HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. 2013 թ. առաջին 3 ամսում արձանագրված տնտեսական ցուցանիշները բավականին բարձր են

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի և նախորդ նիստի արձանագրության քննարկումից և հաստատումից հետո Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում և 2012 թ.-ին արձանագրված տնտեսական արդյունքները:

Նա նշել է, որ 2013 թ. առաջին 3 ամսում արձանագրված տնտեսական ցուցանիշները բավականին բարձր են, մասնավորապես, տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 8,7 իսկ ՀՆԱ-ն՝ 11,7 տոկոս: Արդյունաբերության բնագավառում արձանագրված աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15,8 տոկոս, գյուղատնտեսության բնագավառում՝ 2,3, ծառայությունների ոլորտում՝ մոտ 7 տոկոս:

«Բացասական սալդոյի պարագայում արտահանման տեմպերը մոտ 3 անգամ շարունակում են ավելի բարձր լինել ներմուծման տեմպերից: Սա հիմնականում պայմանավորված է արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր ռազմավարությամբ: Տեսնում ենք, որ այս քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքները, և մենք այն շարունակելու ենք: Պետությունն իր գործիքակազմով՝ վարկային միջոցներով, պետական երաշխավորությամբ, հարկային արտոնություններով, կշարունակի օժանադակել մասնավոր հատվածին, որոնց ծրագրերն ուղղված կլինեն աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման ծավալների աճին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Կառավարությունն արդեն նման 20 ծրագիր է հաստատել և 2013 թ. պետբյուջեն հաշվարկել է 6,2 տոկոսի տնտեսական աճի ցուցանիշով, իսկ առաջին եռամսյակում 7 միլիարդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը, քան ծրագրված էր:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ 2012 թ. կառավարությունն ավարտել է 7,2 տոկոս տնտեսական աճով: Նրա խոսքով՝ կարևոր է հատկապես տնտեսական աճի կառուցվածքը և այն հանգամանքը, որ արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտները, որոնք ՀՆԱ-ի մեջ ունեն ամենամեծ տեսակարար կշիռը, ապահովել են բարձր աճի տեմպեր:

Մասնավորապես, գյուղատնտսության ոլորտում նախորդ տարի արձանագրվել է 9,3, իսկ արդյունաբերության բնագավառում՝ 14,5 տոկոսի տնտեսական աճ: 48 տոկոսի աճ է ապահովվել ջրամատակարարման, վերամշակման և թափոնների կառավարման ոլորտում: Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառում արձանագրվել է 6, փոխադրումների ոլորտում՝ 14, ֆինանսական և ապահովագրական գործունեության բնագավառում՝ 23 տոկոսի տնտեսական աճ:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. շինարարության ոլորտը դուրս է եկել զրոյական մակարդակի վրա: Սկսած 2009 թ.-ից տնտեսության մեջ հիմնական անկումը՝ 43 տոկոս, արձանագրվել է հենց շինարարության ոլորտում:

«Հետագա տարիների ընթացքում էլ շինարարությունը տնտեսության հիմնական զսպող ուժն էր: Վերջապես, 2012-ին հասել ենք զրոյական մակարդակի: Ակնկալում ենք, որ 2013 թ. շինարարությունը կսկսի վերականագնվել և ապահովել տնտեսական աճ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները բավականին բարվոք են. բյուջետային դեֆիցիտը չի գերազանցել 3 տոկոսը, ինֆլյացիան գտնվել է ծրագրավորված ցուցանիշի՝ 4 տոկոսի շրջանակում, իսկ արտաքին պարտքը կազմել է 37 տոկոս, որը նույնպես արտաքին պարտքի թույլատրելի շեմի շրջանակներում է:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է բիզնես միջավայրի բարելավման գործընթացը և հիշեցրել, որ Համաշխարհային բանկի Doing Business 2013 զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով և աշխարհի 185 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ տեղը: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter