HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մեղադրանք է առաջադրվել և դատավճիռ կայացվել կեղծ ցուցմունքի հիման վրա. պնդում են պաշտպանները

Դատավոր Նարինե Հովակիմյանն այսօր խուլիգանության հանցակազմով մեղադրական դատավճիռ կայացրեց Հարթագյուղի բնակիչներ Արմեն, Արթուր, Մացակ Բադալյան եղբայրների վերաբերյալ: Նրանցից Արթուր Բադալյանին մեղավոր ճանաչելով  Քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասով և դատապարտելով 4 տարի ազատազրկման` միաժամանակ որոշում կայացրեց նրան կալանքի վերցնել հենց դատական նիստերի դահլիճից: Մյուս եղբայրներին` Արմեն և Մացակ Բադալյաններին, մեղավոր ճանաչեց Քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտեց 200 հազար դրամ տուգանքի` խափանման միջոց ստորագրությունը թողնելով անփոփոխ:

Գործով դատական ակտ կայացնելիս դատավոր Նարինե Հովակիմյանը միաժամանակ պետք է անդրադառնար նաև պաշտպանական կողմի` դատաքննությունը վերսկսելու միջնորդությանը, ինչը, փաստորեն, չարեց:  Ըստ պաշտպանների` բոլոր հիմքերը կային դատաքննությունը վերսկսելու, և նրանք հույս ունեին, որ խորհրդակցական սենյակում դատավորը հենց այդ որոշմանը կհանգեր:

Փաստաբան Արտակ Ոսկանյանի խոսքով` անհրաժեշտ էր, որ դատակոչվեր գործով առանցաքային վկա Գոհարիկ Բաղդասարյանը, ում նախաքննական ցուցմունքն է դրվել մեղադրանքի հիմքում: Գործում նրա անունով 2 ցուցմունք կա, որոնք, ըստ նշումների, գրված են անձամբ վկայի ձեռքով, բայց, փաստաբանի խոսքով, նույնիսկ ձեռագրերից անզեն աչքով երևում է, որ դրանք միևնույն անձի կողմից չեն գրված:  Վկան ինքն էլ Մարդու իրավունքների պաշտպանին ուղարկած դիմում-բողոքներում հայտնել է, որ իր անուն-ազգանունով ցուցմունքներ են ներկայացվել, և որ ինքը նույնիսկ տեղյակ չի եղել դրանց բովանդակությանը: Գոհարիկ Բաղդասարյանի` իր նկատմամբ կատարված խոշտանգումների վերաբերյալ դիմումի հիման վրա օմբուդսմենը դիմել է ոստիկանություն` տեղեկատվության պահանջով: Ի պատասխան` քրեական հետախուզության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը գրավոր պատասխան է ուղարկել` վերարտադրելով վկայի ցուցմունքը:

Ոստիկանության տրամադրած տեղեկատվության մեջ վկա Գոհարիկ Բաղդասարյանի ցուցմունքն էականորեն հակասում է քրեական գործում առկա ցուցմունքներին: «Տվյալ դեպքում եթե ոստիկանությունը գրություն գրելիս հիմք է ընդունել այն ցուցմունքը, որն առկա է գործում, ապա դա նշանակում է, որ այդ ցուցմունքների բովանդակությունը դիտավորյալ ձևով խեղաթյուրված էր, և Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էր կեղծ տեղեկատվություն:  Իսկ եթե քրեական գործում եղել է այն ցուցմունքը, որը իրականում տրվել է ոստիկանության կողմից, և գործում այդ ցուցմունքը չկա, նշանակում է՝ նախաքննական մարմնի կողմից  է պաշտոնական դիրքի չարաշահում կատարվել, այսինքն` իրական ցուցմունքը գործից հանվել է, տեղը դրվել է այլ ցուցմունք»,-ասում է Արտակ Ոսկանյանը:

Պաշտպանները, ձեռք բերելով նշված հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր, դատարանում հայտարարել էին, որ հիմնական վկայի ցուցմունքները իրականում նրա կողմից չեն գրված, այլ ինչ-որ ցուցմունք վերագրվել է Հարթագյուղի բնակիչ Գոհարիկ  Բաղդասարյանին: Եվ քննության ավարտին պաշտպանական ճառում միջնորդել էին դատավորին` ակտ կայացնելիս միաժամանակ հաղորդում ուղարկել գլխավոր դատախազին` նշված չարաշահումների վերաբերյալ քրեական պատասխանատվություն որոշելու համար: Դատավոր Նարինե Հովակիմյանը, սակայն, պաշտպանների ոչ մի միջնորդությանը չանդրադարձավ:

Բադալյանններին վերագրվող խուլիգանության դեպքի մասին պատմում են իրենք եղբայրները: «Մեղադրվում եմ 258 հոդվածի 4-րդ մասով` անօրինական, շանտաժով: Ինձ կանչել են 33 օր հետո քննության,  որը ես ստորագրել եմ 112 հոդվածի տակ, իբր ծանր մարմնական վնասվածք, հետո քննիչն ասեց, որ ծանր վնասվածք չի, նոր հոդվածի տակ ստորագրեցի: Ստորագրել եմ, որ պըտի գայի տուն, միանգամից լցվել են Երևանից աշխատողներ, որ պըտի Արթուր Բադալյանին ձերբակալել, հենց հիմի: Նույն րոպեին 258-ի 4-րդ մասն են դրել ու ձերբակալել, որից  21 օր հետո ազատ եմ արձակվել: Մեղադրում են ոչ իմ կատարած արարմունքի մեջ: Ինչ դեպք ա եղել, զրույցի նման, եկել եմ կանգնել, զենքս տեղափոխում էի, որ բագաժնիկը տանեի գցեի, իմ անփութության երեսին պատրոնը մեջն էր մնացել, մատս կպավ, մի հատ գետնին կրակվել ա: Դրանից 4 օր հետո եկել են եղբայրներիս բռնել են տարել թղթերի տակ ստորագրել, բա` Արթուրին էլ կկանչենք: Ես 4 օր հետո եմ իմացել, որ ինչ-որ մարդ վիրավորվել ա: 33 օր հետո են ինձ կանչել: Էդ պահին ոչ մի վիճաբանություն, ոչ մի բան չեմ տեսել: Էդտեղ կանգնած են եղել 3 հոգի, ես միացել եմ, 4-րդն եմ եղել:  Եթե ես մարդու վիրավորեմ, կրակեմ, մարդը կվերընկներ չէ՞ վերջիվերջո կրակոցից: Շաշմա ա կպել ոտին: Ոչ մի բողոք իրա կողմից: Մարդ չկա. 15-20 հոգուց մեկը չկա, որ մեզ տեհել ա կամ ինչ-որ մի հատ ցուցմունք տա: Ես խնդրում եմ, որ գան ասեն` իմ արարմունքը ինչ ա»:

Մացակ Բադալյանն էլ ավելացնում է. «Էդ օրը կանգանծ ենք եղել դեպքի վայրում, մեր ընկերոջը` Գյումրիից,  ճամփին հանդիպել էինք,  կանգանծ զրուցում էինք ես ու Արմենը` ախպերս: Էն մի ախպերս եկավ, որսորդ ա ինքը, զենքը մեքենայից հանեց, որ դնի բագաժնիկը, պատրոն էր մնացել մեջին, զենքը ձեռին կախ գցած տեղը, թե ծանրությունից, թե անփությունից, ձեռը ձգանին ա  գցել, միջի մնացած պատրոնը կրակվել ա, ընկերոջս ոտները խաշել ա: էդ վալնայի ժամանակ տվել ա էդ ասկոլկեքից: Նստել ենք մեքենաները, եկել ենք: 4 օր հետո ինձ ու Արմենին են կանչել բաժին, ստորագրություն ենք տվել, եկել Արթուրին կանչել են, գնացել ա, մեկ էլ խաբարն եկավ, որ մարդիկ են թափել քննչական բաժինը, տեղում կալանավորել են: Վնասվելու ընթացքում չի զգացել, որ բան ա կպել, գնացել ա տուն, մլիցեքը մեզ ասին, որ ոտներին կպել ա: Զանգում ենք` ինչ ա եղել, բա` հեչ մի բան, վալնայիցը ասկոլկեքից ոտներիս կպել ա, հանել են, պրծել ա: Իրա տանը հանել են: Գյուղացի մեզ չի տեսել, գյուղացիները եկան դատարանի դահլիճում, 9 հոգի մարդ, ասում են` վայթեմ կռիվ ա եղել, վայթեմ:  Բայց ոչ մեկը ընդեղ ոչ մեզ տեհել ա, ոչ կռիվ ա էլել: Պահանջում ենք, ասում ենք  էդ մեկին բերեք, որ մեզ կռիվ անելուս տեսել ա: Տուժողը 1 ու 60 բոյն ա, 50 կիլո` քաշը: Ես էլ 120 կիլո եմ: Ես որ կռիվ անելուց ըլեի, դրա հըմար զենք կկիրառեի՞: Էդ աղջկանն էլ` Գոհարիկ Բաղդասարյանին ստիպել են, թե` քո տան առաջին ա էղել, դու չե՞ս տեսել: Չգիտեմ ում զակազն ա: Մենք զբաղվում ենք գյուղատնտեսությամբ, հիմք ենք դրել, կամաց աշխատում ենք, կարող ա ինչ-որ մի չինովնիկի հացը կտրվում ա, դրա հըմար մեզ ուզում են նստացնեն»:

Լուսանկարում՝ փաստաբան Արտակ Ոսկանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter