Առողջապահություն եւ սոցիալական պաշտպանություն. ի՞նչ են առաջարկում Երեւանի կառավարման համար պայքարող ուժերը
Երեւանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցում է 6 կուսակցություն (ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Առաքելություն») եւ կուսակցությունների 1 դաշինք («Բարեւ Երեւան»):
Քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 7-ին: Ի թիվս այլ հարցերի՝ մասնակից ուժերը անդրադարձել են նաեւ առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրներին:
Մայրաքաղաքը ղեկավարող հիմնական ուժը՝ ՀՀԿ-ն, իր ծրագրում կետերով ներկայացրել է ոլորտները, որոնցից յուրաքանչյուրը բաժանել է երկու փուլի՝ 2009-2013 թթ. («Լավ Երեւան») եւ 2013-2017 թթ. («Ավելի լավ Երեւան»): Նախընտրական ծրագրի 7-րդ կետը վերնագրված է «Առողջ եւ ապահով Երեւան», որտեղ անդրադարձ է կատարված առողջապահության եւ տրանսպորտի խնդիրներին: Այս կետի առաջին փուլում՝ 2009-2013 թթ., ներկայացված են կատարված աշխատանքները.
• Թվով 4 առողջապահական հաստատությունների ջեռուցում եւ վերանորոգում
• Բուժսարքավորումների եւ ծառայությունների արդիականացում
• Շտապբուժօգնության նոր մեքենաների ձեռքբերում (թվով 35)
• Մոր եւ մանկան սոցիալական ծրագրերի իրականացում
• Հաշմանդամների ազատ տեղաշարժման համալիր ծրագրերի իրականացում
• Վարակիչ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացում
• Սոցիալապես անապահով խմբերին օժանդակության համալիր ծրագիր
• Բարեգործական 12 ճաշարանների կազմակերպում
• Կարիքավոր ընտանիքների 3600 երեխաների ամառային հանգստի կազմակերպում
• Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում ընտանեկան նպաստների համակարգի կատարելագործում
• Անօթեւաններին ժամանակավոր կացարաններով ապահովում եւ 162 մարդու խնամքի կազմակերպում:
2013-2017 թթ.-ին ՀՀԿ-ն ծրագրում է իրականացնել հետեւյալ քայլերը.
• Առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդրի հիմնովին լուծում
• Երեւանի ենթակայության առողջապահական հաստատությունների վերանորոգման եւ վերազինման շարունակականության ապահովում
• Ընտանեկան բժշկության զարգացման օժանդակության եւ մասնագիտացված բուժօգնության մատչելիության շարունակականություն
• Բնակչության հիգիենիկ-համաճարակային անվտանգության եւ կանխարգելման ապահովում
• Հաշմանդամների ազատ տեղաշարժման համալիր ծրագրերի շարունակականության ապահովում
• Անօթեւաններին ժամանակավոր կացարաններով ապահովում եւ խնամքի կազմակերպում
• Կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման շարունակականություն
• Սոցիալապես անապահով խմբերին օժանդակության, բարեգործական ճաշարանների գործունեության շարունակականության ապահովում
• Միջուկային բժշկության տարածաշրջանային գերազանցության կենտրոնի գործարկում
• Համայնքային ծառայողի առողջապահական պարտադիր ապահովագրում:
ԲՀԿ-ն առողջապահությանն անդրադարձել է իր ծրագրի «Հանրակրթություն եւ առողջապահություն» բաժնում: «Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական հիմնարկների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը պետք է համապատասխանի ժամանակի պահանջներին եւ մատչելի լինի բոլոր երեւանցիների համար»,- ասվում է «Բարգավաճ Հայաստանի» ծրագրում:
Ի տարբերություն ՀՀԿ-ի, որը շեշտը դնում է կատարած քայլերի շարունակականության վրա՝ ԲՀԿ-ն որոշակի անդրադարձ-վերլուծություն է կատարում առկա իրավիճակի վերաբերյալ ու առաջարկում իր քայլերը. «Գաղտնիք չէ, որ անապահով բազմաթիվ մեր համաքաղաքացիներ չեն դիմում համապատասխան բուժհաստատություններ՝ վճարունակ չլինելու պատճառով, վտանգելով իրենց առողջությունը: Ուստի, քաղաքային իշխանությունները պետք է անհապաղ մշակեն եւ իրականացնեն անապահով քաղաքացիներին մատչելի եւ որակյալ առաջնային բուժօգնության համալիր ծրագիր: Միաժամանակ պետք է իրենց լուծումը ստանան առողջապահական հիմնարկների շենքային պայմանների, բուժտեխնիկայի եւ գույքի արդիականացման հիմնահարցերը»:
Հետաքրքիր բարեփոխումներ է ներկայացնում ՀԱԿ-ը, որը թեմային անդրադարձել է իր ծրագրի «Սոցիալական ոլորտ» եւ «Առողջապահություն» բաժիններում:
«Բժշկական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու, մատչելի դարձնելու, սոցիալական արդարության եւ համերաշխության սկզբունքներ սերմանելու ու ռեսուրսները նպատակային օգտագործելու համար» ՀԱԿ-ն առաջարկում է առողջապահության բնագավառի զարգացման իր տեսլականը:
Ըստ այդմ՝ «Երեւանում կներդրվի առողջապահական «հիմնական ծառայությունների փաթեթից» (անվճար բուժօգնությունից) օգտվելու եւ անվճար դեղորայք ստանալու հնարավորություն տվող` էլեկտրոնային վճարահաշվարկային անհատական քարտերի համակարգ: Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներին անվճար կտրամադրի էլեկտրոնային անհատական քարտեր: Այդ համակարգը քաղաքացիներին հնարավորություն կտա անվճար բժշկական ծառայություն ստանալու համար ընտրություն կատարել քաղաքային ենթակայության բուժհաստատությունների միջեւ: Բնակչության մատուցած ծառայության համար բուժհաստատությանը կվճարի քաղաքապետարանը: Համակարգը կապահովի բժշկական հաստատությունների արդյունավետ ֆինանսավորումը եւ կբացառի ֆինանսական միջոցները վատնելու հնարավորությունը»:
ՀԱԿ-ը գտնում է, որ «իրականացվող բարեփոխումները հնարավորություն կտան բուժաշխատողներին վարձատրել արժանավայել` իրենց կողմից մատուցված ծառայություններին համարժեք»: Կուսակցությունը առաջարկում է մի նոր քայլ եւս. «Երկարատեւ խնամքի կարիք ունեցող եւ քրոնիկ հիվանդների համար կստեղծվեն հատուկ հաստատություններ ու ցերեկային խնամքի կենտրոններ (հոսպիսներ)»:
Իբրեւ սոցոլորտի բարեփոխում ՀԱԿ-ն առաջարկում է հետւյալ քայլերը.
Բազմազավակ, խիստ կարիքավոր ընտանիքների համար Երեւանում կստեղծվի սոցիալական բնակարանային ֆոնդ:
Բնակության վայր չունեցող (անօթեւան) անձանց համար կհիմնվեն «սոցիալական հյուրանոցներ»:
Կներդրվի եւ կիրականացվի սոցիալական խնդիրների արագ արձագանքման` «սոցիալական շտապ օգնության» ծրագիր:
Բազմազավակ ընտանիքների համար կիրականացվեն սոցիալական ծրագրեր, մասնավորապես` կտրվեն ամսական հավելավճարներ եւ տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցում:
ՀՅԴ-ն իր ծրագրի «Առողջապահություն եւ սոցիալական պաշտպանություն» բաժնում մեծ տեղ է հատկացրել սոցիալապես խոցելի խմբերին՝ նրանց համար մատնանշելով իրականցվելիք մի շարք ծրագրեր:
Եվ այսպես՝ Դաշնակցությունն առաջարկում է.
գործադրել սոցիալական բնակֆոնդի բաշխման արդյունավետ մեխանիզմներ, այդ բնակֆոնդից երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին անհատույց (առանց օտարելու կամ ուրիշի օգտագործման տրամադրելու իրավունքի) տրամադրել բնակարաններ,
սահմանել լրավճարներ սոցիալապես առավել խոցելի խավերի համար` հաշվի առնելով բնական գազի, ջրի, էլեկտրական էներգիայի օգտագործման նվազագույն անհրաժեշտ սահմանաչափերը,
հզորացնել երեխաների ցերեկային խնամք իրականացնող կազմակերպությունների (մանկապարտեզներ, դպրոցական երկարօրյա խմբակներ) կարողությունները (ներառյալ` հատուկ կարիքներով երեխաներին մասնագիտացված ցերեկային խնամք տրամադրելը), բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը,
արդիականացնել տարեցների խնամքի հաստատությունների, տնային պայմաններում խնամքի կազմակերպման համակարգը, ձեւավորել ծերապարտեզների ցանց,
տեղաշարժվելու սահմանափակում ունեցող անձանց համար ապահովել լիարժեք միջավայր,
ֆինանսական աջակցություն տրամադրել հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ներին,
հզորացնել առողջապահական առաջնային պահպանման օղակի կարողությունները և մատուցվող ծառայությունների որակը, գործադրել առողջապահական համակարգի զարգացման համալիր ծրագիր:
ՕԵԿ-ն իր 18-էջանոց ծրագրում առողջապահական թեմային անդրադարձել է շատ թռուցիկ: Կուսակցությունը նախ նշել է, որ ունի ռազմավարական առաջնահերթություններ՝ «Երեւանն առանց աղքատության», «Մաքուր եւ բարեկարգ Երեւան», «Երեւանի համաչափ զարգացում»:
«Երեւանն առանց աղքատության» համալիր ծրագրի նպատակը, ըստ ՕԵԿ-ի, առաջիկա 4 տարիների ընթացքում աղքատությունը նվազագույնի հասցնելն է, նոր աշխատատեղերի ստեղծման և բնակչության զբաղվածության ընդլայնման համալիր ռազմավարական քայլերի մշակումն ու իրականացումը: Այդ ծրագրի ընդունումը, ի թիվս այլ քայլերի, հնարավորություն կտա ներդնել որակյալ առողջապահական համակարգ, որի շնորհիվ մայրաքաղաքը կդառնա առողջապահության կենտրոն: «Երեւանի համաչափ զարգացում» ծրագրի նպատակներից մեկն էլ առողջապահական հանգույցների ստեղծումն է:
«Սոցիալական ոլորտի գործառույթների արդիականացում» բաժնում կուսակցությունը ուշադրություն է հրավիրում մայրաքաղաքի բյուջեին սոցիալական ուղղվածություն տալու հանգամանքի վրա. «Այսօր Երեւանում անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել նոր սոցիալական ռազմավարություն, որը էականորեն կբարելավի սոցիալապես առավել խոցելի խավերի եւ խմբերի վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ է նախատեսել քաղաքային բյուջեի մաքսիմալ սոցիալական ուղղվածությունը»:
Անդրադարձ կատարելով ներկա վիճակին՝ ՕԵԿ-ը նշում է. «Սոցիալական քաղաքականությունը մայրաքաղաքում դեռևս չի համապատասխանում իր առաքելությանը` սոցիալական համերաշխության եւ արդարության կայացմանը: Քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությունը` մի կողմից ֆինանսական միջոցների անբավարարության եւ մյուս կողմից գործող վարչարարության մեխանիզմների անկատարության պատճառով, ոչ միայն չի նպաստում կուտակված հիմնախնդիրների լուծմանը, այլեւ տարեցտարի խորացնում է սոցիալական բեւեռացումը: Սոցիալական աջակցության եւ օգնության գործող համակարգի արդյունավետությունը խիստ ցածր է, թույլ է հասցեականությունը, որը հաճախ հիմք է դառնում սոցիալական արդարության սկզբունքի խախտման համար»:
Այնուհետեւ ՕԵԿ-ը ներկայացնում է սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման իր տեսլականը, սակայն կոնկրետ քայլեր՝ հստակ ձեւակերպումներով, չի ներկայացնում. «Քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում պետք է մշտապես նաեւ լինի որակյալ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունների ու երաշխիքների ապահովումը, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ընդլայնումն ու արդիականացումը, մայրության եւ մանկության սոցիալական պահպանության համակարգի զարգացումը, երեխաների ամառային հանգստի կազմակերպումը, նախադպրոցական հաստատությունների ցանցի զարգացումը: Անհրաժեշտ է մշտական հսկողություն սահմանել ավագ տարիքի մարդկանց եւ հաշմանդամների կյանքի արժանի մակարդակի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, սոցիալապես անապահով խավերի, աշխատանքի եւ պատերազմի վետերանների, վիրավոր եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար անվճար ծառայությունների ցանկի ընդլայնմանը»:
«Առաքելություն» կուսակցության ծրագիրը տեղավորվում է մեկ էջում: Այս ուժն իր քայլերը ներկայացրել է ամբողջական՝ առանց բաժինների, պարզապես ծրագրերը ներկայացնելով կետերով: Սոցիալական ոլորտի մասին կետում ասվում է. «Սոցիալական բնակարանների կառուցում, բժշկական, սոցիալական աջակցություն անապահով խավերին»: Սոցիալական միջոցառումների շարքում են դասվում նաեւ հետեւյալ կետերը. «Ավելի քանի հիսուն հազար հաշմանդամների համար տրանսպորտից և հասարարական վայրերից լիարժեք օգտվելու հնարավորության ապահովում» եւ «Մետրոպոլիտենի ուղեվարձի նվազեցում` 50 դրամ, դպրոցականներին, ուսանողներին, թոշակառուներին՝ անվճար սպասարկում»:
«Բարեւ Երեւան» դաշինքի ծրագրում առողջապահությանը առանձին բաժին նվիրված չէ, եւ որպես այդպիսին անդրադարձ չկա: Իսկ սոցիալական պաշտպանության թեման դաշինքը մասնավորապես դիտարկում է կառուցապատման շրջանակներում.«…օրենքով թույլատրված գոտիներում խրախուսել այն բիզնես նախագծերը, որոնք ունեն սոցիալական ուղղվածություն եւ լուծում են ինչպես տվյալ տարածքի, այնպես էլ երիտասարդ կամ խիստ բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները»: Կոմունալ սպասարկման եւ հանրային ծառայությունների վերաբերյալ «Բարեւ Երեւանը» ի թիվս այլ քայլերի նախատեսում է. «Հավասարապես բարձրացնել քաղաքային իշխանության ու նրա վարչական ներկայացուցչությունների պատասխանատվությունը կենտրոնական կառավարության կողմից երեւանցուն մատուցվող ծառայությունների համար` ապահովելով օրինականություն ու բացառելով կոռուպցիան, դրամաշորթությունն ու դրամահավաքը հատկապես Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող առողջապահական, կրթական ու նախակրթական հաստատություններում, վարչական շրջանների նստավայրերում տեղակայված սոցիալական ապահովության եւ այլ բաժիններում»:
Ամփոփելով՝ կարելի է նշել, որ իրենց ծրագրերում գոնե առողջապահությանը եւ սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցերում հստակ քայլեր են առաջարկել ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնցից մի քանիսն իսկապես նորություն են: ՀՀԿ-ն շեշտը դրել է ներկա քայլերի շարունակությունն ապահովելու վրա եւ դա որակել իբրեւ «ավելի լավ», սակայն դժվար է ասել, թե գործընթացի շարունակությունը ինչու պիտի «ավելի լավ» կոչվի, եթե եղածը ոչ միայն շարունակելու, այլեւ ավելացնելու ու բարեփոխելու կոնկրետ գործողություններ գրեթե նշված չեն: ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի ծրագրերում ներկայացվածը, ըստ էության, ցանկությունների դաշտից է, քանզի այս ուժերը իրենց քննադատած վիճակը բարելավելու համար որեւէ հստակ քայլ չեն առաջարկում: Արդյունքում ստացվել է գեղեցիկ նախադասությունների երկար շարան՝ առանց կոնկրետ գործողության: Նույնը կարելի է ասել նաեւ «Առաքելություն» կուսակցության մասին:
Բավական է ասել, որ ՕԵԿ-ն իր ծրագրում 19 անգամ օգտագործել է «անհրաժեշտ» բառը, 13 անգամ՝ «պետք է», 12 անգամ՝ «ապահովում», ՀՀԿ-ն «ապահովում» տերմինը կիրառել է 13 անգամ, իսկ ահա ԲՀԿ-ն 18 անգամ նշել է «անհրաժեշտ», ավելի քան 30 անգամ՝ «պետք է», «Բարեւ Երեւանը» «պետք է» արտահայտությունն օգտագործել է 16 անգամ: Մյուս կուսակցությունները գերադասել են տուրք չտալ այս ձեւակերպումներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել