Բոստոնի մարաթոնի ժամանակ որոտացած պայթյունների զոհերի թիվը հասել է 3-ի, 17-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Ապրիլի 15-ին ԱՄՆ Բոստոն քաղաքում անցկացվող մարաթոնի վազքուղու եզրագծում որոտացել է երկու պայթյուն: CNN-ի տեղեկացմամբ՝ զոհվել է 3 մարդ, վիրավորվել 144-ը: BBC-ն տեղեկացնում է, որ հոսպիտալացված վիրավորներից 17-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
CNN-ը, հղում անելով The Boston Globe-ին, հայտնում է, որ զոհերից մեկը 8 տարեկան երեխա է՝ Մարթին Ռիչարդը:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյուններն իրականացվել են երկու «հզոր սարքավորման» միջոցով: Դաշնային իշխանությունները տեղի ունեցածը համարում են ահաբեկչական ակտ:
Մինչ այժմ որևէ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Այս գործով ձերբակալվածներ դեռ չկան:
Մասաչուսեթսի նահանգապետ Դևիլ Պատրիկը մարդկանց կոչ է արել չմոտենալ թաղամասին, որտեղ որոտացել են պայթյունները: «Մենք քաղաքացիներին խնդրում ենք հանգիստ վերադառնալ տուն, իսկ զբոսաշրջիկներին՝ չլքել իրենց հյուրանոցները»,- ասել է նա:
BBC-ն փոխանցում է Դևիլ Պատրիկի խոսքերը, ըստ որոնց՝ այս պահին չկա տեղեկատվություն, որը հավաստեր, որ քաղաքի բնակիչներին վտանգ է սպառնում: Միաժամանակ իշխանությունները զգուշացնում են, որ քաղաքում հնարավոր են մարդկանց, իրերի խուզարկություններ:
Բոստոնի պայթյունների առթիվ լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա ասել է, որ իրավապահ մարմինները կենտրոնացրել են իրենց ռեսուրսները՝ հետաքննելու կատարվածը և արձագանքելու դրան:
«Մենք դեռ չգիտենք, թե ով է արել սա կամ ինչու, և մարդիկ չպետք է հապճեպ եզրակացություններ անեն, մինչև մենք բոլոր փաստերը չունենանք: Բայց չկասկածեք՝ մենք կբացահայտենք սա, մենք կպարզենք, թե ով արեց սա, և մենք կպարզենք՝ ինչու նրանք արեցին սա: Պատասխանատու որևէ անհատ, պատասխանատու որևէ խումբ արդարադատության է կանչվելու»,- ասել է Օբաման:
Նա հավելել է, որ բոլոր ամերիկացիները կանգնած են բոստոնցիների կողքին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել