, որքանով դա օգնում էր իրեն պահպանել եւ զարգացնել իր կապերը: Հիմա հետաքրքիր է, թե առանց իր ունեցած պաշտոնի որքանով այդ կապերը կամրանան կամ կթուլանան:

Վովա Գասպարյանի հրամանով Երեւանի ոստիկանապետ է նշանակվել Աշոտ Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն էր: ՔՀԳՎ պետ է նշանակվել Գագիկ Ավետիսյանը, որը մինչ այդ գլխավորում էր Արմավիրի մարզային ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter