Սարքած գործ կամ օրենքի խտրական կիրառում
Արթուր Հովհաննիսյան
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի գործով նախաքննությունը, ինչպես արդեն հայտնի է, ավարտված է, եւ քրեական գործն ուղարկված է դատարան:
Պատգամավորի եղբորը ս.թ. փետրվարի 25-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից կրկին ապօրինի վարձատրություն ստանալու համար: Արդյոք կատարե՞լ է Տիգրան Փոստանջյանն իրեն վերագրվող հանցանքը, թե՞ ոչ` հուսանք կպարզի դատաքննությունը: Այնուհանդերձ, մի շարք փաստեր ու հանգամանքներ տեղիք են տալիս որոշ կասկածների: Ահավասիկ...
ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս անհրաժեշտ համարեց իր կայքում հիշյալ քրեական գործի` նախաքննությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ հրապարակել:
Ըստ այդ տեղեկատվության` Տիգրան Փոստանջյանը, լինելով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, «2010 թ. մայիսին Երեւանի Կոմիտասի 49/9 հասցեում «Սթար Դիվայդ» կազմակերպության կողմից նոր սուպերմարկետի շինարարության ընթացքում այդ կազմակերպության ադմինիստրատիվ տնօրեն Արմեն Պողոսյանից շինարարության նախագծում հայտնաբերած բացթողումներն անտեսելու համար պահանջել եւ ապօրինի ստացել է 192000 դրամ վարձատրություն»:
Բնականաբար, հարց է առաջանում. եթե Տ. Փոստանջյանը Ա. Պողոսյանից գումարը պահանջել-ստացել է 2010 թ. մայիսին, ինչո՞ւ է տնօրենն այդ մասին հայտնել, կամ ինչո՞ւ է քրեական գործը հարուցվել մոտ մեկ տարի հետո: Տ. Փոստանջյանին մեղսագրվող հանցանքի մյուս երկու դեպքը նույնպես տեղի է ունեցել 2010 թ.:
Ըստ գլխավոր դատախազության նույն տեղեկատվության` «2010 թ. հունիսի սկզբներին Տ. Փոստանջյանը Երեւան քաղաքի բնակիչ Սեջվիկ Առաքելյանին Երեւան Շրջանցիկ թունել 21 հասցեում գտնվող շինությունների վերաբերյալ, այսպես կոչված, «վաղեմության» (ապօրինի շինության երկարատեւ փաստացի օգտագործումը այդ անձի կողմից վկայող) տեղեկանք տրամադրելու համար Սեջվիկ Առաքելյանի որդուց` Վահան Առաքելյանից, պահանջել եւ ստացել է 40000 դրամ վարձատրություն, ընդ որում` այդ տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ դիմումը Ս. Առաքելյանի փոխարեն լրացրել եւ ստորագրել է անձամբ»:
Տարեց, հնարավոր է նաեւ ոչ բավականաչափ գրագետ մարդու փոխարեն, նրան օգնելու նպատակով դիմում գրել-ստորագրելը չենք կարծում, թե ապօրինի գումար պահանջել-ստանալը վկայող հանցանշան է:
Ցանկության եւ տարբեր հանրային ծառայողների, նաեւ պաշտոնատար անձանց 1-2 տարվա գործունեությունը մանրակրկիտ ուսումնասիրելու պարագայում այդպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է հայտնաբերել: Սակայն սա դեռ մի կողմ թողնենք:
Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ գլխավոր դատախազության տեղեկատվության մեջ ոչինչ չկա այն մասին, թե Ս. Առաքելյանը երկար ժամանակ չէ, որ օգտագործում է նշված հասցեի շինությունները, հետեւաբար Տ. Փոստանջյանը «վաղեմության» տեղեկանք չպետք է տար նրան եւ տվել է ապօրինի:
Ի վերջո, ամենակարեւորը դարձյալ ժամկետն է. եթե Տ. Փոստանջյանը Վ. Առաքելյանից դեռ 2010 թ. հունիսին է ապօրինի պահանջել ու ստացել 40000 դրամ, ապա տվյալ քաղաքացին կամ նրա ծնողն ինչո՞ւ է դրանից ամիսներ անց միայն դիմել իրավապահներին:
Նույն հարցն է առաջանում նաեւ գլխավոր դատախազության ներկայացրած մյուս դեպքի (քաղաքացի Հրահատ Սարգսյանից 100000 դրամ պահանջելու եւ ապօրինի ստանալու) առնչությամբ, որը, ըստ գլխավոր դատախազության, 2010 թ. սեպտեմբերին է տեղի ունեցել: Կարճ ասած` չենք հավատում (կարծում ենք, շատերը նույնպես չեն հավատա), որ վերոնշյալ բոլոր անձանց խիղճը երկար ժամանակ քնելուց հետո հանկարծ միանգամից արթնացավ, եւ նրանք որոշեցին Տ. Փոստանջյանին ապօրինի վարձատրություն տալու մասին հայտնել իրավապահներին:
Հնարավոր է, որ ոչ թե ապօրինի վարձատրություն տված հիշյալ անձինք են դիմել իրավապահներին, այլ իրավապահներն են, Տ. Փոստանջյանի «պոչին նստելով», նրա գործունեությունը մանրազնին ուսումնասիրելով, գրագրությունը «քրքրելով», հայտնաբերել կասկածելի դեպքերը, գնացել դրանց հետքերով, գտել հիշյալ անձանց ու նրանցից ցուցմունքներ ստացել Տ. Փոստանջյանի վերաբերյալ:
Այս դեպքում, սակայն, այլ հարց է առաջադրվում. եթե հիշյալ անձնք իրենք չեն հայտնել ապօրինի վարձատրություն տալու մասին, իրավապահներն են այդ դեպքերը բացահայտել, Ա. Պողոսյանը եւ մյուս անձինք ինչո՞ւ քրեական պատասխանատվության չեն կանչվել` ապօրինի վարձատրություն տալու համար:
Ավելին, եթե Տ. Փոստանջյանը 2010 թ. իսկապես ապօրինի վարձատրություն է պահանջել-ստացել, եւ նշված դեպքերն էլ իրավապահների նախաձեռնությամբ են հայտնաբերվել, ապա այդ իրավապահներն ինչո՞ւ նույն ջանասիրությամբ ու բծախնդրությամբ չեն ուսումնասիրում այլ հանրային ծառայողների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց անցյալի գործունեությունը:
Կասկած չունենք, որ այս դեպքում հայտնաբերված ապօրինի վարձատրության եւ կաշառքի չափը տասնյակ կամ հարյուրավոր անգամներ կարող է գերազանցել:
Վերը շարադրվածից ելնելով` իրավունք չունե՞նք կարծելու, որ Տ. Փոստանջյանի պարագայում, եթե քրեական գործը սարքված էլ չէ, ապա առկա է իրավապահ համակարգի քննչական, օպերատիվ-հետախուզական կարողություններն ընտրովի գործադրելու եւ օրենքի խտրական կիրառման փաստ` պայմանավորված Տ. Փոստանջյանի քրոջ` Զարուհի Փոստանջյանի քաղաքական խիստ ընդդիմադիր գործունեությամբ:
Ի վերջո, ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ընդհանուր առմամբ 332000 դրամ ապօրինի վարձատրություն ստանալու գործը աննախադեպ կերպով քննեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որն ազգային անվտանգության համար անհամեմատ մեծ սպառնալիք ներկայացնող փաստերի, հանցագործությունների նկատմամբ անտարբեր է:
Տ. Փոստանջյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանի հավաստմամբ` իր պաշտպանյալի նկատմամբ թույլ են տրվել քրեական դատավարության օրենսդրության էական խախտումներ: Մասնավորապես` խախտվել է անմեղության կանխավարկածը:
«Հենց քրեական գործ հարուցելու օրը ՀՀ գլխավոր դատախազությունը, Տ. Փոստանջյանին դեռ նույնիսկ չկանչած, չլսած, տարածել է հաղորդագրություն, ըստ որի` իրենք պարզել են, որ Տ. Փոստանջյանը կատարել է Քրեական օրենսգրքի 3111 հոդվածով նախատեսված հանցագործություն,- ասաց Հ. Ալումյանը:- Սա, իմ կարծիքով, շատ կոպիտ խախտում է: Ափսոս, որ մեր հանրության համար նման խախտումները դարձել են սովորական երեւույթ, երբ դեռեւս դատարանի դատավճռով (էլ չեմ ասում` օրինական ուժի մեջ մտած դատավճռով) չդատապարտված մարդուն հրապարակավ հայտարարում են հանցագործ: Սա մի հարց է, որ ուղղակի մարդու արժանապատվությանն է վերաբերում:
Ընդ որում` ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատախազությունը գործում հանդես է գալիս ոչ թե իր, այլ Հայաստանի Հանրապետության անունից: Չեն հայտարարում, որ մարդը կասկածվում կամ մեղադրվում է տվյալ հանցագործությունը կատարելու մեջ, չեն հայտարարում, թե տեղեկություններ են ստացվել, որ մարդը կատարել է տվյալ հանցագործությունը, այլ քրեական գործը դեռ նոր հարուցած, նախաքննություն դեռ չկատարած` հայտարարում են, թե պարզել են, որ մարդը կատարել է հանցագործություն:
Այդ տեղեկատվություն տարածողը չի ընկալում կամ չի ուզում ընկալել մի պարզ բան, որ անձը, ում մասին ինքն այդպիսի հաղորդում է տարածել, ունի երեխաներ, եւ որ այդ երեխաները գնում են դպրոց:
Դատելով ամենից` Տ. Փոստանջյանի նկատմամբ հաշվեհարդարի մեծ ցանկություն է եղել, մանավանդ որ, գլխավոր դատախազության պաշտոնական կայքում այդ տեղեկատվությունը զետեղելուց բացի, իրենց նախաձեռնությամբ հաղորդագրություն են ուղարկել տարբեր ԶԼՄ-ների:
Ցավոք, Հայաստանի Հանրապետության անունից այսօր գործում են այդ կատեգորիայի մարդիկ, եւ վաղը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, նույնիսկ մնացած բոլոր հարցերը դեռ մի կողմ թողած, այս հարցը շատ լուրջ է դրվելու, եւ այս հարցի վերաբերյալ, հավաստիացնում եմ, շատ լուրջ դատական ակտ է կայացվելու Եվրոպական դատարանի կողմից, ու Հայաստանի բյուջեն հերթական անգամ այդ մարդկանց «շնորհիվ» տուժելու է»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել