HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Սիմոնյան. «Կցանկանայի, որ գիտական նորանոր հաջողություններն արժանանային համապատասխան գնահատականի»

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Արման Սիմոնյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ավտոմոբիլներ և տրակտորներ» ամբիոնի դոցենտ: Աշխատանքի բնագավառն է` «Գազաբալոնային ավտոմոբիլների քարշաարագային հատկանիշները և դրանց բարելավման ուղիները»:

Կարևորենք նաև, որ Արման Սիմոնյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) մրցանակաբաշխության շրջանակում ստացել է տեխնիկական գիտությունների և մեխանիկայի բնագավառում շնորհվող` Նագուշ Հարությունյանի անվան մրցանակ (1-ին կարգ)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մեխանիկայի հայկական գիտական դպրոցի մեծագույն երախտավոր, միջազգային լայն ճանաչման արժանացած ականավոր ու վաստակաշատ գիտնական, հանրապետությունում գիտության եւ բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչ, նշանավոր պետական ու հասարակական գործիչ Նագուշ Խաչատուրի Հարությունյանի կյանքի և գործունեության մասին տես այստեղ։ 

Ինչպե՞ս ընտրեցիք գիտության ուղին, գիտությունից դուրս ի՞նչ հետաքրքրություններ, նախասիրություններ ունեք, ի՞նչ սիրած ասույթներ, կյանքի ու մասնագիտական գործունեության ի՞նչ շրջադարձային պահեր կվերհիշեք։

Իմ աշխատանքային գործունեությունը կապել եմ ուսումնական գործընթացի հետ, որն առանց տվյալ բնագավառում խորը գիտելիքների տիրապետման, իրականում անիմաստ է: Իսկ խորը գիտելիքներ կարելի է ձեռք բերել միայն գիտությամբ զբաղվելով: Դրան խթան հանդիսացավ նաև այն հանգամանքը, որ ինձ շրջապատող դասախոսները, մանավանդ ղեկավարներս, իրենց գործի պրոֆեսիոնալներն են, որոնց փորձում եմ նմանվել:

Նախասիրություններս զանազան են, իսկ բնագավառները՝ տարբեր, այդ իսկ պատճառով ուղղակի առանձնացնեմ մեկը` դետեկտիվ ժանրի ֆիլմերով հետաքրքրվելը:

Յուրաքանչյուր պահը, գործողությունը և, ինչո՞ւ չէ, իրավիճակը պայմանավորված է ասույթով և կարգախոսով, մեջ բերեմ մի օրինակ՝ «Լավ է՝ ուշ, քան՝ երբեք», որովհետև կարծում եմ, որ սկսած գործը, այնուհանդերձ, պետք է վերջնակետին հասցնել:

Իմ կյանքի շրջադարձային պահն այն էր, հավանաբար, երբ ընդունվեցի Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, իսկ մասնագիտական առումով՝ երբ պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունը:

Ի՞նչ գիտական խնդիրների վրա եք աշխատել և աշխատում այժմ։

Աշխատություններս ուղղված են գազաբալոնային ավտոմոբիլների աշխատանքների լավարկմանը և ավտոմոբիլների երթևեկության անվտանգությանը:

2010 թ.–ին հանդես եմ եկել Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած ECO VARNA միջազգային գիտաժողովում և Ռուսե քաղաքի` Ռուսեյի համալսարանի միջազգային գիտաժողովում: Հրատարակված աշխատանքները, միջազգային և տեղական պարբերականներում տպագրված հոդվածները, ՀՀ արտոնագրերն են, ինչպես նաև մեթոդական ցուցումները և ուսումնական ձեռնարկները:

Ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված։

Մեր ամբիոնը համագործակցում է Մոսկվայի ագրոինժեներական համալսարանի, Կրասնոդարի ագրարային համալսարանի, Բուլղարիայի` Ռուսեի համալսարանի, Վրաստանի ագրարային համալսարանի հետ՝ գիտական աշխատանքների համատեղ հրատարակման և միջազգային գիտաժողովներում մասնակցության առումով և փորձի փոխանակումով:

Հիմնականում քանի՞ համահեղինակ ունեն Ձեր աշխատանքները։

Երկու համահեղինակ, մասնաբաժինը հավասարապես է բաշխվում համահեղինակներիս միջև, որոնց փորձն ու դերը բարձր եմ գնահատում:

Որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները և ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել՝ վիճակը շտկելու համար։

Թերֆինանսավորման պատճառը, հավանաբար, տեսականի և փորձնականի համադրման  բացակայության փաստն է, որը և կլուսավորեր գիտության այդ բաժնի կարևորությունը, հետևաբար՝ գնահատման բարձր մակարդակը, ինչպես նաև՝ համապատասխան պետական օղակների կողմից գիտությունը չկարևորելը:

Հարցի լուծման համար պետք է ՀՀ բյուջեում գիտության ֆինանսավորման մասը ավելացնել:

Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին։

Մրցանակաբաշխություններին վերաբերվում եմ զուտ դրական: Մրցանակաբաշխությունը միշտ եղել է առաջընթացի շարժիչ ուժը և պետական կառույցների կողմից այդ ուղղությամբ վերջին տարիներին ձեռնարկած միջոցառումները, իմ կարծիքով, լրջորեն կփոխեն իրավիճակը:

Ինչո՞ւմ է կոնկրետ կայանում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի»` Ն. Հարությունյանի անվան մրցանակի կարևորությունը Ձեզ համար։
Այս հանգամանքի կարևորությունը ոգեշնչումն է:

Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս ի՞նչ չափանիշներով առաջնորդվել՝  տպագրությունների քանա՞կ, թե՞ հղումների թիվ։  

Յուրաքանչյուր ձևաչափ ունի ճշտության իր աստիճանը: Սակայն, անհրաժեշտ է, բացի ազդեցության գործակցից, հաշվի առնել գիտական աշխատանքների նորարարության չափը և այն գործնականում կիրառելու հեռանկարները:

Յուրաքանչյուր բնագավառի մասնագետ առաջնային է համարում այն բաժինը, որը ներկայացնում է, հետևաբար՝ յուրաքանչյուր բնագավառ ունի իր առանձնահատկությունները, հետևապես և բարդությունները, այդ իսկ պատճառով տարաբաշխել ուղղակի ճիշտ չէր լինի:

Ի՞նչ պետք է անել, որ մրցանակաբաշխություններում պայմաններն ավելի ընդունելի դառնան և՛ փորձարարների, և՛ տեսաբանների համար։ Չէ՞ որ քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, շահում են տեսաբանները։

Դուք իրավացի եք: Մեզ մոտ  նյութատեխնիկական բազաները ապահովված չեն ժամանակակից սարքավորումներով, իսկ անհավասար պայմանների մեջ դնել փորձարարներին ու տեսաբաններին, իմ կարծիքով, ճիշտ չէ, քանի որ ամեն մի բնագավառի գիտնական, լինի փորձարար, թե տեսաբան, ձգտում է կատարել իր աշխատանքը՝ բարձր մակարդակով:

Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս միշտ դժվարություն է առաջանում կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելու հարցում։ Ի՞նչ կարծիքի եք՝ h-ինդեքսն այս դեպքում օգտակա՞ր է։

Իմ կարծիքով, կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները պետք է բարձր գնահատել: Գնահատման չափանիշները կարող են լինել տարբեր, իսկ h-ինդեքսն այդ դեպքում կարող է զգալի օգտակար լինել:

Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները։  

Առաջնայինը աշխատավաձի և սոցիալական պայմանների ցածր մակարդակն է, երկրորդն աշխատանքները խթանող պայմանների բացակայությունն է։ Այս խնդիրների լուծումը կարող է տալ միայն կառավարությունը:

Ինչպե՞ս եք վերաբերվում գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը։ Արդյո՞ք գիտնականը չի դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։

Գիտնականը նախևառաջ, սովորական մահկանացու է, որի առաջնային խնդիրն ընտանքի նվազագույն խնդիրները հոգալն է, որպեսզի չշեղվի իր ուղղությունից։  Իսկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում խնդիրների բարձրացնելը ուշադրություն հրավիրելու ուղիներից մեկն է:

Տեսնո՞ւմ եք վերջին տարիներին դրական միտումներ։

Առաջխաղացման միտումներ միանշանակ կան, հետևապես և ընդունում եմ դրանք՝ որպես դրական:

Որքա՞ն է տարածված կոռուպցիան գիտական աշխարհում, և արդյո՞ք կա շահագործում։

Կոռուպցիան գիտական աշխարհում որոշ չափով կա, սակայն ես անձամբ չեմ առնչվել և չեմ տուժել:

Եթե մարդ տիրապետում է իր աշխատանքին, նրան շահագործելը կապված է բազմաթիվ գործոնների հետ, հատկապես տվյալ անձնավորության որակական հատկանիշների հետ: Իսկ եթե մարդը շահագործվում է, ապա դա կախված է նրա կամային հատկանիշներից:

Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք՝ Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

Վեց ամիս սովորել եմ Բուլղարիայի Ռուսեի համալսարանի դոկտորանտուրայում: Արտասահմանում աշխատանքով զբաղվելիս չեմ մտածել սարքավորումների հայթհայթման, ինչպես նաև ֆինանսների պակասության մասին, քանի որ դրա կարիքը չէր զգացվում:

Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞։

Հավանաբար, կախված գիտության բնագավառներից և գենային հատկանիշներից, սեռը կարող է որոշակի ազդեցություն ունենալ կարիերայի հարցում:

Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգին։

Համակարգի ներդրումը շատ անհրաժեշտ է, բայց ներդնելուց առաջ պետք է քննարկել համապատասխան կազմակերպություններում:

Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։

Երկարաժամկետ տեսլականով` և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում: Հարցի պատասխանը ավելի հստակ կլինի 2-3 տարուց, քանզի այդ ժամանակահատվածում կպատկերավորվի գիտնականի դերն ու նշանակությունը մեր պետության պետական այրերի տեսադաշտում։

Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը։

Գիտական հանրությանը կցանկանայի մաղթել գիտական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ, որոնք կարժանանային համապատասխան գնահատականի, և որ գիտնականը, բացի իր բուն աշխատանքից (գիտությունից), չմտածեր կողմնակի աշխատանքի մասին:

Հարցազրույցը վարեց Մանե Հակոբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter