HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկուկես տարվա դատական վազք այն տեղեկությունները ստանալու համար, ինչն օրենքով 5 օրում պիտի տրամադրվեր քաղաքացուն

2011 թ. հունիսի 22-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի: Հայցվորը մեկուկես տարի առաջ տեղեկություններ էր հարցրել ՀՀ ՊԵԿ նախագահից 2009 թվի դեկտեմբերին աշխատակազմի տարեմուտի հանդիսության եւ պարգեւատրումների մասին ու պատասխանի չէր արժանացել: Խոսքը 29.5 մլն դրամով հանդիսության եւ 21,2 մլն դրամով 20 ժամացույցների գնման գործարքների մանրամասների մասին է: Միայն դատական հայց ներկայացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանել էր հարցմանը եւ մերժել տեղեկությունների տրամադրումը:

Առաջին անգամ գործը լսվել է 2010 թ. առաջին կեսին եւ դատավոր աշխատող Ա.Առաքելյանի վճռով մերժվել, այն պատճառաբանություններով, թե կառավարությունը տեղեկությունների դասակարգման եև պահպանման կարգ չի սահմանել, իսկ տարեմուտի ծախսեր անելիս ՊԵԿ-ը իր գործառույթներով չի զբաղվել եւ ուրեմն օրենքով սահմանված տեղեկություններ չէին կարող ձեւավորվել (!):

2010 թվի դեկտեմբերի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանեց այդ վճիռը եւ գործը վերադարձրեց ՀՀ վարչական դատարան, որը նորից լսեց գործը 2011 թվի մարտ-հունիս ամիսներին, իսկ վճիռը հրապարակեց հունիսի 22-ին:

19 էջ կազմող բավականաչափ հանգամանալից վճռում դատարանը ներկայացրել է գործի բոլոր մանրամասները եւ որոշել` ճանաչել Լ.Բարսեղյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, պարտավորեցնել ՀՀ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանին` տրամադրել հարցված տեղեկությունները եւ պատասխանողից հօգուտ հայցվորի գանձել 24.000 դրամ` որպես վճարված պետական տուրքերի փոխհատուցում: Վճիռն ուժի մեջ է մտնում 2011 թվի հուլիսի 22-ին, իսկ մինչ այդ ՀՀ ՊԵԿ-ը իրավունք ունի վճիռը բողոքարկվել վարչական վերաքննիչ դատարան:

Գործով Լ.Բարսեղյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը վճռին ծանոթանալուց հետո զարմանք հայտնեց նման բեւեռացվածության կապակցությամբ.-Այս գործով հին եւ նոր վճիռներն իրարից ծայրահեղորեն տարբեր են, հինը անհամոզիչ էր, չպատճառաբանված եւ խեղաթյուրել էր իրավունքի էությունը, իսկ այս նոր վճիռը` մանրամասն, համոզիչ մարդկային լեզվով գրված, այնպիսի վճիռ է կայացվել, որ, կարծում եմ, պարտված կողմը խռոված եւ նեղացած չպիտի հեռանա դատարանից: Արժե, որ բոլոր դատական ակտերը այս սկզբունքով լինեն, անկախ գործից եւ ատյանից:  

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «Ասպարեզ» ակումբը բարձր է գնահատում դատավոր Ռուզան Հակոբյանի կատարած աշխատանքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն քանիերորդ անգամ պետական մարմինները տեղեկություն չտրամադրելու իրենց գործողությունները փորձում են արդարացնել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի բացակայությամբ (ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 5-րդ եւ 10-րդ հոդվածներով նախատեսված պահանջները), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մոտ օրերս կդիմի ՀՀ վարչապետին, առաջարկելով վերջապես ընդունել այդ ակտերը:

Այս հաղորդագրությանը կից ներկայացվում է վճիռն ամբողջությամբ: Այն արժեքավոր է համանման գործերով զբաղվող անձանց, կազմակերպությունների, իրավաբանների, փաստաբանների, լրագրողների, պետական եւ համայնքային պաշտոնյաների համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter