Սերգեյ Սմբատյանը համաձայն չէ պնդումներին, թե դասական երաժշտություն քիչ են լսում
Ապրիլի 19-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացրին «Երիտասարդները երիտասարդների համար՝ Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։
Հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ունկնդրեց հոլիվուդյան սիրված ֆիլմերի («Խիզախ սիրտը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում» և այլն) մեղեդիները: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ մշակվել են Երիտասարդական նվագախմբի համար:
ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ դասական երաժշտությունը պետք է հասանելի լինի նաև մարզերի բնակչությանը: «Hollywood Non-Stop»-ն արդեն ներկայացվել է Վանաձորում, Գյումրիում, Եղեգնաձորում, և այս բոլոր քաղաքներում հանդիսատեսը ոգևորությամբ է ընդունել նվագախմբի ելույթները։
Սերգեյ Սմբատյանը համաձայն չէ այն պնդումներին, թե դասական երաժշտություն քիչ են լսում։ Մարդիկ սիրում են դասական երաժշտությունը, դրա կարիքն ունեն, պարզապես պետք է գտնել մատչելի ձևաչափ՝ այն ավելի ճիշտ ներկայացնելու, հասանելի ու սիրելի դարձնելու համար։
Արտաշատի Շահումյանի անվան դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Զառա Խաչատրյանը նշեց, որ իրենց համար համերգային այս ծրագիրը դասական երաժշտությունը վայելելու լավ առիթ էր՝ առանց Երևան հասնելու: «Ֆիլմերը դիտել էինք, երաժշտությանը ծանոթ էին, սակայն շատ հաճելի էր ունկնդրել այն դասական մատուցմամբ։ Հանդիսատեսն այսօր մաքուր երաժշտության կարիք ունի»,- ասաց նա։
«Hollywood Non-Stop» նախագծի մեկնարկը տրվել է 2012թ. մարտի 15-ին։ 2012-ի ընթացքում այն ներկայացվել է Երևանի 8 բարձրագույն ուսումնական հաստատությունում, որտեղ ավելի քան 6000 ուսանող ունկնդրել է ամերիկյան ֆիլմերի սաունդթրեքները։ Նախագիծը նվիրված է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին։
«Hollywood Non-Stop» համերգային ծրագիրն առաջիկայում կներկայացվի նաև հանրապետության այլ քաղաքներում։ ՀՊԵՆ-ը կշարունակի իր այցելությունները մարզեր՝ տարբեր համերգային ծրագրերով ներկայանելով մարզաբնակ հանրությանը։
ՀՊԵՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ այսուհետև ՀՊԵՆ-ի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել