Թեղուտի ծրագիրը անհամատեղելի է օրինական Հայաստանի հետ
Հարցազրույց «Թեղուտի քաղաքացիական պաշտպանության նախաձեռնության» անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանի հետ
Արթուր, ի՞նչ խնդիր կա Թեղուտ անվան կապակցությամբ և ինչո՞ւ է ստեղծվել «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»:
Թեղուտը հանքարդյունաբերական հրեշի գլուխն է: Թեղուտում դրսևորվում է Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերական գործունեության ամբողջ «հմայքը»՝ օֆշորում գրանցված ընկերություն, որի իրական սեփականատերերը ակնհայտորեն իշխանության ամենաբարձրաստիճան օղակներում են, սանձարձակ անօրինականություններ, բուսական և կենդանական հազվագյուտ բազմազանություն, որը ենթակա է ոչնչացման, տնտեսական զարգացման հսկայական ռեսուրսներ ունեցող կենսատարածք, որը վերածվելու է թունավոր թափոններով հավերժ աղտոտված մեռյալ գոտու և այլն: Այստեղ կենտրոնացված են բոլոր այն խնդիրները, որոնք բնորոշ են Հայաստանի տարբեր հատվածներում իրականացվող հանքարդյունաբերական գործունեությանը:
Արդեն հայտնի է, որ Թեղուտի հանքավայրը շահագործելու լիցենզիա ստացած «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը 2010թ.-ին դիմել է միջազգային «Environmental Resources Management» (ERM) կազմակերպությանը, որպեսզի իրենց ասելով «կազմեն բնապահպանական առումով նախընտրելի լրացումներ աշխատանքային նախագծի համար»: (Աշխատանքային նախագիծը հաստատվել է 2006թ.-ին): Ձեր նախաձեռնությունը պնդում է, որ այդ ERM-ի հաշվետվության մեջ մի քանի տեղերում հստակ խոսվում է 2010թ.-ի ինչ-որ նոր ի հայտ եկած աշխատանքային նախագծի մասին և դուք կասկած ունեք, որ այժմ հանքավայրի աշխատանքները իրականացվում են նոր` 2010թ.-ին գրված և փորձաքննություն չանցած նախագծով: Ի՞նչպես կարելի է համոզվել այս կամ այն կողմի ճշմարտացիության մեջ:
Այս իրավիճակը հանքարդյունաբերողների լպիրշության ու պատասխանատու չինովնիկների հանցավոր վարքագծի ցայտուն դրսևորում է: Խնդիրն այն է, որ ինչ-որ մասնավոր ընկերություն իրավունք չունի պետության կողմից հաստատված նախագծում ինքնագլուխ փոփոխություններ կատարել: Նախ, օրենքի համաձայն, ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի լիազոր պետական մարմնի՝ տվյալ դեպքում բնապահպանության նախարարության հետ: Շահագործող ընկերությունը անգամ հարկ չի համարել այդ մասին պետական կառույցներին տեղյակ պահել: Բացի դրանից, մեր ձեռքին եղած նյութերը վկայում են, որ խոսքը միանգամայն նոր, ամբողջությամբ փոփոխված նախագծի մասին է, որն անհամեմատելի է նախորդի հետ: Փոփոխություններն այնպիսի ծավալների են հասնում, որոնց համար գործող ՇՄԱՓ օրենքի 4-րդ հոդվածի հիման վրա պահանջվում է իրականացնել նոր փորձաքննություն:
Իսկ ճշմարտությունը պարզելը շատ հեշտ է՝ հանցագործության մասին մեր ներկայացրած հաղորդման հիման վրա իրավապահ մարմինները պետք է նյութեր նախապատրաստեն և ընկերությունից պահանջեն բոլոր փաստաթղթերը: Հետո ուսումնասիրեն դրանք, տեղազննություն իրականացնեն և պարզեն, թե որքանո՞վ է իրականացվող գործունեությունը համապատասխանում տրված թույլտվություններին: Հետո պարզեն, թե ի՞նչ ծավալի խախտումներ կան և արդյո՞ք առկա են քրեական հանցագործության հատկանիշներ, թե՞ ոչ: Իսկ որպես առաջնահերթություն, «Վալլեքս» ընկերությունից պետք է պահանջեն ERM կազմակերպության կողմից տրված փաստաթուղթը, որի առկայությունը չի հերքում նաև ընկերությունը, սակայն հրաժարվում է այն հրապարակել:
Անցած տարվա դեկտեմբերին նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ դատախազություն` հաղորդելով կասկած առ այն, որ Թեղուտի հանքավայրը շահագործվում է փորձաքննություն չանցած նոր անհայտ նախագծով: Դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման հարցին պատասխանել էր, որ նման հաղորդում չի ստացվել, մինչդեռ հաղորդումը ներկայացնելու պահը նկարահանվել է և տարածվել: Ի՞նչն է պատճառը, որ իրավապահ մարմինները չեն ցանկանում ստուգել արդյոք ձեր հայտնած կասկածը հիմնավոր է, թե` ոչ:
Ես սա կարող եմ բացատրել այն նույն տրամաբանության մեջ, ինչպես 2010 թվականին ստորացուցիչ իրավախախտումների գնով դատարանը հրաժարվեց մեր ներկայացրած հայցը վարույթ ընդունել: Մեր ունեցած տվյալներով ՀՀ նախագահի խորհրդականներից մեկը զանգահարել է համապատասխան սուբյեկտին և հրահանգել գործը վարույթ չընդունել: Նույնպես և հիմա: Այստեղից էլ գալիս է այն լպիրշ ամենաթողության վիճակը, երբ ամբողջ համակարգը մաս է կազմում մի մեծ կոռուպցիոն շղթայի և կոծկում է բացահայտ հանցագործությունը:
Ի՞նչ է գրված ERM կազմակերպության հաշվետվության մեջ: Եթե ընդունենք, որ իսկապես կա 2010թ.-ին մշակված նոր մեզ անհայտ նախագիծ, ապա ի՞նչով է այն տարբերվում 2006թ.-ին հաստատված նախագծից:
Նախ նշեմ, որ ERM-ը, ըստ էության, վերահաստատել է մեր գնահատականը «Վալլեքս» ընկերության կազմում գտնվող Լեռնամետալուրգիայի ինստիտուտի մասնագիտական ունակությունների մասին՝ 2006 թվականին հաստատված նախագիծն, ըստ էության, գնահատելով որպես խիստ անբավարար և ոչ պրոֆեսիոնալ: Նաև դա է պատճառը, որ ընկերությունը համառորեն հրաժարվում է հրապարակել այդ փաստաթուղթը: Հաստատված նախագծին տրված գնահատականներին զուգահեռ, ERM-ն անդրադարձել է նաև 2010 թվականին մշակված նոր, մեզ անհայտ նախագծին, որին մասնակցել են նաև Ստարտկոնա, Միկրոմայն և Կավոշգարեն միջազգային խորհրդատվական կազմակերպությունները: ERM-ը հատուկ անդրադարձել է նաև այն փաստին, որ վերջին նախագիծը օրենքով սահմանված կարգով չի ներկայացվել պետական փորձաքննության, ինչն օրենքի խախտում է: Իսկ նոր նախագծում ավելացել են շահագործման ծավալները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով՝ ավելի լայնածավալ հատումներ, ավելի շատ թափոններ և, անշուշտ, միանգամայն այլ եկամուտներ: Եթե մի պահ մի կողմ թողնենք բնապահպանական հարցերը, վերջապես, մենք գործ ունենք լրիվ նոր ձեռնարկատիրական գործունեության հետ, որտեղ արդյունահանման իրական ծավալները թաքցվում են հարկային մարմիններից, ու դա բոլորն են հասկանում: Հիմա հարց՝ ինչու՞ իրավապահ մարմինները համարժեք քայլեր չեն ձեռնարկում՝ անգամ մեր կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո:
Ո՞ւմ է պատկանում Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը: Առհասարակ մենք ի՞նչ գիտենք Հայաստանի ընդերքը շահագործող ընկերությունների սեփականատերերի մասին:
Մեզ հայտնի տվյալներով այս հանքավայրի շահագործման մեջ ներգրավված է հենց ինքը, երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Այդ մասին բազմիցս հրապարակավ նշվել է, կան բազմաթիվ անուղղակի փաստեր: Ընկերությունն էլ, իհարկե, գրանցված է ինչ-որ կորած օֆշորում՝ Լիխտենշտեյնում: Հանքատեր բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին և օրենսդիր Տիգրան Արզաքանցյանին պատկանող տասնյակ հանքավայրերի մասին տեղեկատվության բացահայտումներից հետո կարծես ակնհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում օֆշորներում գրանցվելը: Օֆշորը կոռուպցիայի որջ է փողերի լվացման և եկամուտների ու ծախսերի վերաբերյալ մեքենայություններ անելու համար և թույլ է տալիս գաղտնի պահել իրական սեփականատերերին: Ստացվում է այնպես, որ հանքավայրի սեփականատերեր-պաշտոնյաները միաժամանակ և բիզնես են անում, և օրենք են ընդունում իրենց բիզնեսի եկամտային հարցերի վերաբերյալ, և «ապահովում» են այդ օրենքների կիրառությունը:
Ի՞նչու եք մերժում Թեղուտի ծրագրի նպատակահարմարությունը: Շատերը պնդում են, որ երկրի համար դա տնտեսական զարգացման հիմք է, դուք այդպես չե՞ք կարծում:
Թեղուտին վերաբերող հիմնահարցերը չափազանց ծավալուն են մի քանի նախադասությամբ ներկայացնելու համար: Ես նշեմ ընդամենը երկու ասպեկտ՝ իրավական և սոցիալ-տնտեսական: Սոցիալ տնտեսական տեսանկյունից սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաայլանդակ նախագիծն է, բոլոր առումներով: Տնտեսական առումով այն պետության և հանրության համար ապահովում է չնչին եկամուտներ, մինչդեռ տնտեսական զարգացման անսահմանափակ ռեսուրսներ ունեցող մի հսկայական տարածք ուղղակի դուրս է բերվելու պետության տնտեսական հաշվեկշռից: Շահագործումից հետո այդ տարածքը վերածվելու է հսկայածավալ թունավոր թափոններով աղտոտված մեռյալ գոտու, որտեղ այլևս ոչ մի տնտեսական գործունեություն հնարավոր չի լինելու նախաձեռնել՝ հանգեցնելով բնակչության զանգվածային արտագաղթի ոչ միայն Թեղուտ և Շնող համայնքներից, այլև ամբողջ Լոռվա մարզից: Անձամբ ինձ համար Թեղուտի հիմնահարցը Հայաստանում բնակվել-չբնակվելու հարց է: Թեղուտի շահագործման պարագայում մարդիկ Հայաստանից հեռանալու են ոչ թե լավ կյանքի փնտրտուքով, այլ որովհետև այստեղ ապրելն անհնարին է լինելու բառիս բուն իմաստով:
Ի՞նչ իրավական հիմքեր կան պնդելու, որ Թեղուտի հանքի շահագործման ծրագիրն անօրինական է և ի՞նչ օրինական ճանապարհներ են բաց` խնդիրի օրինականությունը վիճարկելու համար:
Իրավական մասը մեր ամենահաջողված կողմն է: Նախ, Թեղուտի հանքավայրի շահագործումն անօրինական է, և դա ամրագրված է միջազգային կազմակերպության որոշմամբ: Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության Կոմիտեն արձանագրել է, որ թույլտվությունները տրվել են կոնվենցիայի, այսինքն՝ Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայի խախտմամբ: Իրավական առումով Կոմիտեի որոշումը նշանակում է, որ Թեղուտի հանքավայրի շահագործման համար տրված թույլտվությունները պետք է օրենքով սահմանված կարգով անվավեր և առոչնչ ճանաչվեն, որն էլ ենթակա է պարտադիր կատարման: Սա արդեն իսկ բավարար հիմք է գործընթացը դադարեցնելու համար: Գիտեք նաև, որ մեզ զրկել են դատարան դիմելու հնարավորությունից: Ամեն ինչ չափազանց ակնհայտ է: Մեր ունեցած փաստերն անհերքելի են, դրա համար էլ դատարանին թույլ չեն տալիս անգամ գործը վարույթ ընդունել և քննություն սկսել: Նրանք շատ լավ հասկանում են, որ եթե Թեղուտի գործը մտավ դատարան, իրավական հարթության վրա սկսվեց փաստերի ուսումնասիրություն, հանքարդյունաբերական ամբողջ հանցավոր բուրգը փլուզվելու է: Նրանք վախենում են ոչ թե ձեռնասուն դատարանի վճռից, այլ հանրության աչքի առաջ առկա փաստերը իրավական հարթության վրա քննելուց: Կա նաև հաջորդ կողմը՝ այս պահի դրությամբ հանքավայրը շահագործվում է օրենքով սահմանված կարգով թույլտվություն չստացած՝ նոր նախագծով, որն ինքնին քրեական հանցագործություն է և գործունեությունն արգելելու բացարձակ հիմք:
Հարցազրույցը` Արմեն Սաղաթելյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել