Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում պարոն Յագլանդն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, այս անգամ այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին:
«Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Սա շատ կարեւոր հանգրվան է Հայաստանի համար իբրեւ ԵԽ անդամ երկիր, բայց նաեւ՝ մեծ պատասխանատվություն, եւ մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու այս առաքելությունը»,- ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընդունելության համար՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության ամրապնդման առումով զգալի բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են։
Զրուցակիցները քննարկեցին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները, կարեւորեցին դրանցում Եվրոպայի խորհրդի բոլոր երեք ուղղությունների` մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ներառումը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՀՀ նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտգործնախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջկրոնական, միջմշակութային երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Ծրագրված է Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով համաժողով։ Կայանալու են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահի այցը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աջակցություն հայտնեց կազմակերպության բարեփոխմանն ուղղված Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի իրականացումը:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը:
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը ստորագրեցին Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հիմնադրման եւ դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի:
Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը հանդես եկան նաև համատեղ մամլո ասուլիսով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել