
«Լեռնցիների պարն» այսօր վնասվել է. քաղաքապետարանն ասում է, որ մտահոգված է
2012 թ. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովը քննարկել է քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած «Լեռնցիների պար» քանդակախումբը «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը, այն մտայնությամբ, որ տևական ժամանակ է, ինչ հյուրանոցը վերակառուցման փուլում է և հյուրանոցի հետ պարսպից ներս է մնացել նաև քանդակաշարը՝ հայտնվելով հանրության տեսադաշտից դուրս:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են քանդակը տեղափոխելու նախադեպ չստեղծել, մանավանդ որ «Լեռնցիների պարը» համահունչ և ներդաշնակ է հենց տվյալ տարածքին:
Նախօրեին արդեն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչությունը հաստատել է «Դվին» հյուրանոցի վերաբերյալ պայմանագրային փաթեթը:
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ՝ քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու և քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով՝ վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:
Երևանի քաղաքապետարանը իր մտահոգությունն է հայտնում հուշարձանի վնասվելու այսօր արձանագրված փաստի առնչությամբ:
«Հաշվի առնելով, որ «Լեռնցիների պար» քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը՝ քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել «Լեռնցիների պար» քանդակախմբի վերականգնման գումարները՝ ապահովելով նաև հուշարձանի անվտանգությունը»,- հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել