Երիտասարդների մոտ 75,5 տոկոսը աշխատանք չի փնտրում
Հունիսի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ինչ գործոններ են ազդում երիտասարդների մասնագիտական կողմնորոշման վրա» խորագրով քննարկում: Հանդիպմանը որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը և ԵՊՀ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Հակոբյանը:
Երիտասարդների գործազրկության հիմնական պատճառը հանգում է մասնագիտական կողմնորոշման խնդիրներին։ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը, ներկայացնելով ՀՀ երիտասարդության ազգային զեկույցի տվյալները, նշեց, որ երիտասարդների մոտ 75,5 տոկոսը տանը նստած չի փնտրում աշխատանք, երիտասարդների 56 տոկոսը չի աշխատում իր մասնագիտությամբ։ Այսինքն՝ երիտասարդը բավականին մեծ միջոցներ է ներդնում իր կրթության վրա, բայց արդյունքում այդ միջոցները չեն վերադարձվում։
«Երեխան առաջին դասարանից պետք է ինքնաբացահայտվի, հասկանա՝ ինչ է մասնագիտությունը, ինչ է մասնագիտության գիտակցված ընտրությունը»,- նշեց Հայկուհի Գևորգյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ հաճախ երիտասարդները դիմում են այս կամ այն գործատուին՝ աշխատանքի դիմելու տարրական հմտություններ չունենալով։
Այս խնդիրները լուծելու համար Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնն անցկացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ գործատուին ներկայանալու, ինքնակենսագրություն գրելու, աշխատանքային միջավայրում հաղորդակցվելու, աշխատանքային իրավահարաբերությունների մասին դասընթացներ։ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը մեծապես կարևորում է նաև դպրոցներում տարվող աշխատանքները։
ԵՊՀ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Հակոբյանը նշեց, որ կենտրոնի համագործակցության շրջանակը բավականին լայն է. աշխատանքներ են տարվում պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ։ «Կան մի շարք խոչընդոտներ, որոնք առկա են երիտասարդի աշխատանք գտնելու գործում։ Դրանք և աշխատանքային փորձի բացակայությունն է, և կրթության ցածր մակարդակը, բայց գլխավոր խոչընդոտը, ըստ իս, հոգեբանական է։ Մենք սովոր ենք մի տեղ դիմել և մերժվելու դեպքում նորից չփորձել, հուսահատվել»,- նշեց Լիլիթ Հակոբյանը։
Շուկայական հարաբերությունների պարագայում գործատուի համար շատ կարևոր է իր բիզնեսը և մրցակցությունից դուրս չմնալը։ «Փոխվել են ժամանակները, երբ աշխատաշուկա էին մտնում ծանոթ-բարեկամի միջոցով։ Այսօր այդ ծանոթ-բարեկամից հետո պետք է կարողանաս քեզ արդարացնել, հակառակ դեպքում գործատուն քեզ հաստատ չի պահի, որովհետև ժամանակի ընթացքում նա կարող է մրցակցությունից դուրս մնալ և բիզնեսը կորցնել։
Գործատուները շատ-շատ են փոխվել. 15-20 տարի առաջ նրանք այլ պահանջ էին դնում, այսօր՝ բոլորովին այլ։ Նույնիսկ շատ գործատուներ պատրաստ են բավականին լուրջ միջոցներ ծախսել երիտասարդի որակավորումները բարձրացնելու համար»,- նշեց Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը՝ ավելացնելով, որ աշխատաշուկայում այսօր մենք ունենք որակյալ մասնագետի պահանջ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել