HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիացի հայագետ. «Հայերը պետք է ընտրեն ինքնության պահպանության ճապոնական մոդելը»

Ֆրանսիացի հայագետներ,  ամուսիններ Ժան-Պիեռ Մահեի եւ Աննի Մաեի «Հայաստանի պատմությունը. ծագումից մինչ մեր օրերը» ծավալուն աշխատությունը այսուհետ կդառնա այն հիմնական աղբյուրներից մեկը, որին հղում կանեն ոչ միայն հայագիտությամբ զբաղվող օտարերկրացիները, այլեւ հենց հայերը: Երեկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը պրոֆեսոր Մահեն, ով Հայաստանում է «Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի ամփոփոիչ միջոցառումների շրջանակում, անձամբ ներկայացրեց իր գիրքը:

«Հայաստանը Մերձավոր Արեւելքի եւ Հնդկական օվկիանոսի մեծ քաղաքակրթությունների հատման գծում գտնվող մի երկիր է: Ընկալել այս երկրի իրականությունը, որի սահմաններն այնքան տարբեր են եղել, ցույց տալ նրա մշակույթի հարատեւությունը, որն այնքան օտար ազդեցություններով է սնուցվել, ցույց տալ աշխարհի չորս անկյուններում ցրված այս ազգի անհատականությունը. այսպիսին է Հայաստանի պատմության մարտահրավերը»,- սա է գրքի հիմնական նպատակը:   

Հայաստանի պատմության 15 մասից բաղկացած այս գրքի վրա Ժան-Պիեռ Մահեն աշխատել է երկար տարիներ: Պատմությունը սկիզբ է առնում առաջին հայկական թագավորություններից եւ հասնում մինչեւ ներկայիս հանրապետություն՝ «անցնելով» նվաճումների, ցեղասպանության եւ խորհրդային դարաշրջանի միջով: Պատմական անցքերի նկարագրությունը հարստացված է միմյանց հաջորդող հուզիչ վկայություններով: 

Իր թեզի շրջանակներում 1975-ին առաջին անգամ լինելով Հայաստանում եւ երկու տարի ուսումնասիրելով Մատենադարանի ձեռագրերը՝ արդեն 38 տարի անընդմեջ նա այցելում է մեր երկիր եւ հետեւում ներկայիս զարգացումներին: «Եթե Մաշտոցը տեսներ այսօրվա Հայաստանը, շատ չէր հիասթափվի,- ասում է պրոֆեսորը,- հակառակը, պատկերացնում եմ նրա հպարտությունը, երբ տեսներ Մատենադարանը»:

Ուրվագծելով հայ ժողովրդի անցած պատմական ճանապարհը՝ Մահեն նշեց, որ շատ ազգեր պետք է դաս քաղեն, թե ինչպես պետականությունից զուրկ հայ ժողովուրդը անցավ դարերի միջոցով եւ հասավ մեր օրերը. «Ու՞ր են այսօր Արաբական խալիֆայությունը, Հռոմեական, Օսմանյան կայսրությունները, որոնք ժամանակին նվաճել են Հայաստանը»: Հայերը ոչ միայն վերապրեցին նվաճողներին, այլեւ պահպանեցին իրենց ինքնությունը՝ ի տարբերություն եգիպտացիների, որոնք զանգվածային կերպով արաբականացվեցին:

Պատմության ուսումնասիրությունը պրոֆեսորը անհրաժեշտ է համարում՝ Հայաստանի Հանրապետության տեղը եւ դերը մեր օրերում հասկանալու համար: Քննադատելով ռուսական էքսպանսիան եւ արձանագրելով դրա բացասական ազդեցությունը Հայաստանի վրա՝ պատմաբանը նաեւ նկատում է, որ խորհրդային շրջանի գիտական եւ կրթական ձեռքբերումները չպետք է թերագնահատել, եւ Հայաստանը կարող է վերադարձնել այդ ձեռքբերումները տնտեսական զարգացման պարագայում: Ապա անցնում է Հայաստանի այսօրվա «ցավերին»՝ արտագաղթ, որը ոչ թե տնտեսական, այլ իրավական պատճառներ ունի, մոնոպոլիա ռեսուրսների բաշխման ոլորտում եւ այլն...

Պրոֆեսոր Մահեն իր գրքում չի շրջանցել նաեւ Ղարաբաղի եւ Ջավախքի հարցը: «Ես չէ, որ պետք է ներեմ Լենինի եւ Ստալինի մեղքը Ղարաբաղի եւ Ջավախքի հայկական հողերը հարեւան երկրներին տալու համար»,-ասաց գիտնականը: Սակայն նա ընթերցողի եւ ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Ջավախքի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում հայերին ամենից շատ խանգարել են անգլիացիները, մասնավորապես՝ Անդրկովկասում Անտանտի երկրների զինված ուժերի հրամանատար, բրիտանացի  գեներալ Վիլյամ Թոմսոնը (William Thomson), որը զորավար Անդրանիկին համոզեց այլևս առաջ չշարժվել և չմտնել Լեռնային Ղարաբաղ, քանի որ առաջիկայում Փարիզի խաղաղության վեհաժողովում քննարկվելու էր նաև Հարավային Կովկասի նորաստեղծ պետությունների սահմանների հարցը:

«Ինչպես պետք է լուծել Ջավախքի հարցը հայ-վրացական լատենտ կոնֆլիկտի պայմաններում»,- հարցրեց ներկաներից մեկը: «Հայաստանը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ՝ վատացնել հարաբերությունները Վրաստանի հետ: Պետք է երկխոսության եզրեր գտնել»,- ասաց Ժ. Մահեն, ով նաեւ վրացագետ է:      

Կեսկատակ-կեսլուրջ՝ նա ասաց, որ վրացիներին խանգարում է խանդը (փակագծերում նշեց, որ իրեն միանգամայն ճշմարտացի է թվում, որ վրաց այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը): Թեեւ վրացիներն ավելի թեթեւ ճակատագիր են ունեցել, քան հայերը, նրանց երբեք իրենց հողից չեն տեղահանել, սակայն, ըստ Մահեի, վրացիներին միշտ թվում է, թե հայերն ավելի փայլուն անցյալ եւ ճակատագիր են ունեցել, քան իրենք: Պրոֆեսորը նշեց, որ վրացիները պետք է ընդունեն, որ Վրաստանը բազմակրոն պետություն է, եւ իրենք էլ ունեն իրենց ազգային առանձնահատկությունները, որոնց վրա հիմնվելով կարող են զարգանալ:

Իր գրքում պատմաբանը նկարագրել է ոչ միայն պատմական անցքերը, այլեւ ներկայացրել հայկական դարավոր մշակույթը, ճարտարապետությունը՝ հայկական հնամենի եկեղեցիներից մինչեւ թամանյանական նեոկլասիցիզմ: Հայկական ժամանակակից ճարտարապետության մասին հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ հայերը, մոդեռնիզացիային զուգահեռ, պետք է պահպանեն թամանյանական Երեւանը, որը ճարտարապետության բնագավառում նեոկլասիցիզմի հրաշալի նմուշներ է ստեղծել: Կարծում է, որ հիմնական խնդիրը նյութի ճիշտ ընտրությունն է՝ հայ ճարտարապետները պետք է համադրեն քարն ու ճարտարապետության մեջ օգտագործվող նոր նյութերը: Պատմաբանը որպես հաջողված օրինակ նշեց Երեւանի քաղաքապետարանի նոր շենքը:     

Ժ. Մահեն վստահեցնում է, որ հայագիտությունը շարունակում է հետաքրքրել օտարերկրացիներին, եւ եվրոպական գրեթե բոլոր խոշոր համալսարաններում գործում են հայագիտության ամբիոններ: «Հայաստանը դուռ է դեպի համաշխարհային քաղաքակրթության պատմություն: Անհնար է ուսումնասիրել որեւէ քաղաքակրթության կամ երկրի, ազգի պատմություն՝ առանց առնչվելու հայկական աղբյուրներին: Պատմիչ Ղեւոնդն, օրինակ, չնայած քննադատություններին, անփոխարինելի աղբյուր է իսլամի ուսումնասիրության համար, քանի որ նա առաջինը հայտարարեց, որ իսլամը դարձել է համաշխարհային երեւույթ»,- ասաց պատմաբանը:

Ներկաներին հետաքրքրեց, թե ինչպես է հայագետը տեսնում հայի ինքնության պահպանումը գլոբալիզացիայի դարաշրջանում: «Կարծում եմ՝ հայերը պետք է ընտրեն ճապոնական մոդելը՝ ավանդականի եւ մոդեռնի համադրությունը: Հայաստանը չպետք է հետեւի եվրոպական երկրների օրինակին, որտեղ կտրված է կապը անհատի եւ ընտանիքի, գերդաստանի միջեւ: Հայաստանի պարագայում սա չի աշխատի»:

Իր խոսքը պրոֆեսորն ավարտեց Պ. Սեւակի բանաստեղծական հետեւյալ տողերով՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»:

Ֆրանսիական ինստիտուտի անդամ, մինչեւ 1988 թվականը արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում հայերենի դասախոս, «Հայկական ուսումնասիրությունների ամսագրի» տնօրեն (մինչ 2010 թվականը) Մահեն ներկայումս ղեկավարում է Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի (Ecole pratique des hautes études) քրիստոնյա Կովկասի պատմագրության եւ փիլիսոփայության հետազոտությունների բաժինը:         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter