HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահրամ Այվազյան. մրցանակները և՛ ոգեշնչող են, և՛ պարտավորեցնող

Ամփոփվեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած երկու մրցույթները` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Մրցանակները նախատեսված էին ազդեցության գործակից ունեցող կամ ինդեքսավորվող միջազգային պարբերականներում և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության մասին գիտական հոդվածների տպագրության համար:

«Այս մրցույթները շարունակական են և ընդգրկելու են ամեն տարվա ապրիլի 20-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածները` մինչև 2015 թ.: Մրցույթները նպատակ ունեն խրախուսել մեր ազգի, մեր ժողովրդի համար ամենացավոտ խնդրով՝ ցեղասպանագիտությամբ զբաղվողներին ու այդ հարցը մրջազգայնացնողներին»,- նշել է «Տաշիր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:

Մրցանակի են արժանացել երեք գիտնականներ՝ Վահրամ Այվազյանը` «Ցեղասպանություն. մտադրությունը, հիմնավորումը և տիպոլոգիան» աշխատանքի համար, Տիգրան Սարուխանյանը` «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Արմին Թ. Վեգների (1886-1978 թթ.) հրապարակախոսական վկայությունները և Հայոց ցեղասպանությունը» աշխատանքի համար և ազգությամբ տաջիկ Շավքաթ Կասիմովը (Shavkat Kasymov)` «Հայոց ցեղասպանության օրինակը և միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» աշխատության համար։

Զրուցեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, Զորյան ինստիտուտի (Տորոնտո, Կանադա) Ցեղասպանգիտության և մարդու իրավունքների 2012 թ.-ի համալսարանական ծրագրի շրջանավարտ, մրցանակակիր Վահրամ Այվազյանի հետ։

–Վահրամ, նախ և առաջ՝ շնորհավորանքներս՝ մրցանակի արժանանալու համար։

Շնորհակալություն, շնորհակալություն եմ հայտնում նաև «Տաշիր» բարգործական հիմնադրամին և այս մրցույթի կազմակերպիչներին՝ նման պարգևի համար: Այն և՛ ոգեշնչող է, և՛ պարտավորեցնող:   

–Սեղմ, մի քանի նախադասությամբ կներկայացնե՞ք Ձեր աշխատանքը։

Հոդվածը հիմնականում ներկայացնում է ցեղասպանություն ևրևույթի շարժառիթները, ցեղասպանության տեսակներն ու համեմատության եզրեր է փորձում գտնել 20-րդ դարի ցեղասպանությունների միջև: Հոդվածում նաև փորձ է արվում ցույց տալ, որ Հայոց ցեղասպանությունը «ճանապարհ հարթեց» մյուս ցեղասպանությունների համար, որ մի ամբողջ ժողովրդի մոռացության մատնելը և ժխտողական քաղաքականությունը հանգեցրին 20-րդ դարի մյուս ցեղասպանություններին: Հոդվածում նաև քննարկվում է այսպես կոչված «պարտվածի հոգեբանության» խնդիրը, որը նպաստում է ցեղասպանություն իրագործելու մտադրությունների առաջացմանն ու զարգացմանը հասարակությունում: Որպես օրինակ օգտագործվում են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հոլոքոստը և այլն: Եզրափակիչ մասում մի փոքր անդրադարձ կա ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ, որտեղ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջադրվում է որպես ցեղասպանությունների հետագա կանխարգելման մի բաղկացուցիչ մաս:

–Ո՞րն է հիմնական պատճառը, որ Հայաստանից բավական քիչ են Հայոց ցեղասպանության մասին հրապարակումները միջազգային հեղինակավոր ամսագրերում։

Իմ կարծիքով, մեզ մոտ խնդիրը հիմնականում ցեղասպանագիտության` որպես գիտության, չկայացած լինելու մեջ է: Հայաստանում ցեղասպանությունը հիմնականում ուսումնասիրվում է հպանցիկ` տարբեր ուսումնական ծրագրերի շրջանակներում, որոնք մասնագիտացված չեն ցեղասպանագիտության մեջ (օրինակ` պատմություն, միջազգային հարաբերություններ առարկաներից տարբեր բուհերում): Մինչդեռ ցանկալի կլիներ հիմնադրել մի քանի գիտահետազոտական կենտրոններ տարբեր բուհերում, որոնք մասնագիտացված կլինեին հենց ցեղասպանագիտության մեջ: Այսօր աշխարհի առաջատար համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում անհնար է չհանդիպել Հոլոքոստի հետազոտության բաժինների, ինչը ցավոք չեմ կարող ասել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման մասին: Այդ է պատճառը, որ անհրաժեշտ է առաջին հերթին հայրենիքում զարգացնել ցեղասպանագիտությունը, պատրաստել կադրեր, ովքեր հետագայում Հայոց ցեղասպանության հարցին հնչեղություն կհաղորդեն արդեն միջազգային ասպարեզում: Հիմնականում կադրերի պակասը և սահմանափակ հնարավորությունները (հետազոտություններ իրականացնելու համար զգացվում է գիտական նյութերի պակաս. արժեքավոր հրատարակությունները հիմնականում հասանելի են վճարունակ գիտնականներին) խոչընդոտ են Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրատարակությունների ավելացմանը, ուստի, անհրաժեշտություն է ներդնել ավելի լուրջ ֆինանսական միջոցներ  ցեղասպանագիտության մեջ և՛ հայրենիքում, և՛ արտասահմանյան համալսարաններում ու գիտահետազոտական հաստատություններում:

–Ի՞նչ կասեք Հայոց ցեղասպանության թեմայով աշխատանք ունեցող օտարերկրյա հեղինակների մասին։

Շատ հաճելի է տեսնել, որ չնայած ֆինանսական սուղ միջոցներին, Հայոց ցեղասպանության մասին ասպիրանտական ծրագրերի սակավությանը և սահմանափակ հնարավորություններին` արտասահմանյան շատ հեղինակներ իրենց նվիրում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը և հրատարակում իրենց աշխատությունները ազդեցության գործակից ունեցող հայտնի ամսագրերում ու նույնիսկ գրքեր հրատարակում (օրինակ` Taner Akçam, Roger W. Smith, Robert Melson,  Adam Jones և այլոք): Ես բախտ եմ ունեցել հանդիպել նրանցից մի քանիսին Կանադայում: Այստեղ հարկ եմ համարում նաև խոսել Զորյան ինստիտուտի հսկայական դրական դերի մասին. Զորյան ինստիտուտի անձնակազմը կարողացել է բավականին կարճ ժամանակամիջոցում այն վերածել լուրջ ու մրցունակ գիտահետազոտական կենտրոնի և մեծ համբավ ձեռք բերել` իր շուրջը հավաքելով շատ հայտնի ցեղասպանագետների: Հուսով եմ` արտասահմանյան հեղինակների հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ չի մարի, և մենք առաջիկայում կլսենք նոր ու հայտնի անուններ, ովքեր իրենց նպաստն են բերում «Հայոց ցեղասպանություն» երևույթի գիտական վերլուծությանը, բացատրությանը և ճանաչմանը:

Վերջում հարկ է նշել, որ Վահրամ Այվազյանը դիմել է մի շարք արտասահմանյան համալսարանների` ցեղասպանության կանխարգելման և գլոբալ կառավարման թեմաներով հետազոտություն իրականացնելու նպատակով: Վահրամ Այվազյանի աշխատանքներին կարելի է հետևել Twitter-ում` @VahramAyvazyan:

Նա հույս ունի, որ նման ծրագրերին աջակցելը բարեգործական հիմնադրամների կողմից մշտական բնույթ կկրի և դա զարկ կտա նաև գիտության բոլոր ճյուղերի զարգացնանը, քանի որ գիտությունը կյանքի բաղկացուցիչ մասն է, իսկ 21-րդ դարում, առանց լուրջ գիտական ներուժի, ոչ մի հասարակություն չի կարող լուրջ հաջողությունների հասնել և դիմագրավել գլոբալ մարտահրավերներին:

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter