
Շնորհիվ մի արտադրամասի՝ ճանաչում են Արցախը
Աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող «ABC Trading» հրացանակոթերի համար բրիկետների արտադրամասը գտնվում է Ստեփանակերտի ծայրամասերից մեկում: Այն ստեղծվել է մոտ հինգ տարի առաջ արցախցի Վահան Հայրապետյանի ու անգլիացի Մայք Քրոքեթթի համատեղ ջանքերով: Մայքի ու Վահանի խոսքով՝ իրենց բիզնեսն ավելի շատ ուշադրություն է դարձնում որակի, քան քանակի վրա:
«ABC Trading»-ը բրիկետները պատրաստում է հին ու անպտղատու ընկուզենու արմատներից: Նրանք բրիկետները՝ որպես կիսաֆաբրիկատ, առաքում են Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի ու Ավստրալիայի զինագործական ընկերություններ, որտեղ հրացանակոթ են պատրաստում: «ABC Trading»-ի գլխավոր գործընկերներից մեկն է իտալական հայտնի «Berreta» զինագործական ընկերությունը:
Բրիկետները Ղարաբաղից դուրս են հանում բնապահպանության վարչության թույլտվությունից հետո: Քանի որ Ղարաբաղը չճանաչված պետություն է, Վահանն ու Մայքը Հայաստանում հիմնել են մեկ ուրիշ ընկերություն, որտեղ ձևակերպումներ են անում ու բրիկետներն առաքում արտասահման: «Ստիպված երկու տեղ հարկ ենք մուծում»,- ասում է Վահանը:
Վահան Հայրապետյանը «ABC Trading»-ը ընտանեկան բիզնես է համարում, քանի որ իրեն ու Մայքից բացի՝ փոքրիկ արտադրամասում աշխատում են իր որդին՝ Արմենը, ու իր երկու վաղեմի ընկերները՝ Վիլենն ու Կարենը:
Մայքն ընկերությունում ավելի շատ զբաղվում է արտասահմանցիների հետ պայմանախոսությամբ: «Մայքի շնորհիվ մենք ունենք նոր գնորդ՝ 150 տարվա պատմություն ունեցող «Steyr-Manlicher» ավստրիական հայտնի զինագործական ընկերությունը, որի հետ արդեն պայմանագիր կա»,- ասում է Վահանը:
Ջերմ մթնոլորտ ունեցող այս ձեռնարկությունում Մայքն ու Վահանը ֆիզիկական աշխատանք են կատարում մնացած երեքի պես: Փայտամշակությունը նոր բան չէ նրանց համար. մինչև բրիկետների արտադրությունը երկուսով կաղնուց գինու ու կոնյակի համար տակառատախտակ էին պատրաստում և ուղարկում Ֆրանսիա:
«Մեր ընկերության շնորհիվ մի շարք երկրների քաղաքացիներ իմանում են Ղարաբաղի տեղը: Իսկ աշխարհում հայտնի ու ոչ հայտնի մի շարք զինագործական ընկերություններ ընդունում են, որ սա Ադրբեջանը չէ, այսինքն՝ ճանաչում են Ղարաբաղը: Փող փոխանցելու ժամանակ մի կազմկակերպություն տարակուսել ու ասել է, որ սա Ադրբեջան է, իսկ Մայքը նրանց՝ սա հայկական անկախ երկիր է»,- պատմում է Վահանը:
Մայքը, շարունակելով Վահանի միտքը, ասում է, որ նման շատ գնորդներ են ունեցել, որոնք մտածում էին, թե Ղարաբաղը ադրբեջանական է. «Ես միշտ նրանց ասում եմ, որ այդպես չէ»:
Սկզբնական շրջանում «ABC Trading»-ի գործը այդքան էլ հաջող չէր, Վահանի խոսքով՝ 4 հազար դետալից միայն 4 հարյուրն էր պիտանի ստացվում:
«Մեր սխալների վրա աշխատելու շնորհիվ՝ աշխարհում հրացանակոթերի բրիկետների արտադրությամբ տասնյակի մեջ ենք հայտնվել»,- ասում է Վահանը: Իսկ Մայքի կարծիքով՝ իրենք մեկ տարուց կհայտնվեն հնգյակում:
Որոնման համակարգում փնտրելով «walnut gunstock blank» (ընկույզե հրացանակոթերի հումք) բառերը՝ առաջին էջում է հայտնվում «ABC Trading»-ի կայքը, որում ընկերությունը կոչվում է պարզապես «C & H»՝ Մայքի ու Վահանի ազգանունների սկզբնատառերով:
Սակայն նույն որոնման համակարգի տասնյակում են հայտնվում թուրքական ընկերություններ: «ABC Trading»-ի («C & H»-ի) կայքը Թուրքիայի տարածքում մի քանի անգամ կոտրել են: Թուրքերը հրացանակոթերի բրիկետների արտադրությամբ աշխարհում հին առաջատարներից են, սակայն, ըստ «ABC Trading»-ի, թուրքական ընկերություններն Եվրոպայում վատ համբավ ունեն, նրանց չեն վստահում, քանի որ նրանք հաճախ են խորամանկում:
«Մենք որակի վրա ենք ուշադրություն դարձնում, քանակ ապահովելու հնարավորություն չունենք: Որակն է մեր առավելությունն ու արևմտյան ընկերությունների վստահության տածումը մեր նկատմամբ»,- ասում է Վահանի որդին՝ Արմենը:
Միաժամանակ նրանք միտում ունեն նաև քանակի վրա էլ ուշադրություն դարձնել: Ընկուզենիների արմատները հաճախ գնում են մասնավոր անձանցից, սակայն եթե պետությունը մի քիչ աջակցի, արտադրական քանակի աճ էլ կլինի: Վահանը վստահ է, որ Հադրութի ու Քաշաթաղի շրջանների անտառների ընկուզենիներն աշխարհում լավագույններից են: Հետաքրքիրն այն է, որ ամեն մի շրջանի ընկուզենի իր առանձնահատկությունն ունի: Կարևոր է հումք ունենալ տարբեր շրջաններից՝ ապրանքատեսակի բազմազանություն ապահովելու համար:
Վահանը հավատում է, որ այդ դեպքում իրենք կլինեն առաջինը: Մայքը տարակուսանքով է դա ընդունում. «Մեր գործը մեկ-մեկ նման է կազիոյի. լինում է՝ ծառ ես սղոցում, իսկ այն բանի պիտանի չէ, կայծակնահարվել ու ճաքճքել է և այլն: Հնգյակում կհայտնվենք, բայց թուրքական անտառներն էլ վատը չեն, նրանք «մետաքսե գիծ» ունեն, որն անցնում է Արևմտյան Հայաստանով»: Վահանի որդին՝ Արմենը, բացատրում է, որ «մետաքսե գիծ» է կոչվում անտառի այն հատվածը, որտեղ հատուկ տեսակի ընկուզենիներ են աճում:
Վահանը խոստանում է, որ իրենք պատրաստ են 10 ծառի փոխարեն 100-ը տնկելը: «Մեզ թափուկները, հուշարձաններին խանգարող ու անպտղատու ծառերը բավական են, տարեկան ընդամենը 20-40 ծառ: Թարմ ծառերը բրիկետների համար անպիտան են»,- ասում է նա:
Թարմ ծառերի արմատները շատ նախշազարդ չեն՝ ի տարբերություն հների: Ինչքան ծառի արմատը նախշազարդ է, այնքան արժեքավոր է:
Ընկերությունը որևէ համայնքի ծառեր հատելու իրավունք ստանում է համայնքի ավագանու որոշումից հետո: Պետության հետ համագործակցությունն արդյունավետացնելու դեպքում, Մայքի խոսքով, իրենք կկարողանան տարեկան նվազագույնը չորս բեռնատար բրիկետ արտահանել, այսինքն՝ 12 հազար բրիկետ:
Այսքանից հետո վերջապես հետաքրքրվեցի Մայքով: Նա Լոնդոնից 80 մղոն գտնվող Իպսուիչ քաղաքից է, կինը ռուսաստանցի է, ինքը ևս երկար տարիներ Ռուսաստանում է ապրել ու տիրապետում է ռուսերենին: Մայքը հինգ տարի առաջ՝ մինչ Ստեփանակերտ գալը, Հայաստանում փայտագործությամբ էր զբաղվում. «Ռոլս-Ռոյս» մակնիշի ավտոմեքենայի սրահի համար թխկու հատուկ տեսակից իրեր էր պատրաստում: Մայքն ու Վահանը երրորդ անձի միջոցով համագործակցում էին իրար հետ, իսկ երբ Մայքը եկավ Արցախ, սկսեցին համատեղ բիզնեսով զբաղվել:
«Այստեղ օդը մաքուր է, չկան մեծ գործարաններ: Համեմատած Իպսուիչի հետ՝ և քաղաքն է սիրուն, և աղջիկները,- կատակում է Մայքն ու ավելացնում, որ ինքը Անգլիան չի կարոտում, որովհետև երկար տարիներ հայրենիքից դուրս է ապրել:-Սուրբ Ծննդի օրը և տարին մի քանի անգամ հանդիպում եմ Եվրոպայում ապրող երեխաներիս»:
Մայքի դուստրն արձակագիր է ու ապրում է Ֆրանսիայում, հայտնի է S. D. Crockett անունով, հեղինակն է «After the snow», «One crow alone» և «Lucy Bloo» ստեղծագործությունների: Նա հաճախ է լինում Հայաստանում, այժմ պատրաստվում է ստեղծագործություն գրել Հայաստանում ապրող մալականների մասին:
1-ին լուսանկարում՝ ձախից Վահան, Մայք, Արմեն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել