HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երեւանի վարչական շրջանների ղեկավարները` ավագանու թեկնածու. ի՞նչ ունեն նրանք

Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով մասնակցում են նաեւ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները` բացառությամբ Նուբարաշենի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի:

Ուսումնասիրելով նրանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը, պարզվեց, որ վարչական շրջանի ղեկավարների մի մասն ունի զգալի գումարներ եւ դա ամենեւին էլ կապ չունի նրանց աշխատավարձի հետ, որը մի քանի անգամ ավելի ցածր է իրենց ունեցած գումարներից:

Արա Սադոյան, Կենտրոն - Վարչական շրջանի ղեկավարն ունի մեկ բնակարան` Երեւանի թումանյան փողոցում, ինչպես նաեւ «Մերսեդես S 221» մակնիշի ավտոմեքենա:

Արա Սադոյանի միակ եկամուտը նրա մեկ տարվա աշխատավարձն է` 3 մլն 780 հազար դրամ:

Արմեն Սարգսյան, Շենգավիթ - Ավագանու այս թեկնածուն հայտարարել է 3 անշարժ գույք, որոնք գտնվում են Երեւանում. շենք եւ շինություն, հողամաս եւ Գ. Նժդեհի գետնանցումում գտնվող կրպակ:

Արմեն Սարգսյանն ունի «Lexus ES 300» մակնիշի ավտոմեքենա:

Նրա միակ եկամուտը դարձյալ աշխատավարձն է, սակայն այս տարվա ապրիլի 3-ի դրությամբ ունեցել է 51 միլիոն 430 հազար դրամ:

Արտավազդ Սարգսյան, Աջափնյակ - Թեկնածուն հայտարարագրել է մեկ բնակարան Երեւանում, ինչպես նաեւ 2 ավտոմեքենա` «ՎԱԶ 21065» եւ «Մերսեդես S 550» մակնիշի:

Նրա եկամուտը գոյացել է 2 աշխատավարձերից, որոնք ստացել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից` 438 հազար դրամ եւ Երեւանի քաղաքապետարանից` 2 մլն 961 հազար դրամ:

Վարչական տարածքի ղեկավարին եկամուտ է բերում նաեւ բանկում ունեցած ավանդը, որից ստացած տոկոսագումարը կազմում է 11 հազար 616 ԱՄՆ դոլար:

Ապրիլի 3-ի դրությամբ Արտավազդ Սարգսյանն իր հաշվին ունեցել է 11 միլիոն 890 հազար դրամ եւ 325 հազար 720 դոլար:

Մանվել Ջավադյան, Ավան -  Նա Երեւանում ունի 3 բնակարան եւ «Մերսեդես L 500» մակնիշի ավտոմեքենա:

Այս թեկնածուի եկամուտն ու ունեցած դրամական միջոցներն էլ չեն «համընկնում»: Որպես միակ եկամուտ թեկնածուն հայտարարագրել է ստացած տարեկան աշխատավարձը` 3 մլն 300 հազար դրամ, սակայն ապրիլի 3-ի դրությամբ նրա հաշվին եղել է 45 միլիոն դրամ եւ 170 հազար դոլար:

Հրայր Անտոնյան, Արաբկիր - Թեկնածուն ունի 1 բնակարան եւ մարզերից մեկում` գոմ, հողատարածք:

Հրայր Անտոնյանը ունի նաեւ«Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենա:

Ավագանու թեկնածուի միակ եկամուտը աշխատավարձն է` 3 միլիոն 600 հազար դրամ: Նա հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ իր հաշվին գումար չի ունեցել:

Արմեն Հարությունյան, Էրեբունի - Այս թեկնածուն ոչ անշարժ, ոչ էլ շարժական գույք չունի, դրամական միջոցներ էլ չունի, իսկ միակ եկամուտը գոյացել է ստացած աշխատավարձից` 3 մլն 190 հազար դրամ:

Դավիթ Օհանյան, Մալաթիա-Սեբաստիա - Թեկնածուն ունի մեկ բնակարան եւ «Տոյոտա Prado» մակնիշի ավտոմեքենա:

Նրա միակ եկամուտը աշխատավարձն է` 3 մլն 66 հազար դրամ, սակայն ապրիլի 3-ի դրությամբ իր հաշվին ունեցել է 31 միլիոն 500 հազար դրամ, 25 հազար դոլար եւ 14 հազար 400 եվրո:

Արմեն Ուլիխանյան, Նոր Նորք - Ավագանու թեկնածուն բնակարան չունի, սակայն համասեփականության իրավունքով ունի կրպակ, իսկ «Մերսեդես S 430» մակնիշի ավտոմեքենայի միակ սեփականատերն է:

Արմեն Ուլիխանյանին եկամուտ է բերում ախատավարձը` 3 մլն 66 հազար դրամ, սակայն հաշվեհամարին ունեցել է 15 մլն դրամ եւ 10 հազար դոլար:

Ռուսլան Բաղդասարյան, Դավթաշեն -  Նա հայտարարգրել է 1500 քմ հողատարածք Դավթաշեն վարչական տարածքում եւ 1985թ. արտադրության «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա:

Թեկնածուն չունի դրամական միջոցներ, իսկ եկամուտը ապահովում է 3 մլն 480 հազար դրամ աշխատավարձով:

Վարազդատ Մկրտչյան, Նորք Մարաշ - Հայտարարագրել է 119.2 եւ 341.7 քմ մակերեսներով երկու առանձնատուն Նորքում: Թեկնածուն ունի «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա:

Նրա եկամուտը դարձյալ աշխատավարձն է` 3 մլն 375 հազար դրամ, իսկ հաշվեհամարին ունեցել է 8 մլն դրամ եւ 50 հազար դոլար:

Գեւորգ Ղազարյան, Քանաքեռ-Զեյթուն - Նա ունի 190 քմ մակերեսով բնակարան: Թեկնածուն ոչ ավտոմեքենա ունի, ոչ էլ դրամական միջոցներ, իսկ եկամուտը գոյացել է աշխատավարձից` 3 մլն 72 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter