
Գերմանիայի մի շարք քաղաքներում կանցկացվեն Մեծ եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Ապրիլի 20-ից մինչև 27-ը Գերմանիայի տարբեր քաղաքներում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ Հայոց մեծ եղեռնի կապակցությամբ:
Մայրաքաղաք Բեռլինում ոգեկոչման արարողությունը կսկսվի այսօր Gedächtniskirche (թարգմ. հիշատակի եկեղեցի) կոչվող եկեղեցու մատուռում տեղական ժամանակով 18:30-ին: Այնուհետև այն կշարունակվի Բեռլինի կենտրոնում գտնվող Marienkirche-ի (Մարիեն եկեղեցու) բակում: Միջոցառման գլխավոր խոսնակն է լինելու Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության փոխնախագահ Ցեմ Օզդեմիրը: Այս մասին նշված է Բեռլինի եկեղեցական համայնքի տարածած հաղորդագրության մեջ:
Այսօր՝ ժամը 17:00-ին, Բեռլինի հայկական դպրոցի սաները և ուսուցչական անձնակազմը տնօրեն Միքայել Մինասյանի ղեկավարությամբ կազմակերպելու են 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Ոգեկոչման արարողությունը ասմունքի և գեղարվեստական համարների հետ մեկտեղ կհնչեն ելույթներ Հայոց ցեղասպանության թեմայով:
Ապրիլի 24-ին՝ նույն ժամին, Բեռլինի հայ համայնքի անդամներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն անմեղ զոհերի հիշատակին: Գերմանիայի թեմի առաջնորդ Սրբազան Գարեգին Բեկչյանի և Հյուսիսային Գերմանիայում հայկական համայնքների հոգևոր հովիվ տեր Գնել քահանա Գաբրիելյանի մասնակցությամբ կմատուցվի հոգեհանգստի պատարագ: Հնչելու է նաև հոգևոր երաժշտություն:
«Այլևս երբեք» խորագիրն է կրում ապրիլի 27-ին տեղի ունենալիք ցույցը, որը նախատեսված է անցկացնել Բեռլինի ժամանակով 14:00-ից մինչև 17:00-ն:
Ցուցարարները կանցնեն կանցլեր Անգել Մերկելի նստավայրի և Թուրքիայի դեսպանատան կողքով, նաև ծաղիկներ կդնեն Հրեական ցեղասպանության հուշաքարերին:
Գերմանիայի Լեեր քաղաքի բնակիչ Ալբերտ Թովմասյանը, ով տեղի հայկական համայնքի ակտիվիստներից է, տեղեկացնում է, որ Մեծ եղեռնի 98-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումները Լեերում կմեկնարկեն ապրիլի 24-ին «Հետապնդում, հալածում, բնաջնջում» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսի բացմամբ: Միջոցառումները Լեերում կշարունակվեն ապրիլի 27-ին:
Հայոց մեծ եղեռնի 98-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաև երկրի մյուս քաղաքներում (Քյոլնում, Համբուրգում, Բոխումում, Բրեմենում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում, Հալլեում) ու բնակավայրերում հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ:
Մեկնաբանել