HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզպետը պատրաստվում է համայնքներ այցելել ուժային կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ

«Առաջին անգամ է, որ ես էս թեմայով խոսում եմ: Մանրամասներին դեռ չեմ տիրապետում: Ինձ ոչ թե ներկայացրեք, թե սա կատարվել է, սա չի կատարվել, այլ` թե ինչու չի կատարվել»,-Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին մարզխորհրդի նիստին հայտարարեց նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նիստի սկզբում ներկայացվեց անցած եռամսյակում մարզի 119 համայնքների հավաքագրած սեփական եկամուտների ցուցանիշները:

«Նախատեսված 432 մլն 602 հազար դրամի փոխարեն հավաքագրվել է 383 մլն 276 հազար դրամ: Մարզը սեփական եկամուտների գծով իր պարտավորությունները կատարել է 88,6 տոկոսով,-ներկացրեց զեկուցող, ֆինանսատնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը,-այդ թվում՝ Գյումրի քաղաքը սեփական եկամուտները հավաքագրել է մոտ 86 տոկոսով, Արթիկը՝ 107 տոկոս, Մարալիկը՝ 83»:

Սեփական եկամուտների հավաքագրումն ըստ տարածաշրջանների բախշվել է հետեւյալ կերպ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Աշոցքում՝ 72 տոկոս, իսկ ամենաբարձրը` Անիի տարածաշրջանում՝ 120 տոկոս: Լիպարիտ Մարտիրոսյանի փոխացմամբ, մարզի այսպես ասած` «երեսը սեւ» անողը գյուղական որոշ համայնքներն են, որտեղ սեփական եկամուտների հավաքագրումը չի գերազանցում 50 տոկոսը:

«12 համայնքներ դեռ նախորդ տարիներից ունեին կուտակած աշխատավարձի պարտք՝ 32 մլն 616 հազար դրամի չափով: 2013թ.-ի դրությամբ 11 համայնքներ ձերբազատվել են այդ պարտքից, այսինքն` 31 մլն դրամի չափով մարում է եղել: Միայն Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ համայնքն է, որ, ինչպես գիտեք, ԴԱՀԿ-ի կողմից հաշվեհամարը կալանքի տակ է առնված եւ ունի խնդիրներ: Սիզավետը 1մլն 235 հազար դրամի պարտք ունի կուտակած, որ այս տարի հույս ունենք ամբողջությամբ կմարի»,-տեղեկացրեց Լ. Մարտիրոսյանը:

Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով եկամուտների հավաքագրմանը, զգուշացման կարգով ակնարկեց, որ այլեւս չի պատրաստվում հանգիստ լսելու թերացող համայնքների վերաբերյալ իրեն ներկայացվող արդյունքները: Սկզբի համար Սարակապ եւ Աղվորիկ համայնքների համայնքապետերին մարզպետը հրավիրեց իր կաբինետ՝ առանձին քննարկելու թերացումները, հայտարարելով, որ այսուհետ «խայտառակ անելու» գործընթացը կլինի հրապարակային:

«Ես ուզում եմ հասկանալ, թե որն է պատճառը թերացումների: Եթե օբյեկտիվ է՝ օգնենք, եթե սուբյեկտիվ է` մտածենք, թե ինչ անենք: Առանձին խոսակցություններ կլինեն նաեւ այն համայնքապետերի հետ, որոնք փաստացի գործ չեն անում, չեն աշխատում»,-հայտարարեց մարզպետը:

Մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը ներկայացրեց մարզում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներն ու ակնկալիք բերքատվության վերաբերյալ կանխատեսումները: Այս տարի մարզում, անցած տարվա համեմատ, 3000 հա ավել հողատարածք է մշակվել: Ակնկալվում է ցորենի բարձր բերք:

«Մարզում հացահատիկի ռեկորդային բերք՝ 103 հազար տոննա հավաքվել է 2007թ-ին: Եթե բնությունը բարեհաճ գտնվի, այս տարի մենք այդ ցուցանիը կգերազանցենք»,-խոստացավ Մ. Մանուկյանը:

Մարզ ներկրված 117 հազար տոննա գարու սերմից 115 տոննան արդեն բաժանվել է համայնքներին: Վաղը կհատկացվի նաեւ առվույտի սերմացուն: Բաշխվել է նաեւ նախատեսված դիզվառելիքի 70 տոկոսը:

Եթե հացահատիկային կուլտուրաների առումով մարզը կարծես թե խնդիրներ չուներ, ապա կարտոֆիլ մշակողներն արդեն որերրորդ տարին է կանգնած են իրացման խնդրի առաջ: Անցյալ տարի մարզում արտադրվել է 103 հազար տոննա կարտոֆիլ, սակայն իրացման ցածր տեմպերի պատճառով պարենային կարտոֆիլի մեծ մասը մնացել է պահեստներում:

Անցած 5 տարում Շիրակի մարզի տարբեր համայնքներում տեղադրված 41 հակակարկտային կայանների շնորհիվ ստացվող բերքի կորուստն այդ հատվածներում գրեթե հասցվել է զրոյի: Գյուղվարչության պետը ներկա համայնքապետերին տեղեկացրեց, որ ցանկացողները 10 մլն դրամ արժեքով կարող են ձեռք բերել հակակարկտային կայաններ: Առաջարկը ողջունեցին ներկաները: Համայնքապետերից շատերը նկատեցին, որ առաջարկվող գինը մատչելի է:

Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ մինչեւ մայիսի կեսերը պատաստվում է անձամբ շրջել համայնքներում: Իրեն ուղեկցելու են ոչ միայն մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները, այլեւ ոստիկանության եւ դատախազության ներկայացուցիչները: «Եվ լավ կլիներ, որ ոչ թե իրենք բողոքեին ձեզանից (նկատի ունի ուժային կառույցներին.-հեղ.), այլ դուք իրենց աշխատանքից: Եթե ինչ-որ բան էլ անձամբ չեք կարողանա ասել, խրատեք ձեր գյուղացիներին, թող իրենք ասեն ձեր փոխարեն, որ խնդրին անմիջապես տեղում ծանոթանանք, փորձենք լուծում տալ»,-խորհուրդ տվեց նորանշանակ մարզպետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter