«Հայկական ժամանակ». ձեռքս կոտրվի...
Երեկ «ՀԺ»-ն ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրահանգով մարզպետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկների ղեկավարների առջև պահանջ է դրվել կոլեկտիվի անդամներից հավաքել մայրաքաղաքում ապրող իրենց ծանոթ-բարեկամների տվյալները, որոնք կպարտավորվեն Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: Խոսքը վերաբերում է մասնավորապես դպրոցներին:
«ՀԺ» տեղեկություններով՝ կոլեկտիվի անդամներից պահանջում են այդ տվյալները և միաժամանակ զգուշացնում, թե զանգահարելու են ցուցակում նշված երևանցիների հեռախոսահամարներով՝ անձամբ նրանցից հաստատում ստանալու, որ պատրաստակամ են ընտրել Հանրապետական կուսակցությանը:
Երեկ «ՀԺ» թղթակիցը պատահական ընտրությամբ զանգահարել է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկը, որը մարզպետարանի ենթակայության է: Ասել է, որ մարզպետարանի աշխատակից է և հետաքրքրվել է ցուցակների ճակատագրով: Տնօրենի (դպրոցի համարն ու տնօրենի անունը «ՀԺ»-ն միտումնավոր չի նշում) հետ զրույցը «ՀԺ»-ն ներկայացնում է ստորև:
-Ցուցակներ պիտի պատրաստեիք, չէ՞, ավագանու ընտրությունների հետ կապված, ուզում եմ հարցնել՝ ի՞նչ փուլում է:
-(Տևական լռություն - «ՀԺ»): Ինչո՞ւ եք դպրոցներին հարցնում: Դուք ո՞վ եք, կասե՞ք:
-Ուղղակի ինձ հանձնարարել են, որ ճշտեմ, տեսնեմ՝ հիմա ի՞նչ ընթացքի մեջ է, հերթով զանգում եմ:
-Ցուցակները տվել ենք արդեն:
-Ե՞րբ եք տվել, ո՞ւմ:
-Շուտ ենք տվել, օրը չեմ կարող հիշել, բայց մի քանի օր առաջ էր:
-Ո՞ւմ եք տվել:
-Ով որ հանձնարարել է:
-Կրթության բաժի՞ն եք ներկայացրել:
-Չէ, կրթության բաժինը չի հանձնարարել:
-Իսկ քանի՞ հոգու անուն կար ձեր ցուցակում... Նույն ցուցակի մասին ենք, չէ՞, խոսում, Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ բարեկամների, ծանոթների ցուցակի:
-Հա:
-Իսկ անուն կարո՞ղ եք նշել, ո՞ւմ եք տվել:
-Դե հիմա ես չգիտեմ, ճիշտն ասած, դուք ով եք: Ով ինձանից պահանջել է, նրան էլ տվել եմ:
Այս երևույթը համատարած բնույթ ունի: ՀՀԿ-ն վարչական ողջ ռեսուրսը, այդ թվում և մարզերում, ներդրել է մայիսի 5-ի ընտրություններում իրենց թեկնածուի և ցուցակի օգտին ձայներ ապահովելու գործին: Մարզպետարաններին իջեցված հրահանգն, այնուամենայնիվ, այնքան էլ արդյունավետ չէ: Երևանում բնակվող և մարզային հիմնարկություններում աշխատող բարեկամ ունեցող քաղաքացիներից մեկը «ՀԺ»-ին ներկայացրեց ցուցակի շուրջ իրենց զրույցը:
«Զանգեց, ասեց՝ ինձ պետք ա օգնես, թե չէ գործից կհանեն, ցուցակ են ուզում, հեռախոսի համարներով: Զանգելու են ստուգեն: Ես էլ ասեցի՝ մեր անունն ու հեռախոսի համարը գրի, տասը հոգու անուն ու հեռախոսի համար էլ կտամ: Որ զանգեն, կասեմ՝ ընտրելու եմ, բայց ձեռքս կոտրվի՝ ՀՀԿ-ին չեմ ընտրի»,- փոխանցեց քաղաքացին՝ ավելացնելով՝ բա ինչ անեի, չէի թողնի, չէ՞, որ խեղճին աշխատանքից ազատեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել