Գերմանացի ներդրողն ուզում է զուտ իրավական վեճ տեսնել Ծառուկյանի դեմ գործում. նա բողոքարկում է վճիռը
Գերմանացի ներդրող, «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը վերաքննիչ բողոք է ներկայացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի դեմ:
Հիշեցնենք՝ գերմանացի ներդրողը սկսել է պայքարը Գագիկ Ծառուկյանի դեմ՝ կոմբինատում ունեցած իր բաժնետոմսերից զրկվելու պատճառով և մտադիր է հասցնել այս գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արայիկ Մելքումյանի, վճռել էր «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի` «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ում ունեցած 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով: Միևնույն ժամանակ վճռել էր «ԻստԻնվեստոր»-ի օգտին բռնագանձել 14.8 մլն դրամին մոտ գումարը` որպես բաժնետոմսերի համախմբման հետևանքով ստացված կոտորակային բաժնետոմսի հետգնման արդյունքում բաժնետիրոջը վճարման ենթակա գումար:
«ԻստԻնվեստորի» ներկայացուցիչներ Արա Զոհրաբյանը և Դավիթ Դանելյանը վերաքննիչ բողոքը ապրիլի 18-ին մուտք են արել վերաքննիչ դատարան: Նրանք, սակայն, այդպես էլ չեն ստացել առաջին ատյանի դատարանի վճիռը, այլ բողոքը գրել են՝ հիմնվելով datalex.am-ի հրապարակման վրա: Ընկերության ներկայացուցիրները խնդրել են բեկանել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և փոփոխել այն՝ «ԻստՒնվեստոր» ՍՊԸ-ի հայցը բավարարել:
Ներկայացուցիչները պնդում են, որ դատարանը սխալ է մեկնաբանել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես՝ 56-րդ հոդվածը. «Այս հոդվածը չի ենթադրում այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում որևէ բաժնետեր ունենա 1 հատից պակաս լրիվ բաժնետոմս և արդյունքում դուրս մնա ընկերությունից: Օրենսդիրի տրամաբանությունը ավելի քան հստակ է. համախմբման արդյունքում պետք է առաջանա առնվազն 1 բաժնետոմս, այնինչ «ԻստԻնվեստորի» 1520 հատ բաժնետոմսերի խմբավորման արդյունքում որևէ բաժնետոմս, փաստորեն, չի առաջացել, ինչը բնականաբար վկայակոչված իրավանորմի բառացի տեքստին համահունչ չէ, այլև հակասում է դրան»,- հիմնավորում են փաստաբանները: Հակառակ տրամաբանության դեպքում իրավաբանական անձի բաժնետոմսերի առավել մեծ քանակին տիրապետող բաժնետերը, ըստ փաստաբանների, կարող է (հաշվի առնելով նաև, որ վերջինս է կանխորոշում ժողովի որոշումների ընդունումը) ուղղակի համախմբումը կազմակերպել այնպես, որ բոլոր այն բաժնետերերը, որոնք ունեն ավելի պակաս քանակությամբ բաժնետոմսեր, ուղղակի դուրս մնան ընկերությունից. «Հենց սա է կատարվել մեր պարագայում, ինչն էլ դատարանը համարել է իրավաչափ»:
Փաստաբանները պնդել են, որ այս պարագայում խախտվել է ՀՀ Սահմանադրությունը, և կոմբինատը, չհանդիսանալով դատարան, զրկել է բաժնետիրոջը բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքից:
«ԻստՒնվեստորի» ներկայացուցիչները նշում են, իրականում սեփականության իրավունքից զրկումը հետապնդում էր մասնավոր շահերի բավարարման նպատակ: Ընդ որում, ըստ փաստաբանների, «ԻստԻնվեստորի»1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ իրավունքի դադարեցման դիմաց չի տրվել համարժեք փոխհատուցում:
Փաստաբանները նշում են, որ դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից, քանզի «ԻստԻնվեստորը» երբևէ գումարի բռնագանձման հայցապահանջ դատարանին չի ներկայացրել, առավել ևս չի պահանջել իր օգտին շուրջ 142 մլն դրամ բռնագանձել: Ուստի` ոչ միայն անհասկանալի է դատարանի կողմից նման «հայցապահանջի» թեկուզև մասնակի բավարարումը, այլև իրավական տեսանկյունից դա հանդիսանում է հայցվորի տնօրինչական իրավունքների ակնհայտ և կոպիտ խախտում: ««ԻստԻնվեստորը» կոմբինատի դեմ չի ներկայացնում գումարի բռնագանձման հայցապահանջ, այնինչ` դատարանը «սեփական կամահայտնությամբ» «հնարում է գումարի բռնագանձման պահանջ», այնուհետև այդ մտացածին հայցապահանջը բավարարում է մասնակի»,-գրում են փաստաբանները` ներկայացրած բողոքում: Դրանից ելնելով՝ դատավոր Արայիկ Մելքումյանը նաև պետական տուրքի գումար է որոշել՝ պարտավորեցնելով հայցվորին վճարել այն:
Հիշեցնենք, որ Արայիկ Մելքումյանը մի քանի անգամ հետաձգում էր վճռի հրապարակումը: Եվ վճռի կայացման փուլում, վերսկսելով դատաքննությունը, կոմբինատի ներկայացուցչից ընդունել է լրացուցիչ ապացույցներ: Փաստաբաններ նշում են, որ առանց կողմին այդ ապացույցներին ծանոթանալու համար պատշաճ հնարավորություն ապահովելու, դատավորը վճիռ է կայացրել. «Նման վճիռն անօրինական է»,-եզրակացնում են պաշտպանները:
Ստեֆան Լաքսհուբերը զավեշտալի է համարում դատարանի կողմից մի քանի անգամ անհիմն և անհարկի գործի վարույթը վերսկսելու մասին որոշումները, որոնք նա կապում է կոմբինատի բաժնետեր կազմակերպության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի քաղաքական դիրքի և դիրքորոշումների հետ: Ս. Լաքսհուբերը ցանկանում է զուտ իրավական վեճ տեսնել այս ամենի մեջ, բայց «քաղաքական գործընթացները և դատարանի վարքագիծն այլ իրողություն են արձանագրում»: Այս տեսանկյունից, Ստեֆան Լաքսհուբերն իրեն համարում է նաև խտրականության զոհ:
Մեկնաբանել