HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Գեւորգյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկեցին մարզերում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր

Փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Ա. Գեւորգյանը նորանշանակ դեսպանին հաջողություն մաղթեց պատասխանատու աշխատանքում` վստահություն հայտնելով, որ հետագա գործունեությամբ նա կնպաստի երկու բարեկամ պետությունների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվեցին Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:  Ա. Գեւորգյանը  գոհունակություն հայտնեց, որ ուշադրություն է դարձվում նաեւ մարզերում եւ համայնքներում զարգացման ծրագրերի իրագործմանը:

Կողմերը մասնավորապես անդրադարձան մարզերում որոշ ծրագրերի շարունակման, համայնքների զարգացմանն ուղղված փոքր ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հնարավորություններին: Նման ծրագրեր հնդկական կողմն իրականացնում է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ  համագործակցությամբ: Մասնավորապես, Հնդկաստանի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է  Լոռու մարզի Արծնի գյուղի միջնակարգ դպրոցը:

Ավարտվել է Տավուշի մարզի 72 դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծման ծրագիրը, որի արդյունքում դպրոցներն ապահովվել են համակարգչային արդիական տեխնիկայով եւ գույքով: Դեսպանը նշեց, որ հնդկական կողմը պատրաստակամ է շարունակել նույն ծրագիրը մեկ այլ մարզում: Քննարկվում է նաեւ համայնքներում փոքր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում:

Անդրադառնալով համակարգչային դասարանների ստեղծման ծրագրին` Ա. Գեւորգյանը նկատեց, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը,  ներկայումս համայնքներում կատարվում են էլեկտրոնային  համակարգերի ներդրման  աշխատանքներ, եւ հնդկական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագիրը համահունչ է այդ նպատակին: 

Ա. Գեւորգյանը տեղական հումքով աշխատող փոքր արտադրությունների ստեղծմանն ուղղված ծրագրերը եւս կարեւոր համարեց համայնքների զարգացման տեսանկյունից:  Նա նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է նման նախագծերի իրականացմամբ եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter