HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյան. «Մեր աճող սերունդը պատրաստ է տեր կանգնել թե Հայաստան աշխարհին, թե հպարտ Արցախին»

Ղարաբաղյան շարժման 25-րդ տարելիցի կապակցությամբ հանրապետության բոլոր դպրոցներում փետրվար-մարտ ամիսներին կազմակերպվել են բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ` նվիրված հայոց նորագույն պատմության ընթացքի կարևորագույն իրադարձություններից մեկին` ազատագրական շարժմանն ու ազգային ինքնագիտակցության զարթոնքին:

Այդ համատեքստում հայտարարվել է նաև շարադրությունների մրցույթ` «Արցախ` ի՛մ սեր, ի՛մ հպարտություն» թեմայով, որի հաղթողների պարգևատրման արարողությունն այսօր կայացել է Հայաստանի պատմության թանգարանում: Դպրոցականներին ողջունել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

«Խորհրդանշական է, որ այսօր Հայաստանի պատմության թանգարանում ենք ամփոփում մրցույթի արդյունքները։ Շարադրությունների մրցույթը ևս մեկ առիթ էր մեր դպրոցականների համար իրենց ստեղծագործություններում Արցախի հանդեպ իրենց սերը, հպարտությունն ու հայրենասիրությունը դրսևորելու: Այս մրցույթի ընթացքում զգացվում էր, որ կար Արցախին տեր կանգնելու պատրաստակամություն, ոգի, սեր և հպարտություն երիտասարդ սերնդի մոտ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը` հավելելով, որ մրցույթի ընթացքում պարզ է դարձել, որ աշակերտների ճնշող մեծամասնությունը, սիրելով և հպարտանալով Արցախով, այնտեղ երբևէ չի եղել:

Արմեն Աշոտյանն այդ համատեքստում տեղեկացրել է, որ նախարարությունը որպես պարգև  հաղթող աշակերտների համար 3-օրյա այց կկազմակերպի դեպի Արցախ, որին կմիանան նաև թիվ 190 դպրոցում անցկացված մրցույթի հաղթողները:

«Հաղթանակած աշակերտներն իրենց աչքով կտեսնեն մեր պատմական հայրենիքի այն հողակտորը, որի մասին այդքան երկար ժամանակ խորհում, մտածում և զգում էին: Շնորհակալություն բոլոր այն աշակերտներին, ովքեր իրենց մտորումներով կիսվել են` դառնալով «Արցախ՝ իմ սեր, իմ հպարտություն»  կարգախոսի կրողները և տարածողները: Բոլոր աշխատանքներից զգացվում էր, որ Արցախը չտեսած, բայց Արցախը սիրող և իրականում Արցախով ապրող երիտասարդ սերունդ է մեծանում, որը հույս է ներշնչում, որ անկախ առօրյա հոգսերից` յուրաքանչյուր երիտասարդ իր հոգում Արցախի համար պահում է մի փոքրիկ, բայց տաքուկ անկյուն, որն ավելի մեծ և տաք կդառնա, երբ մեր երիտասարդները գոնե մեկ անգամ լինեն և իրականում տեսնեն այն հողը, եկեղեցին և երկինքը, որի համար մեր ավագ սերունդն իր արյունն է տվել: Վստահ եմ, որ Արցախյան ազատամարտի այսօրվա ձեռքբերումները, հայկական պետականության, մեր երկրի զարգացման գործընթացը շուտով կտեղափոխվի ավելի հուսալի ձեռքեր, քանի որ մեր աճող սերունդը պատրաստ է տեր կանգնել թե’ Հայաստան աշխարհին, թե’ այդ աշխարհի մի փոքր, բայց հպարտ հատվածին՝ Արցախին»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:

ՀՀ մարզերից, Երևանից ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվել տեղերում լավագույնը ճանաչված 9-12-րդ դասարանների աշակերտների շուրջ 300 աշխատանքներ, որոնցից ընտրվել են 10 լավագույնները: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

Artak
Da miayn cez e tvum!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter