
Ամառային դպրոց Արցախում
Հունիսի 27-ին Ստեփանակերտում մեկնարկեցին «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցի պարապմունքները, որոնք կտևեն մինչև հուլիսի 8-ը:
Ամառային դպրոցը «Ամերիկացիները Արցախի համար» հասարակական կազմակերպության նախաձեռնած առաջին ամառային դպրոցն է, որը ֆինանսովորում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Ամառային դպրոցին մասնակցում են ուսանողներ Արցախից և Հայաստանից: Նախապես ընդունված դիմումների համաձայն էլ հարցազրույցի միջոցով կատարվել է մասնակիցների ընտրությունը: Ըստ կազմակերպիչների` նախատեսված էր ընդգրկել շատ ավելի մասնակիցների Հայաստանից և անգամ Սփյուռքից, բայց արդյունքում ֆինանսական սուղ միջոցների պատճառով ընդունել են 25-ը Արցախից և 8-ը` Հայաստանից:
Ինչպես տեղեկացանք նախագծի կազմակերպիչ Արշակ Բալայանից, մինչ այդ Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում և «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում կազակերպվել են տարբեր դասընթացներ, մասնավորապես, երիտասարդության համար առաջնորդության, արդյունավետ հաղորդկացության, բանակցությունների, արդյունավետ մտածողության թեմաներով:
Ամառային դպրոցում դասախոսելու են հրավիրվել ազգությամբ հայ մի շարք ճանաչված դասախոսներ, պրոֆեսորներ ամերիկյան տարբեր համլսարաններից և Հայաստանից, ինչպիսիք են ԱՄՆ-ում անկախ խորհրդատու, գրող, դասախոս Գրեգորի Ավթանդիլյանը, Բոստոնի Բենթլի համալսարանի քաղաքագիտության դասախոս Ասպետ Գոչիկյանը, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Անջելո պետական համլսարանի դասախոս Ռոբերտ Նալբանդով, Հայստանից` փիլիսոփայության գիտությունների թեկնածու Արշակ Բալայանը, ռեժիսոր և խորհրդատու Մայա Բարխուդարյանը,
լրագրող և քաղաքական վերլուծաբան Էմիլ Դանիելյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Համազասպ Դանիելյանը, արվեստաբան, անկախ քննադատ Լիլիթ Սարգսյանը, միջազգային խորհրդական Ռազմիկ Փանոսյանը:
Ամառային դպրոցի ակադեմիական կոորդինատոր, Բոստոնի Բենթլի համալսարանի քաղաքագիտության դասախոս Ասպետ Գոչիկյանը, խոսելով ծրագրի նպատակների
մասին, ասաց, որ ամառային դպրոցի նպատակն է տվյալ ուսանողների մասնագիտությունը զարգացնել, հավելյալ ինֆորմացիա ստանալ, բայց ոչ` փոխարինել:
«Հիմնական քաղաքագիտության, արևելագիտության, փիլիսոփայության և միջազգային հարաբերությունների մեթոդաբանության թեմաներից ուսանողներին կբացատրեն, թե ինչպես է պետք ճիշտ ինքնակենսագրություն գրել, հարցաթերթիկ լրացնել, ինչպես պահել հարցազրույցի ժամանակ և նմանատիպ այլ հասարակ բաներ, որ թվում է` այնքան էլ կարևոր չեն, բայց իրականում արևմուտքում դրան մեծ ուշադրություն են դարձնում: Դա էլ կօգնի ուսանողներին հետագայում ճիշտ դիմել արտասահմանյան բուհերին»,-ասում է պրն Գոչիկյանը` հավելելով, որ այսօր Արցախի համար շատ կաևոր է քարոզչությունը և ներկայանալի լինելը հաղորդակցման ոլոտում:
Խոսելով մասնակիցների ակտիվությունից` զրուցակիցս ասաց, որ սպասվածից շատ ավելի ակտիվ են: Առաջին անգամ չէ, որ Արցախում է, և իր համար հետաքրքիր էր տեսնել այդ առաջընթացը.
«Վերջում հարցաթերթիկ կլրացնեն և կիմանաք` արդյունքում ինչ է ստացվել: Շատ բան չեմ ակնկալում, բայց դա չի նշանակում, որ ակնկալիքներ չունեմ ընդհանրեպես, ուղակի չեմ ուզում բարձրաձայնել: Պիլոտային ծրագրերը, ինչպիսին մերն է, միշտ էլ արժեքավորման ժամանակ է պահանջում: Ինչքան չլինի արդյունքում հիմնական բաներ կսովորեն, և սպասում ենք երկուստեք նախագծի արժևորմանը: Արժե շարուանկել, թե դա միայն ժամանակի կորուստ էր»:
ԱՄՆ Տեխասի նահանգի Անջելո պետական համալսարանի դասխոս Ռոբերտ Նալբանդովն ասում է, որ ամառային դպրոցի կազմակերպիչները, իմանալով, որ ինքը պատրաստվում է Հայաստան գալ, առաջարկեցին ամառային դպրոցի ուսանողների համար մի քանի դասախոսություն կարդալ միջազգային հարաբերություների և անվտագության, հակամարտություների հաղթահարման թեմաներով:
Պրն Նալբանդովը Աֆրիկայի միջէթնիկական հիմնախնդրիների տեսաբան է. «Մասնակիցների ակտիվությունը մեծ է, հաճելիորեն զարմացած եմ` տեսնելով, որ այստեղի ուսնողները գիտեն, ավելին, կարող են երևույթները բացատրել արևմուտքում գործածվող տերմիներով:
Դասընթացները առաջին հերթին մասնակիցներին տվել է տեսական գիտելիքներ, որոնք թույլ են տալիս ընդհանրացնել ինչ-որ կոնկրետ գործոներ և ֆենոմեներ, որոնք տեղի են ունենում իրականության մեջ, ընդհանրացնել դրանք և այն փոխանցել մեկ այլ հարթություն: Եթե մինչ այդ իրենք դրանց մասին գիտեին և բացատրում էին իրենց բառերով, ապա այսուհետ կիմանան դրանց տեղը միջազգային հարաբերություների համակարգում, մանավանդ ներքաղաքական,արտաքին քաղաքական և միջէթնիկական ոլորտում: Իսկ թեորիայի իմացությունն օգնում է կանխատեսել ապագան, մարդու կամ պետության պահվածքը: Հիմնախնդրային գոտիներում էլ թույլ է տալիս կանխատեսել, թե որտեղ է սպասվում նոր հիմնախնդրի ծագում»:
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություների ֆակուլտետի մագիստրոս Անի Հարությունյանը խոստովանում է,որ սկզբից էլ հետաքրքրված էր ամառային դպրոցով, և երբ լուծվեց նաև Արցախում մնալու հարցը, շատ ուրախացավ. «Դասընթացները, չնայած ընդամենը երկու օր են ընթանում արդեն, ավելին են, քան ես պատկերացնում էի: Դասախոսություն են կարդում այնպիսի մարդիկ, ովքեր այդ ոլորտում են աշխատում և յուրաքանչյուր հարցիդ ունեն հստակ պատասխան»:
Անին ասում է, որ, բացի գիտելիքներ ստանալուց, իրեն շատ հետաքրքրում է նաև շփումը և դասախոսների, և տեղացի ուսանողների հետ: Նա մինչ այդ մի քանի անգամ եղել է Արցախում, բայց մոտիկից ծանոթանալ և շփվել տեղի երիտասարդների հետ առիթ չի ունեցել:
Մասնագիտական առումով Ղարաբաղը շատ կարևոր է, ըստ ուսանողնուհու, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականության մաս են կազմում Արցախի ուղղությամբ կատարվող աշխատանքները, շատ հետաքրքիր է իմանալ հենց տեղի երիտասարդների կարծիքը սեփական ապագայի մասին:
Ամառային դպրոցի կարևոր տարրերից մեկն էլ արևմտյան կրթական համակարգին ծանոթանալն է, որը շատ ավելի գործնական ու ինտերակտիվ է:
Մասնագիտությամբ լրագրող Հայկ Ղազարյանն ասում է, որ մեծ հետաքրքրությամբ եկավ ամառային դպրոց: Իսկ երբ ծանոթացավ դասընթացների վարման մեթոդներին, հաճելիորեն զարմացավ: Այն, ըստ Հայկի, շատ էր տարբերվում Արցախի պետական համալսարանում ստացած իր կրթության մեթոդաբանությունից, և լավ կլիներ այդ մեդոդներին ծանոթանան նաև տեղի բուհերի դասախոսները` հետագայում դասապրոցեսներն առավել հետաքրիր ու արդյունավետ դարձնելու համար:
Այս երկու շաբաթների ընթացում մասնակիցները, բացի դասընթացներից, հնարավորություն կունենան շրջել Ստեփանակերտում և Շուշիում, կայցելեն նաև Ամարասի վանական համալիր:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել