HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Երեւան քաղաքի բյուջեն, խնդիրները եւ լուծումները

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ այսօր քննարկում էր կազմակերպվել Մեդիա կենտրոնում, որին մասնակցում էին գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: «Երեւան քաղաքի բյուջեն, խնդիրները եւ լուծումները՝ ըստ թեկնածուների» թեմայով քննարկման ընթացքում ՕԵԿ ներկայացուցիչ Ջուլիետա Թադեւոսյանը կարեւորեց քաղաքի բարեկարգման, բյուջեի սոցիալականացման, աղքատության կրճատման, աշխատատեղերի ստեղծման խնդիրը եւ շեշտեց, որ այդ ամենի համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:

«Մտածում ենք, որ այդ միջոցները կարելի է ավելացնել տարբեր միջոցների շնորհիվ, օրինակ՝ քաղաքում տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների, ռեձնարկությունների շահութահարկերից կատարվող, կամ քաղաքացիների եկամտահարկերի վճարումները քաղաքային բյուջեին, այդ տոկոսադրույքները կարող են ավելի բարձրացվել: Այնուհետեւ տրանսպորտի կառավարումը դարձյալ կարող է տնօրինել քաղաքային իշխանությունը, կարող է հարկային այսպիսի կենտրոնացված որոշակի մարմին, որը կարող է դարձյալ, ըստ արժանավույն, կատարել այդ խնդիրները»,- ասաց ՕԵԿ-ական Թադեւոսյանը:

ԲՀԿ ներկայացուցիչ Պողոս Փլավչյանը նշեց, որ պետական բյուջ տրվող այն հատկացումները, որոնք Երեւան քաղաքի բնակչությունն է վճարում, պետք է տրվի համայնքի բյուջե՝ եթե ոչ ամբողջությամբ, գոնե մասնակի. «Եվ սա լրջագույն խնդիր է, եթե մենք ապակենտրոնացնում ենք իշխանությունը, պետք է տանք համապատասխան ֆինանսական ռեսուրսներ: Մենք տալիս են վարչական լծակներ, բայց չենք տալիս ֆինանսական ռեսուրսներ»:

Վերջինիս կարծիքով՝ անհրաժեշտ է նաեւ լրջորեն համագործակցել մասնավոր հատվածի հետ. «Եվ շատ նորմալ է, որ որոշակի հարցերում, որտեղ կարելի է շահույթ հետապնդել, այն կիսել մասնավորի հետ: Այսինքն, եթե մենք կարող ենք 10 հատ մասնավորի հետ, բիզնես իրականացնողի հետ մեծ ծրագրեր իրականացնել, որոնք մեծ ներդրումներ են պահանջում, դա նորմալ է: Նրանց հետ մենք պատրաստ ենք շահույթը կիսել»:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նախ նշեց, որ իրենց առաջարկած սցենարով կանխատեսվում է առաջիկա 4 տարվա ընթացքում բյուջեն հնգապատկել՝ հասցնելով մինչեւ 400 միլիարդ դրամ՝ խնդիր դնելով հնարավորինս կախվածությունը կառավարությունից կամ կենտրոնական ֆինանսավորումից թուլացնել. «Այսինքն՝ հասնել նրան, որ եկամուտների 75 տոկոսը քաղաքն ինքն ապահովի, մնացած 25-ը միայն լինի Կառավարության դոտացիայի հաշվին»:

«Մեր խնդիրն է հասնել նրան, որ Երեւանում ստեղծված մինչեւ 30 տոկոս եկամտահարկը եւ շահութահարկը գնա Երեւանի բյուջե: Երկրորդ խոշոր աղբյուրը Երեւանի՝ բիզնես ծրագրերում ուղիղ ներգրավվածությունն է, թե որպես բաժնետեր, եւ թե որպես առանձին շահույթի բաշխման համաձայնագրերով գործունեություն ծավալող: Այստեղ մենք տեսնում ենք Երեւանի փոքր ու միջին բիզնեսում առանձին մասնակցությամբ եկամուտներ վաստակելը, բաժնետիրական կառավարման համակարգի ուժեղացումը: Մենք առաջարկում ենք, որպեսզի քաղաքային իշխանությունների վերահսկողությունը ընդդիմադիրներին վերապահվի, որպեսզի կառավարումն արդյունավետ լինի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

«Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Սիմոն Ղոնաղչյանն էլ կարեւորեց այն հանգամանքը, որ ավագանու կողմից բյուջեի կատարմանը տրվի քաղաքական գնահատական. «Օրինակ՝ 2012 թ. բյուջեն չի կատարվել, թերակատարվել է: Բայց դրա քաղաքական գնահատականը չկա»:

ՀՀԿ-ական Վահե Նիկոյանը վստահեցրեց, որ բյուջեն հրապարակային է, թափանցիկ եւ որեւէ խնդիր չկա. «Մուտքերի եւ ելքերի առումով մայրաքաղաքի բյուջեն 80 մլրդ դրամ է, եկամուտների եւ ծախսերի առումով՝ 66 մլրդ»:

Ըստ նրա՝ 2010-13 թթ. Երեւանի բյուջեն շուրջ 50 տոկոսով աճել է, «բոլոր ուղղություններով նախատեսված եկամուտները կիրառվում են, եւ առավելագույն գանձումն ապահովված է»:

«Այսինքն՝ չկա որեւէ հարկատեսակ, որն օրենսդրությամբ նախատեսված է, չի կիրառվում կամ կիրառվում է մասնակի: Եվ այդ առումով, երբ մենք առաջարկում ենք եկամուտներն ավելացնել, խնդիրը երեւի թե վերաբերում է օրենսդրական լուծումներին, իսկ հիմնական առաջարկները, որոնք վերաբերում են եկամուտների ավելացմանը, դա նույնն է, որ կատարվի պետական բյուջեի եկամուտների նվազման հաշվին»,- նշեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Ինչ վերաբերվում է բյուջեի վերահսկման անարդյունավետությանը, նրա խոսքերով, այսօր թե ավագանուն, թե բնակչությունը տրվում է համապատասխան տեղեկատվություն, եւ նման գնահատականներն իր համար ուղղակի անհասկանալի են:

«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այսօր մասնավոր ընկերությունների տարեկան շահույթը, որոնք իրականացնում են քաղաքի տրանսպորտային սպասարկումը, կազմում է մոտ 5-6 մլրդ դրամ:

«Այդ համակարգի որոշակի նորմալ կազմակերպվածության արդյունքում, ինչպես նաեւ, եթե լինի կենտրոնացված սպասարկում, բնական է՝ ծախսերի զգալի խնայողություն է տեղի ունենում, ինչը հնարավորություն կա տարեկան մինչեւ 9 մլրդ դրամով ավելացնել Երեւանի եկամուտները տրանսպորտի սպասարկման արդյունքում»,- ասում է նա՝ հավելելով, որ տնտեսված գումարն առաջին հերթին կուղղվի հենց տրանսպորտային պարկի թարմացմանը, եւ 9 միլիարդով կգնվի մոտ 1000 ավտոբուս: Քաղաքի որոշ հատվածներում, ըստ նրա, տրանսպորտային սպասարկումը պետք է այնուամենայնիվ իրականացնել միկրոավտոբուսներով, բայց եվրոպական արտադրության: Իսկ հետագա տարիներին խնայված գումարներն արդեն կուղղվեն մետրոպոլիտենի ցանցի ընդլայնմանը:

«Երեւանի բյուջեն հնարավորություն ունի նաեւ եկամուտներն ավելացնել համատիրությունների համակարգի ամբողջական վերացմամբ, քանի որ այն աշխատում է կատարյալ անարդյունավետ: Օրինակ՝ գումարների հավաքագրման եւ ծախսման տեսանկյունից այսօր համատիրությունների կողմից մոտավորապես 6 միլիարդից 1,5-ից 2 մլրդ-ը ծառայում է համատիրությունների աշխատակազմի աշխատավարձին եւ գրասենյակային ծախսին»,- մանրամասնեց Մեսրոպ Առաքելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter