HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

…Ես տուն եմ ուզում վերադառնալ, Տե~ր Ամենազոր…

Ինչպես իմ հայրենակիցների մեծագույն մասը, Լեռ Կամսար Արամ պապս նույնպես, իր հայրական շեն օջախից զրկվեց  1915 թվի «զուլումին»։

Իմ բախտակից հայրենակիցների պես նա էլ գաղթելով Երեւան դեգերեց քողտիքից` քողտիկ, նկուղից` նկուղ, խրճիթից` խրճիթ, մինչեւ որ տվեցին մի ժամանակավոր կացարան, հետագայում տեղափոխելու խոստումով։

Տեղափոխելու խոստումը հարկավ կատարեցին` տեղափոխելով երեք ամսով Երեւանյան բանտ, երեք տարով Վորկուտա` հեռավոր աքսորի եւ տասնյոթ տարի Բասարգեչար` մոտակա աքսորի։

1955-ի համաներմանը թույլ տվեցին վերադառնալ նախնական կացարանը։

Այսքանից հետո, չգիտես ինչու, պապիս տուն ունենալու բնական բնազդը չէր մարել։ Եվ սկսվեց դիմումների եւ հիշեցումների տեղատարափը, որոնցից կներայացնեմ միայն մի քանիսը, սիրելի ընթերցող, ձեր համբերությունը չչարաշահելու համար…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈւԹՅԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆԸ
ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻՑ Դ Ի Մ Ո ւ Մ

Վարչության հարգելի՛ անդամներ,
Այն հողաշեն, հողածածկ ու հողածեփ տունը, ուր ապրում եմ ես ներկայումս, շինված է պարսկական տիրապետության ժամանակ, ֆեոդալական շրջանում, երբ եղել են ստրուկներ եւ տերեր։ Դռների տարապայման ցածրությունն առիթ է տալիս կարծելու, որ իմ ներկայիս տունը պատկանելիս է եղել հավանաբար մի ստրուկի, որովհետեւ ամեն անգամ, երբ մոռանալով պատմական անցյալը, ես երեւակայում եմ ինձ 20-րդ դարի քաղաքակիրթ մարդկության անդամ ու գոռոզացած տուն եմ մտնում` ճակատս այնպես սաստկությամբ դռան վերնամասին եմ խփում, որ արտասուքը լեցվում է աչքերս։

Եվ ներկայումս իմ ունեցած հեզ ու խոնարհ բնավորությունը ոչ թե ծնած օրիցս ժառանգաբար հետս եմ բերել, այլ ստացել եմ իմ ապրած բնակարանից։

Չնայած անդուլ ջանքերիս, տան կտուրը անձրեւից չի պաշտպանում մեզ։ Երբ անձրեւում է գիշերները` մենք բոլորս վերջ ենք տալիս մեր հորիզոնական դիրքին, վեր կենում անկողնից, ուղղահայաց դիրք ընդունում` համեմատաբար քիչ թրջվելու համար։

Ու ամեն անգամ, երբ տեսնում եմ ընտանիքիս որեւէ անդամ գլխահակ կանգնած կաթիլքի է սպասում, չեմ կարող չհիշել այն պատկերը, ուր Քրիստոսը նախքան իր փրկչական միսիան սկսելը, մկրտվում էր Հովհաննես Մկրտչի ձեռքով, Հորդանան գետի ափին կանգնած…

Թեեւ պայմանագիր չունենք կապած, բայց քամին տրանզիտով ել ու մուտ է անում միափեղկ բոլոր պատուհաններից։ Ու ես այն ծխամոլ մարդու նման, որ ձեռքի պապիրոսը չվերջացրած երկրորդն է վառում` մի գրիպը չվերջացրած` երկրորդն եմ սկսում։ Սենյակիս հատակը խոնավությունից ուռչելով, այն ավելի շատ ալեծածան ծով է հիշեցնում նայողին։

Այն ցախատունը, որից որպես խոհանոց ենք օգտվում, անկարելի է որեւէ հավատացյալ ներս մտնի, առանց նախապես իր մեղքերին թողություն խնդրելու եւ հաղորդվելու, որովհետեւ մտնողը ոչ մի երաշխիք չունի, թե ողջ դուս կգա այնտեղից։ Այնքան խարխուլ է։

Գրողների միության հարգելի անդամներ, եթե դուք բնակարանիս ինձ պատճառած այս աղետները մասնավոր երեւույթ համարեք ու չկամենաք լիկվիդացնել, ապա ստորեւ կբերեմ աղետների մի շարք էլ, որոնք քաղաքական են ու վերաբերվում են Գրողների միության պրիստիժին։ Ինձ մոտ գալիս են արտասահմանյան բազմաթիվ այցելուներ, որոնք տեսնելով իմ բնակարանային թշվառությունը, զարմանքով գլուխնին տարուբերում են։

Ինչպե՞ս պիտի զգար ինքզինքը Գրողների միությունը, եթե այդ այցելուներից մեկը բնակարանիս լուսանկարը հանելով, տաներ արտասահման, որեւէ թերթում լույս ընծայեր ու տակը գրեր. «Տեսեք ինչպիսի բնակարաններում են ապրում Հայաստանում հիսուն տարվա գրողները…»։

Այսպես գրելուց հետո դուք որքան կուզեք հերքեք, որքան կուզեք համոզեք նրան, թե Հայաստանում միայն Լեռ Կամսարն է այսպես թշվառ ապրում. մյուս բոլոր գրողներն ապրում են փառավոր նորակառույցներում, վայելում են կուլտուրական բարիքներ։ Ի՞նչ օգուտ։

Նրանք ձեր բառերի դիմաց կդնեն գոյություն ունեցող փաստը։ Քաղաքական այս աղետից ինչպե՞ս ազատվենք։ Բայց այս բոլորը հեչ. կա նաեւ տիեզերական աղետ, որ հետեւյալն է։

Ես 72 տարեկան եմ եւ շուտով պիտի մեռնեմ։ Ներկա հողեղեն բնակարանից հողեղեն գերեզման գնալիս` ես ինչպե՞ս համոզեմ ինձ, թե մեռել եմ արդեն, երբ այս երկու բնակարանների մեջ էական տարբերություններ չկան։ Այդ հասարակ բանի համար վեր կենամ անմահանա՞մ, խախտելով կյանքի օրինաչափությունները։

Արդ, Գրողների միության վարչության հարգելի անդամներ, ի նկատի ունենալով վերեւում շարադրված անհատական, քաղաքական ու տիեզերական պատճառները, կխնդրեի ձեզ, գրողների համար ներկայումս կառուցվող շենքում երեք սենյակից բաղկացած մի բնակարան հատկացնել երկրորդ հարկում (սիրտս հիվանդ է), որ ես ընդամենը 40 մետր բնակելի տարածության մեջ ապրող իմ ինն անձից բաղկացած ընտանիքս կիսեմ, ինքս մի կեսի հետ այնտեղ փոխադրվեմ եւ կյանքիս մեջ առաջին անգամ ունենամ աշխատելու առանձնասենյակ եւ կյանքիս մնացյալը մասը նվիրեմ հայ գրականության բարգավաճմանը, ինչպես նվիրել եմ կյանքիս 50 տարիները։

Հուսալով, որ չեք մերժի,
հարգանքներով`
Լեռ Կամսար
29 / 08-1959թ., Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈւՆԻՍՏԱԿԱՆ ՊԱՐՏԻԱՅԻ ԿԵՆՏԿՈՄԻ ՔԱՐՏՈւՂԱՐ ԸՆԿ. Ս.Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻՑ Դ Ի Մ Ո ւ Մ

Հարգելի ընկեր Թովմասյան։
Այն օրից, երբ Դուք կարգադրեցիք Քաղսովետին ինձ բնակարան տալ` անցել է երեք տարի։ Ու մի զարմանաք, որ ասեմ, թե մինչեւ օրս չեմ ստացել այդ բնակարանը, եւ այդ հետեւյալ պատճառով։

Քաղսովետի «դեպուտատը» եկավ բնակարանս տեսավ եւ հայտարարեց, թե` քո բնակարանը ճիշտ է վատն է, բայց գետնի երեսին է. մենք առայժմս բավարարում ենք նկուղում ապրողներին։

Պարզվեց հետագայում, որ հիշյալ «դեպուտատը» օպերացիայի հետեւանքով դեպի վեր նայելու հնարավորությունից զրկված լինելով, միշտ ինձանից ցած ապրողներին էր տեսնում։ Եթե շարժվող վիզ ունենար` ինձանից վերեւ ապրողներին էլ, ներքեւ ապրողներին էլ կնայեր հավասարապես եւ ինձ այդ երկուսի արանքում մի հարմար բնակարան կտար։ Բայց ոչ, ես պիտի սպասեի, մինչեւ վերջին կարիքավորը բավարարվեր… Երբ այսպես տխուր ու տրտում Գրողների միություն էի մտնում, այնտեղ Թոփչյանը լսելով ինձ ասաց.

- Մի վհատվիր, շուտով գրողների համար բնակարան ենք կառուցում, եւ դու կստանաս բնակարան իր բոլոր հարմարություններով։

Խոստումն այնքան հաստատ էր, որ ես չսպասեցի մինչեւ կառուցվելը, երեւակայությամբ անմիջապես քաշվեցի այդ դեռ չհիմնադրված բնակարանը եւ սկսեցի ապրել փառավոր, ամբողջ երեք տարի։ Բայց երեք տարուց հետո, երբ արդեն կառուցված էր շենքը, Գրողների միությունն ինձ ցած գլորեց երեւակայությամբ գրված իմ հինգերորդ հարկից…

Այստեղ` մի փոքրիկ շեղում։ 1939 թվին, երբ ես վերադառնում էի հեռավոր լագերից, հագիս կար մի բուշլատ ճենճոտ ու գզգզված։ Բուշլատից կախ ընկած բամբակները ինձ դարձնում էին «ձմեռ պապի»։ Վագոնում կոնդուկտորը մերժեց ինձ անկողին տալ, եւ ուղեկիցներս ճաշելուց հետո փշրանքները փոխանակ վագոնի պատուհանից դուրս թափելու, ինձ էին առաջարկում, որ վայելեմ եւ իրենց հոգու փրկության համար աղոթեմ… Դառնամ իմ նյութին։

Հա։ Ուրեմն, գրողների շենքն ավարտված է եւ հանձնաժողովը ման է գալիս տները քննելու եւ կարիքավորներին բավարարելու։ Հանձնաժողովը մտավ եւ իմ բնակարանը, տեսավ այն, որ ավելի էր «ճենճոտ» ու ավելի «ցնցոտի» քան իմ աքսորականի բուշլատը։ Ու բնականաբար, այդ հանձնաժողովն ինչքան էլ քարսիրտ լիներ, չէր կարող չողորմել ինձ, իր հոգու փրկության համար աղոթելու համար… Եվ ողորմեց` ինձ հրամցնելով Քրիստափոր Թափալցյանի հին բնակարանը, ասելով.

- Լվա, ծակերը կարկատիր ու հագիր…

Այստեղ անմիջապես աչքիս պատկերացավ Թումանյանի «Գիքորը»` «բազազ Արտեմի» հին շորերը հագին։

Արդ. երբ երկաթուղու վագոնում ռուս ուղեւորները ինձ չճանաչելով, իրավամբ մուրացկան էին կարծում, բայց ա~խր, Գրողների միությունն ինձ ճանաչում է։ Ոչ միայն ճանաչում է, այլ նաեւ որպես գրողի շատ բարձր էր դասում  (երբ, իհարկե, դեռ շենքը չէր ավարտվել) եւ արժանի համարում երկու բնակարանի կրկնակի հարմարություններով։ Այժմ ի՞նչ պատահեց, որ Քրիստափոր Թափալցյանի անլվա փոխնորդն է հագցնում ինձ, նրա “այլ բնակարան անցնելու կապակցությամբ»։ Այս վերաբերմունքը տեսնելով, դարձա կնոջս ասացի.

- Կնի՛կ, մեռնելուցս հետո թույլ չտաս ինձ Գրողների միությունը թաղի, նա, որ իմ կենդանությանը Թափալցյանի հին բնակարանն առաջարկեց` մեռնելուցս հետո, ո՞վ գիտե, որ գրողի հին գերեզմանն առաջարկի։

Որովհետեւ բնակարանն անցավոր է, իսկ գերեզմանը հավիտենական… Հարգելի ընկեր Թովմասյան, վերջացնելով ասելիքս, խնդրում եմ Ձեզանից երկու պայմանական բան` կամ ինձ մի հարմար բնակարան տվեք կամ մի մեծ համբերություն` այս անվերջ վիրավորանքներին դիմանալու համար։

Այլապես մի գիշեր «Աբու լալա Մահարիի» նման «քարավանս» կքաշեմ ու դուրս կգամ «Բաղդադից», նզովելով մարդն իր բոլոր օրենքներով…

Հարգանքներով`
Լեռ Կամսար

9 մայիսի, 1960թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈւՆԻՍՏԱԿԱՆ ՊԱՐՏԻԱՅԻ ԿԵՆՏԿՈՄԻ Ա. ՔԱՐՏՈւՂԱՐ ԸՆԿ. Ս. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
Նամակ Լեռ Կամսարից

Հարգելի ընկ. Թովմասյան,
Համաշխարհային պատմությամ մեջ անկարելի է ժխտել երազների կատարած խոշոր դերը։

Երազները հաճախ օգնության են հասել մարդուն իր ամենանեղ պահին եւ ուղղակի փրկություն հանդիսացել նրան պես-պես կորուստներից։

Իր երազով Փարավոնը խանխագուշակեց Եգիպտոսին սպառնացող սովը, եւ յոթ առատության տարիներում կուտակելով հացի առատ բերքը, փրկեց իր ժողովրդին հետագա յոթ սովի տարիներին ոչնչանալու սպառնալիքից։

Մեր Մեսրոպ Մաշտոցը վերցնենք։ Իր արթուն վիճակում գտնել չկարողացած հայերեն տառերը նա գտավ երազում, բորբոքված էքստազի մեջ։

Այո՛, երազները բախտորոշ դեր են խաղացել մարդկային պատմության մեջ, բայց այն երազը, որ ես տեսա այս գիշերը` իր մասշտաբներով գերազանցում է բոլոր պատմական ու նախապատմական երազները։ Իմ այս գիշերվա երազը արդեն մարդկային անմահության ոլորտներն է թեւակոխում եւ այն միանգամայն արժանի է Ձեր ունկնդրությանը։

Պառկելիս, երբ մտածում էի, թե` յարաբ ես բնակարան կստանա՞մ, թե ոչ` աչքս փակվեց ու ես հետեւյալ երազը տեսա։ Մեռա` ու դիմումը ձեռքս գնում եմ թաղման բյուրո թաղվելու իրավունք ստանալու։

Գնում եմ, բայց տխուր չեմ։ Մտածում եմ. «Ես երեք տարի անվերջ Քաղսովետ եմ գնում-գալիս, մի ժամանակավոր բնակարան չեմ կարողանում ստանալ։ Թաղման բյուրոն, ուրեմն, ի՞նչ խոսք, ինձ գերեզման տալու համար առնվազն երեսուն տարի պիտի տանի ու բերի, որովհետեւ գերեզմանը ոչ թե ժամանակավոր, այլ հավիտենական բնակարան է ու հետեւաբար ավելի թանկ արժե։ Ու ստանալու համար ավելի ճիգ պիտի ի գործ դնել»։

Այս մտքով ուրախացած, երբ բյուրո էի մտնում, ինձ հետ պատահեց աղետ։ Թաղման բյուրոյի նախագահը, դեռ դիմումս ձեռքս չառած` մակագրեց վրան «թաղել»…

Դիմումի այսպիսի կայծակնային բավարարումը ես առաջին անգամն էի տեսնում ողջ կյանքումս։ Ես կանգնած էի կատարված փաստի առաջ։ Կարո՞ղ էի խնդրել, որ ինձ երեսուն տարի տաներ ու բերեր։ Ոչ, իհարկե, ու ես մակագրված դիմումը ձեռքիս շատ տխուր ու շատ տրտում դիմեցի դեպի գերեզմանատուն։

Բայց կես ճանապարհին հանկարծ մի նոր հույս կայծկլտաց սրտումս։ Ասում եմ` ապրելու բոլոր դռները դեռ փակված չեն առաջիս. կարող է պատահել հասնեմ գերեզմանոցը եւ նրա դռան վրա կարդամ`«Ստուգման պատճառով գերեզմանոցը փակ է...»:

Ու եթե հաշիվները շատ են խառը, կամ «պակասները» մեծ` ես էլի երկար կապրեմ։ Բայց ավա~ղ, այդ էլ չպատահեց։ Գերեզմանոցի վարչությունը դռները լայն բացած մեռելի էր սպասում, ուստի ներս մտա, կանգնեցի գերեզմանիս առջեւ ու հարցրի վարիչին.

- Ձեզանում կարգն ինչպե՞ս է, «վերջին խոսք» տալի՞ս եք մեռնողին։
- Տալիս ենք։ Ունե՞ս ասելիք:
- Ունեմ` այն էլ ինչպիսի~ ասելիք։ Մի ասելիք, որն անմահություն է բերում Երեւանի բնակչությանը։
- Լսում ենք։
- Ընկերնե’ր…
- Մենք կենդանի ենք եւ մեռածին «ընկեր» չենք։
- Լավ, ինչ որ եք` միայն ես կհանձնարարեի ձեզ անմիջապես տեղափոխել Քաղսովետի ու Թաղման բյուրոյի նախագահների տեղերը։ Թաղման բյուրոյի նախագահին տանել Քաղսովետ, Քաղսովետինը բերել Թաղման բյուրո։ Այն ժամանակ թաղման բյուրոյի նախագահը սովոր լինելով րոպեապես բավարարել իրեն դիմողներին` բնակարանազուրկ քաղաքացիներն անմիջապես կբավարարվեին բնակարանով, իսկ մեռնողները անվերջ գնալ գալով` կանմահանային…

Հազիվ խոսքս վերջացրած, Թաղման բյուրոյի նախագահ Շահապունին, որ նույնպես ներկա էր` ինձ գերեզման բոթեց ասելով.
- Եթե մարդիկ անմահանան` ես ո՞ւմ թաղեմ միլիոններ դիզելու համար…

                                               ------

Կարդալով իմ երազը ընկ. Թովմասյան, գուցե հարցնեք, թե  ի՞նչ ես ուզում ինձանից։
Պատասխանում եմ՝
- Ոչինչ, Ձեր ջանի սաղությունը։
Ասում ու միաժամանակ շվարած գլուխս քորում, ցույց տալու համար, որ ասելիք ունեմ, բայց չեմ ուզում ասել…

Հարգանքներով`
Լեռ Կամսար

2 հունիսի, 1960թ.
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈւՆԻՍՏԱԿԱՆ ՊԱՐՏԻԱՅԻ ԿԵՆՏԿՈՄԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈւՂԱՐ ԸՆԿԵՐ Ս. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
Նամակ Լեռ Կամսարից

Հարգելի ընկ. Թովմասյան.
Ես, որպես Ձեզ շատ հարգողներից մեկը, կցանկանայի, որ Ձեր խոսքն ու գործը ճամփա կտրելիս իրարից ետ ու առաջ չընկնեին։ Մինչդեռ ինձ բնակարան տալու Ձեր խոստումը այսօր իր երեք տարին լրացրած` չորսի մեջ է մտնում, իսկ խոստացված բնակարանը… դեռ չի ծնվել։

Ես նման եմ այն ոճրագործին, որը ժողդատավորից մահվան  վճիռ է ստացել, սակայն, վճիռն ի կատար ածելիս` նրա վրա կրակում են «խալաստոյ» պատրոնից, ու ես չգիտեմ մեռա՞ծ համարեմ ինձ, թե՞ կենդանի…

Նման եմ նաեւ երաշտից չորացած արտի, որը լսելով երկնային որոտը, ամեն րոպե անձրեւի է սպասում, բայց այդ անձրեւը չկա ու չկա… Այսպիսի արտառոց համեմատությունների դիմելու պատճառն այն անտանելի վիճակն է, որի մեջ գտնվում եմ  ներկայումս։

Այս ամառ փոքր տղաս ամուսնացավ մի ռուս աղջկա հետ, բայց աղջիկը, չտանելով մեր բնակարանային պայմանները, 15 օրից Լենինգրադ` իր ծնողների մոտ փախավ։ Մեծ տղաս իր հինգ անձ ընտանիքով ապրում է 15 քառ. մետրում։ Երեք մետր մի անձին այն ժամանակ, երբ պետական մինիմումը 7 մետր է։ Ու շնչելու տարածության հողի վրա ծայր է առել կագ ու կռիվ երկու եղբայրների մեջ, տունս դարձնելով կատարյալ դժոխք։

Ահա այս ծանր հանգամանքներն են, որոնք ստիպում են կրկին ու կրկին դիմելու Ձեզ, ընկեր Թովմասյան, եւ խնդրել մի վերջնական պատասխան, որ ես իմանամ, թե ինչ եմ անելու այս փակուղուց դուրս գալու համար։ Այս մասին իմ հեռանկարային պլանը հետեւյալն է։ Երբ Ձեզանից վերջնական մերժում ստանամ, վերցնեմ պիտի Պետհրատի ռեցենզենտ Թամրազյանի եւ «Սովետական գրականության» գրախոս Սիլվա Բոդոսյանի գերազանց գնահատականները, թարգմանել տամ ռուսերեն եւ ուղարկեմ ընկ. Խրուշչովին, ասելով.

- Տեսեք, այսպիսի գերազանց գնահատական ստացած գրողը բնակարան չի ստանում մեզանում, իսկ այսպիսի գնահատական չստացողը` ստանում է։ Եվ նրա միջնորդությունը խնդրեմ։

Կարծում եմ` ինձ անպատասխան չի թողնի Խրուշչովը, նա ինքն էլ երգիծելու մեծ շնորհք ունի եւ ինձ կհասկանա։ Հանձինս Խրուշչովի, երգիծանքը դիվանագիտության ասպարեզ է դուրս գալիս առաջին անգամ, որը ավելի փայլուն հաղթանակներ է ապահովում նրան, քան նույնիսկ նրա ատոմային սպառնալիքները։ Ատոմը գաղափարական կռվում շատ թույլ է երգիծանքից, մանավանդ այն ժամանակ, երբ պետք է ոչնչացնել հակառակորդին ոչ թե ֆիզիկապես, այլ բարոյապես։ Ու Ամերիկան ՄԱԿ-ի 15-րդ սեսիայում ենթարկվելով Խրուշչովի ծաղրի տարափին, մինչեւ օրս էլ քրքջքացնում է իր վրա համաշխարհային հասարակությանը։

Այո, սոսկալի զենք է երգիծանքը։ Այս բանն անտեսում է միայն Գեւորգ Հայրյանը, որը Պարոնյանին եւ ինձ համարում է «հնացած» եւ Վազգեն Ամիրբեկյանի ձեռքով կամենում է հնակարկատի աղբարկղը նետել մեզ, առիթ տալով հասարակությանը ասելու.

- Ռուսաստանում գերեզմանից դուրս են կանչում իրենց Գոգոլին ու Շչեդրինին, իսկ Հայաստանում գերեզման են դնում նրա կենդանի «Գոգոլին եւ Շչեդրինին», առանց նախապես նրանց փոխարինող ճարելու։

Ես հավատացած եմ, որ գրական գծով իմ կոլեգա Խրուշչովը կընդառաջի ինձ։ Իսկ, բան է, եթե նա էլ Ձեզ նման մերժեց ինձ, մնում է այն ժամանակ ձեռք քաշել մասնագետ բժիշկներից եւ ինձ հանձնել պառավական բժշկության։ Այն ժամանակ ես կվերցնեմ նորերս աշխարհաբարի թարգմանված Նարեկացին, նրա ոճով կփառաբանեմ Աստծուն եւ կասեմ.

- Տեր Ամենակալ, ես, որպես երկնային դժոխքը գերազանց գնահատկանով ավարտած մեկը, խնդրում եմ քեզ, մեռնելիս առանց քննության ընդունես ինձ արքայություն…

Վերջապես բախելու եմ ընդամենը երեք դուռ, հուսալով, որ դրանցից մեկնումեկը կբացվի առջեւս։ Բացվեց` անմիջապես պատրաստի «վեշչերովս» ներս կընկնեմ ու դուռը ետեւիցս կփակեմ… Իսկ այս բոլորն անելու համար Ձեր պատասխանին եմ սպասում, իմ շատ հարգելի ընկեր Թովմասյան։

Մնամ Ձեզ բարեկամ`
Լեռ Կամսար
20 հոկտեմբերի, 1960թ.,
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈւՆԻՍՏԱԿԱՆ ՊԱՐՏԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ Ա. ՔԱՐՏՈւՂԱՐ ԸՆԿ.ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
Լեռ Կամսարից` Դիմումի փոխարեն

Հարգելի ընկ. Թովմասյա՛ն,
Բնակարանիս հարցով անվերջ դիմեցի Ձեզ եւ Ձեզանից ոչ մի պատասխան չստացա։ Ինչպես երեւում է, Դուք որոշել եք ինձ երբեք չպատասխանել` եւ շատ էլ լա՛վ եք անում։ Իր ժամանակին Գրիգոր Նարեկացին էլ ինձ նման ողջ կյանքում դիմեց Աստծուն եւ իր մեղքերին թողություն խնդրեց, բայց Աստծուց պատասխան չստացավ։ Եթե Աստված Նարեկացու առաջին դիմումին պատասխաներ` մենք հիմա Նարեկացի անունով հեղինակ չէինք ունենա, ու հայ գրականությունը մեծապես կտուժեր։

Ընկե՛ր Թովմասյան, որպեսզի հետագայում էլ նարեկացիները չպակասեն մեր գրականության մեջ, եկեք մեր մեջ մի այսպիսի որոշում կայացնենք։ Դուք կլինեք իմ Աստվածը` ես Ձեր Գրիգոր Նարեկացին։ Իմ ամբողջ կյանքում կդիմեմ Ձեզ եւ բնակարան կխնդրեմ։ Եվ Դուք երբեք ինձ չեք պատասխանի։

Իհարկե, դժվար կլինի անվերջ չպատասխանել, եւ երբեմն մարդու կամքից անկախ հանկարծ պատասխանվում է, բայց Դուք Ձեր վրա ուժ պիտի գործադրեք, որովհետեւ մեր նպատակը բարի է։ Շատ չէ, եթե մի տասը տարի Ձեզ գրեմ` դա մի ստվար հատոր կկազմի։ Մի հատոր, որ պատիվ կբերի մեզանից ավելի մեծ ժողովրդի գրականությանն անգամ: Միայն Դուք կարող եք առարկել ինձ եւ ասել.

- Ախր աստվածները սովորաբար աներեւույթ են լինում եւ շատ հաճախ նույնիսկ… գոյություն չեն ունենում։ Իսկ ես, ինչպես գիտես, գոյություն ունեմ, դու ինքդ անձամբ ինձ մոտ եղել ես, մենք ընկերաբար խոսել ենք իրար հետ, ես խոստացել եմ քեզ բնակարան տալ, դու ուրախացած դուրս ես եկել իմ կաբինետից, հետո իմանալով, որ չեմ տալիս` տխրել ես, եւ այլն,եւ այլն։

Բայց այդ երբեք չի խանգարի գործին։ Իսրայելի աստվածն էլ իր կյանքում մի անգամ Սինա լեռան վրա իր կրունկը ցույց տվեց Մովսես մարգարեին եւ այդ չխանգարեց նրա աներեւույթ լինելուն։

Մեզ միայն մի բան է խանգարում։ Աստվածները սովորաբար մարդկանց հոգին առնում են, իսկ ես որքան էլ ծերանամ, Դուք չեք կարողանա իմ հոգին առնել, որովհետեւ Ստալինի մահից հետո այդ բանն արգելված է։

Հիմա ոչ միայն չի կարելի մարդու հոգին առնել, այլ մինչեւիսկ առաջուց առնված հոգին վերադարձնում են տիրոջը եւ հետմահու «ռեաբիլիտացիայի» ենթարկում նրան, հատուցելով նրա կրած վնասի դիմաց երկու ամսվա ռոճիկ։ Այս արգելքը եթե հաղթահարեինք` այսօր ես թուղթ ու թանաքի պատրաստություն կտեսնեի եւ վաղվանից կսկսեի գրել։

Հարգանքներով`
Ձեր պատասխանին չսպասող`
Լեռ Կամսար
Երեւան
1960թ.

ՀԿՊ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՔԱՐՏՈւՂԱՐ ԸՆԿ. ԶԱՐՈԲՅԱՆԻՆ
Նամակ Լեռ Կամսարից

Հարգելի՛ ընկ. Զարոբյան.
Երբ մի այցելու կանգնած իր բարեկամի դռանը երկար թակում է ու դուռը չի բացվում իր վրա` ստիպված նա ամենամոտիկ հարեւանին է դիմում եւ հարցնում.

- Ինչո՞ւ դուռը չեն բացում, տանը մարդ չկա՞ ինչ է։

Ներկայումս ես այդ այցելուի դերում եմ։ Սա չորս տարի է բնակարանային հարցով իմ բարեկամ ընկ. Թովմասյանի դուռը թակում եմ, ու որովհետեւ չի բաց անում` ստիպված Ձեզ` որպես նրա ամենամոտիկ «հարեւանի», հարցնում եմ.

- Ի՞նչ է պատահել, չլինի՞ ինձանից խռովել է։

Բայց ես նրան ոչի~նչ չեմ արել։ Վերջին անգամ մենք իրարից բաժանվել ենք որպես իսկական բարեկամներ։ Նա ինձ ճամփու դրեց բազմաթիվ լավ-լավ խոստումներով։ Խոստացավ ինձ թոշակ, բնակարան, թոլոր թերթերին աշխատակցելու իրավունք եւ երեսուն մամուլի սահմաններում իմ երկերի տպագրությունը։

Մենք իրար հետ խոսեցինք այնպես, ինչպես մարդ մարդու հետ։ Ներկա նամակովս, ընկեր Զարոբյան, դիմում եմ Ձեզ եւ խնդրում հեռվից հեռու իմանալ նրա տրամադրությունը իմ հանդեպ. մտադի՞ր է ինձ բնակարան տալ, թե ոչ, եւ եթե հնար է, համոզեք որ տա։

Ասացեք` ի՞նչ ես ուզում այդ խեղճ մարդուց։ Հլու հնազանդ մեր բոլոր հրամանները կատարում է։ Ասացինք դու հանցավոր ես, քսան տարով աքսոր գնա` գնաց։ Ասացինք մենք սխալված ենք, դու արդար ես, ետ արի` եկավ։ Մի օր կանգնե՞ց, մեր վրա բղավե՞ց, թե.

- Այդ ի՞նչ եք անում, ձեր խաղալիքն եմ, ինչ է։

Ոչ։

Համոզելիս կսկսեք մի ներածականով, կպարզեք թե բնակարանն առհասարակ ի՞նչ դեր է խաղում կենդանի արարածների կյանքում, ապա կավելացնեք.

- Նայեցեք երկնքի թռչունին, նա իր բույն ունի, վայրի գազանն իր որջը, ոչխարն իր փարախը, ձին իր ախոռը, իսկ հիսուն տարվա հայ գրող Լեռ Կամսարը գլուխը դնելու տեղ չունի։

Եթե կասի` Թոփչյանը նրան տալիս էր Քրիսափոր Թափալցյանի հին բնակարանը, ինչո՞ւ չվերցրեց։

Դուք կասեք.

- Թափալցյանի բնակարան նստողը մասնագետ հնացապան պետք է լինի, որ անվերջ տախտակամածի տակի խոռոչը մտնելով քարածուխ հանի, շենքի միակ վառարանը տաք պահելու համար։ Իսկ Լեռ Կամսարը հիվանդ, ծեր մարդ։ Կարող է մի օր քարածուխի խոռոչը մտնել եւ այլեւս բնավ դուրս չգալ այնտեղից…     

Ոչ, ոչ կասեք, Լեռ Կամսարը մի վայելուչ բնակարանի է արժանի , նա շատ է տառապել մեր մեղքով։ Նրան անվերջ Ամերիկայից հարցնում են, թե ինչո՞ւ 1935թ.-ից այլեւս չի երեւում մամուլում, չլինի՞ մեռել է։ Իսկ նա առանց երկար մտածելու հայտարարում է իրեն կենդանի եւ խնամքով թաքցնում է իր քսանամյա աքսորը, մեր պատիվը պաշտպանած լինելու համար։

Վերջապես բնակարանային հարցը ծանրակշիռ է։ Այն ամուսնություն չի, որ այսօր կին առնես` վաղը թողնես։ Այնտեղ ապրելու են իմ թոռներն ու ծոռները։

Իսկ ինձ Թափալցյանի բնակարանը պարտադրելը բռնի ամուսնություն կնշանակեր, եթե առերես համաձայնեի էլ, եկեղեցում քահանայի այն հարցին, թե` համաձայն ես մինչեւ կյանքիդ վերջը Թափալցյանի տանն ապրել, ես կպատասխանեի.

- Մի՛ րոպե իսկ չեմ ապրի։

Վերջապես` Դուք գիտեք, ընկե՛ր Զարոբյան։

Եթե կարողանաք իմ բնակարանային հարցը դրական իմաստով լուծել` նոր տանս առաջին հյուրը Դուք կլինեք։

Հիմա էլ կարող էի Ձեզ իմ տունը հրավիրել, բայց հանկարծ փլվելուց եմ վախենում…

Հարգանքներով`
Լեռ Կամսար
Հոկտեմբեր,1960թ.

Հ.Գ. Եթե պատահի, որ Դուք էլ նամակիս չպատասխանեք, ստիպված երրորդ քարտուղարին պիտի հարցնեմ, թե ինչո՞ւ լուռ են։

Նույնը

ՀԿՊ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՔԱՐՏՈւՂԱՐ ԸՆԿԵՐ ԶԱՐՈԲՅԱՆԻՆ
Երկրորդ նամակ Լեռ Կամսարից

Հարգելի՛ ընկ. Զարոբյան,
Այսօր մի վատ բան լսեցի ու զարմացա։

Ասում են, որ ընկեր Թովմասյանին գրած նամակները նրա ձեռքը չի հասնում, իր քարտուղարը կարդում  եւ պատասխանում է։

Եթե դա ճիշտ է` անհամար դժբախտություններ կարող է պատճառել իրեն դիմողներին։ Այդպիսի դեպքի ես ականատես եմ եղել Վորկուտայում, ուր աքսորված էի։

Ընտանիքին ուղղված մեր նամակները հավաքվում եւ անխնա ոչնչացվում էին, որի հետեւանքով, ընտանիքս երեք տարի ինձանից լուր չունենալով ինձ հայտարարել էր մեռած։ Այնուհետեւ ողբ ու կոծ, լաց ու շիվան, հեռակա հոգեհանգիստ, ցավակցություններ եւ «Աստված ողորմի իր հոգուններ»…

Իսկ երբ վերադարձա (առանց մեռնելու իհարկե)` սարսափահար փախան ինձանից, ինչպես թուրքերն են ասում` ինձ համարելով «գոռնափշտիկ»։ Դե եկ նրանց հասկացրու, որ դու լիարժեք մարդ ես։ Հետագային կինս պետիտ տառերով հայտնեց ինձ, թե քեզանից հույսս կտրած լինելով մի ուրիշ մարդու խոսք եմ տվել… Մնացի շվար կանգնած։ Ի՞նչ անել։ Վերջում կնոջս ասացի.

- Լա՛վ, խոսք տվել ես` տվել ես։ Նոր մարդը քո ամուսինը կլինի վճռական ձայնի իրավունքով, իսկ ես կմնամ քեզ մոտ խորհրդակցական ձայնի իրավունքով, որպես «պատվավոր նախագահ» ինչպես ասում են։

Բայց, ընկե՛ր Զարոբյան, սույն պատմածս քսանհինգ տարվա հնություն ունի, ես կարող եմ պատմել ճիշտ սրա նման մի դեպք, որ պատահեց ինձ հետ սրանից ընդամենը երկու ամիս առաջ։

Ամերիկայի Բոստոն քաղաքից, ոմն Սիմեոն Կյուլո, գրում է Հայաստանի ԱՕՔՍ-ի նախագահ Բերսաբեին շատ աղաչական մի նամակ, որով խնդրում է հաղորդել` Լեռ Կամսարը ո՞ղջ է, թե մեռած։ Ասում է` ես նրա մասին ուսունմասիրություն եմ գրում եւ ինձ համար շատ անհրաժեշտ է իմանալ այդ։ Կիպրոսից, Բեյրութից լսում ենք, որ մեռած է, իսկ Հայաստան այցելողներից մեկն ասում է մեռած է, մյուսը` կենդանի։ Չգիտես ո՞ւմ հավատաս։

Տիկին Բերսաբեն այդ նամակը ուղարկեց ինձ, անձամբ պատասխանելու համար։ Ես էլ բնավորությամբ չափազանց համեստ։ Վեր կենալ գրել` «կենդանի եմ»` դա կլինի իմ կողմից սնապարծ ինքնագովություն… Վերջը մի կերպ հասկացրի, թե կենդանի եմ իբրեւ անհատ, իսկ կիսակենդան, որպես գրող։ Իր երկրորդ նամակում Սիմեոնը գրում է.

«Եթե կենդանի ես, ինչո՞ւ 1935 թվականից այս կողմ թերթերում չես երեւում։ (Ինչպես կերեւի նա էլ կնոջս նման կենդանությանս չի հավատում եւ ինձ գրական «գոռնափշտիկ» է համարում)»։

Գրեցի` քսան տարի աքսորված էի եւ տարա ԱՕՔՍ-ին, նամակս ուղարկելու։ ԱՕՔՍ-ը չուղարկեց` ասելով.

- Մեզ մոտ «աքսորվելը» արգելված է։
- Գրեմ «չեմ գրել ինձնից անկախ պատճառով», կուղարկե՞ք։
- Ոչ, այդ էլ չի կարելի։
- Հապա ի՞նչ պատասխանեմ նրա հարցին։
- Այդ Ձեր գիտնալիքն է։
- Այն ժամանակ կգրեմ` «նախորդ նամակում սխալմամբ գրել եմ Ձեզ, թե կենդանի եմ, մինչդեռ հետագայում պարզվեց,  որ մեռած եմ։ Կամ հավատացեք բոլոր Հայաստան այցելողներին հավասարապես, ես եւ՛ կենդանի եմ, եւ՛ մեռած»։

Այս ձեւակերպումը բոլորովի~ն մերժվեց, եւ մեր նամակագրությունը այսպիսով ընդհատվեց, եւ իմ մասին ուսունասիրություն գրող Սիմեոն Կյուլոյին կմնա իր գրելիք գրքում իմ մասին շարել միայն… բազմակետեր։

Իմ կենդանության որպես «իրեղեն ապացույց» կարող էր ծառայել «Ոզնում» լույս տեսնող հազվադեպ ֆելիետոններս, նրանք էլ թարսի պես խմբագիրը տպում է առաջին կեղծանվանս վրա երկրորդ կեղծանունը հագցնելով (Հայրյանի վախից) օժտելով ինձ մի իսկական, երկու կեղծ անուններով։

Դա, իհարկե, վերջին հաշվով օգտակար է ինձ։ Մեկ կեղծանունով կմեռնեմ ապագայում, մյուսով կենդանի կմնամ։

Ահա այսպես, ընկեր Զարոբյան, տեսնո՞մ եք, ինչ ցավալի հետեւանքներ են ունենում, երբ քարտուղարները դիմումները պատռում են եւ չեն տալիս տերերին… Իսկ գալով ԱՕՔՍ-ին` զուր է նրա ձեռք առած զգուշությունները։ Երբ ընկ. Խրուշչովը ամբողջ աշխարհին հայտարարում է` «մեր երկրում այլեւս քաղաքական հանցավորներ չկան»՝ նշանակում է, մի ժամանակ եղել են, որ հիմա վերացան, էլ ի՞նչ կարիք կա թաքցնելու։

Սրանով վերջացնում եմ երկրորդ նամակը։ Դուք կամաց-կամաց կարդացեք, մինչեւ էս է, երրորդ նամակս կհասցնեմ։

Հարգանքներով`
Լեռ Կամսար
1960թ.

Հ.Գ. Տեսա՞ք ընկ. Թովմասյանին, ինձ բնակարան կտա՞։

Նույնը

ՀԿՊ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՔԱՐՏՈւՂԱՐ ԸՆԿ. ԶԱՐՈԲՅԱՆԻՆ
Երրորդ նամակ Լեռ Կամսարից

Հարգե՛լի ընկ. Զարոբյան.
Ես ուրախությամբ նկատում եմ, որ մենք հետզհետե իրար բարեկամներ ենք դառնում։ Այդ լավ է։ Ձմեռվա երկար գիշերներին կնստենք ու կպատմենք մեր հուշերից։ Իմ մեջ այնքան շատ հետաքրքիր հուշեր են կուտակված, որ տաս ձմեռ պատմեմ չի վերջանա։

Ա~խ, ա~խ… Ու ես չգիտեմ, թե ինչո՞ւ ամեն անցած բան այսպես քաղցր է լինում։

… 1939 թվականն էր։ Ես իմ աքսորավայրս պիտի փոխեի։ Վորկուտայից պիտի գայի եւ Բասարգեչար գնայի։ Ճանապարհին հանդիպեցի Երեւան եւ իներցիայով մտա «Սովետական Հայաստանի» խմբագրատուն։ Այն թերթին` որին 15 տարի աշխատակցել էի եւ իմ ֆիլիետոններով ջարդ ու փշուր արել սովետական կարգերի բոլոր թշնամիներին։

Թերթի խմբագիրն էր Հովհաննես Մամիկոնյանը։ Ինձ տեսնելով սաստիկ ուրախացավ եւ ասաց.

- Ես չեմ պատկերացնում թերթ` առանց Լեռ Կամսարի։ Ես վաղն եւեթ Գրիգոր Հարությունյանի մոտ կգնամ ու կխնդրեմ, որ դու քո ընդհատված աշխատակցությունը մեր թերթին շարունակես։ Եվ խորհուրդ տվեց, որ ես էլ իմ կողմից երկրորդ քարտուղար` Զավեն Գրիգորյանին դիմեմ։

Դիմեցի ու հետեւյալ պատասխանը ստացա.
- Մենք առայժմս սուր ֆելիետոնի կարիք չունենք…
Պատասխանեցի.
- Ես բութ ֆելիետոն էլ կարող եմ գրել, եթե այդ Ձեզ հարկավոր է։

Վերջը, չերկարացնելու համար ասեմ, որ մերժեց իմ աշխատակցությունը, եւ ես ճամփաս շարունակեցի դեպի իմ երկրորդ աքսորավայրը` անվերջ մտածելով.

«Զարմանալի բան. ինչպե՞ս կարելի է մարդ սուր զենքը թողած բութ զենքով հարվածի իր թշնամուն այն ժամանակ, երբ թշնամին սուր զենքով է հարձակվում իր վրա»։ Ու այսպես ենթադրեցի։ Անպայման, ասում եմ, ժամանակին Զավեն Գրիգորյանը գնացել  խնդրել է, Գրիգոր Հարությունյանին, որ իրեն նշանակի որպես երկրորդ քարտուղար, իսկ Հարությունյանը ասել է.

- Ես սուր քարտուղարի կարիք չունեմ առայժմս։ Որի հետեւանքով Զավեն Գրիգորյանը բթացել է եւ նշանակվել է երկրորդ քարտուղար…

Չգիտեմ, այդ մարդը հիմա ո՞ղջ է, թե մեռած։ Եթե մեռած է` Աստված նրա հոգին լուսավորի։

1960թ.
Երեւան

Այսպիսի դիմումներից հետո,  կոմունիստների կառավարությունը ինչքան էլ ապառաժ, չէր կարող չանսալ իր մեկ հպատակի աղերսները, 1963թ-ի վերջին որոշում կայացրեց Լեռ Կամսարին եւ իր կնոջը տալ երկսենյականոց բնակարան Աջափնյակ թաղամասում։

Թարսի պես էլ հենց այդ ժամանակ մահացավ երգիծաբանի կինը, եւ բնակարաններ բաշխող հանձնաժողովը կանգնեց անելի առջեւ։ Ի՞նչ անել, բնակարանային օրենսդրությամբ մի հոգուն չի կարելի երկու սենյակ տալ` ինչքան էլ նա լինի Լեռ Կամսարը, կամ ինչքան էլ նախատեսվող բնակարանը լինի խրուշչովյան, ինչքան էլ հետո համարվի վթարային։

Դժվարին գործաց այս իրավիճակում, օգնության փութաց Լեռ Կամսարը։

- Ի՞նչ եք շվարել,- հուսադրեց նա հանձնաժողովին,- ամեն փորձանք իր ելքը ունի, էնքան ձգեցիք, որ կինս մեռավ, շատ չէ, մի քիչ էլ ձգեք` բնակարանային հարց այլեւս չի լինի…

Եվ իրոք, մեկ տարի անց Լեռ Կամսարն այլեւս չկար։

Աղոթք որպես վերջաբան

Տե~ր Աստված, չնայած Վահագն եւ Վան որդիներս արդեն չափահաս են, բայց դեռ Քրիստոսի մկրտությունը չունեն։ Ուխտել եմ կնքել իմ կորսված Վասպուրական  երկրում։

Աղերսո՜ւմ եմ, հնարավոր դարձրու իմ վերադարձը, Տե~ր Ամենակալ…

Գնամ Աղթամար, որդիներիս սուրբ մկրտությունը կատարեմ Սուրբ խաչում, այցելեմ եկեղեցու բակում թաղված Տեր Թովմաս նախապապիս շիրիմը, փորձեմ գտնել այն դպրանոցը, ուր դասավանդել է երիտասարդ Կամսարը։ Հետո՞: Հետո երբ կհոգնեմ կղզում ման գալուց, կնստեմ նավակը եւ կվերադառնամ  Վան, կհասնեմ Այգեստանի հրաշագեղ թաղամասը, կքայլեմ Խաչփողանով մինչեւ Անգլիական հյուպատոսարանը, չհասած Սահակ Բեյենց տունը, կկանգնեմ գողտրիկ երկհարկանի տան առաջ, որը իմ պապերն են կառուցել իրենց սեփական ձեռքերով, առանց որեւէ մեկի «մուննաթի», որի սրբատաշ քարի վրա փորագրված է ` Տեր Թովմաղյաններ։

Երբ վախվորած կկանգնեմ իմ տաք երազների այդ տան առաջ` երկրորդ հարկի իրեսբացից[1] հանկարծ կլսեմ Լեռ Կամսար Արամ պապիս ուրախ բացականչությունը.

- Պլուզ կճատներ[2], էս ո՞ւր էիք այսքան երկար, աչքս ջուր կտրեց…

… Ես տուն եմ ուզում վերադառնալ, Տե~ր Ամենազոր…

Վանուհի Թովմասյան

1 Վանեցու բարբառով` պատշգամբ
2 Վանեցիները այդպես են փաղաքշում երեխաներին

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ամենասուր գրողները, տրամաբանողները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, բութ իշխանավորները շարունակում են ոչնչացնել: Սա պատերազմ է հայ ցեղի դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter