HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դատարանում տուժողի իրավահաջորդը դանակահարության փորձ էր կատարել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերջին շրջանում խստացված միջոցառումներ իրականցվում են միայն Կարեն Եսայանի սպանության գործով ընթացող դատական նիստերից առաջ: Կարգադրիչները ստուգում են դահլիճ մուտք գործող անձի ինքնությունը, պայուսակի պարունակությունը, կտրող-ծակող առարկաների առկայությունը: Անձը հաստատող փաստաթուղթ ամեն անգամ պահանջում են նաեւ նիստը լուսաբանող լրագրողներից:

Ապրիլի 19-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 5 դահլիճում նախագահությամբ Հ. Մովսեսյանի պիտի լսվեր 2012 թ.-ի հոկտեմբերին Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցում 22-ամյա Հակոբ Քեչեջյանին վրաերթի ենթարկած Ռոլանդ Հովհաննիսյանի գործը: Վրաերթի ենթարկված երիտասարդը բազմաթիվ վնասվածքներով սկզբում տեղափոխվել էր Գյումրու Գյուլբենկյանի անվ. վիրաբուժական հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել էր 2013 թ.-ի հունվարի 3-ին: Տղայի ծնողները դատարան դիմել էին մարտի 15-ին: Հարթաշենի բնակիչ, 52-ամյա Ռոլանդ Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել Քր. օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով՝ վրաերթ:

Ապրլի 8-ին այս գործով նախատեսված դատական նիստը հետաձգվել էր: Հաջորդ նիստը նշանակվել էր ապրիլի 19-ին: Այդ օրը՝ ժամը 10-ին, ամբաստանյալ Ռոլանդ Հովհաննիսյանը (նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր ստորագրությունը չհեռանալու մասին) կնոջ հետ եւ մահացած տղայի ծնողները ներկայացել էին դատարան, սակայն նիստի սկիզբը ձգձգվել էր: Մահացած երիտասարդի հայրը՝ Պետրոս Քեչեջյանը, կնոջ՝ Անահիտ Արոսյանի պատմելով, շատ հուզված է եղել ու կորցնելով ինքնատիրապետումը՝  հարձակվել է ամբաստանյալի վրա ու դանակահարել: Քաշքշոցից առաջացած աղմուկից անհանգստացած ներս են վազել դատական կարգադրիչներն ու կանխել Քեչեջյանի հետագա գործողությունները:

«Ես չեմ արդարացնե ամուսնուս արարքը, բայց մեզի էլ բդի մարդիկ հասկնան: Ես իմ մինուճարին եմ կորցրել: Հեշտ է ըդքան, պահես մեծացնես ու… իրանք էնքան անմարդկային գտնվան, օր ըդքան բանն էղել էր, իմ տղես 3 ամիս հիվանդանոցն էր պառկած անգիտակից, մե օրմ չեկան հարցնեին, թե ինչխ եք, ինչի կարիք ունեք: Մենք տղուս մահը շատ վատ տարանք: Ով էլ էղներ վատ կտաներ: Դատարանի դեպքն էլ օր էղավ, ամուսնուս ներվերը չէին դիմացել, հետո ընձի ըսավ, օր աչքի առաջ Հակոբս է եկել, ու չի իմացել, թե ինչխ է հարձակվել Ռոլանդի վրա»,- պատմում է Անահիտ Ասոյանը:

Անահիտը հայտնեց, որ ամուսինը հաշվառված է Գյումրիի Հոգեկան առողջության կենտրոնում՝ նեւրոզ հիվանդություն ախտորոշմամբ: Անահիտը Պետրոսի երկրորդ կինն է, ու Հակոբը համատեղ ամուսնության միակ ծնունդը: Զինված ուժերում ծառայությունն ավարտելուց հետո Հակոբը վերադարձել էր հայրենի քաղաք ու 2 տարի առաջ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ընդունվել Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի բաժինը: «Ինքն էդ օրը՝ ժամը 14:30-ին, վազքի պարապմունք ուներ: Տղես խմբի ավագն էր, վազել է խմբի առջեւից: Փողոցի վրա մի հատ շուն վրա է տվել տղուս: Երեխեն վախեցել է ու ավելի բանուկ մասն է վազել փողոցի, վերեւից եկող ավտոն էլ արագ է էղել՝ խփել է: Հետո մեզի պատմեցին, օր տղուս խփել-գցելուց հետո ավտոն 200 մետր գնացել է, նորից հետ է տվել, բայց փոխանակ տղուս հիվանդանոց հասցնեն, շոֆերին՝ Ռոլանդին են տարել: Ըսել է սիրտս վատ է, ընձի տարեք հիվանդանոց»,- նեղսրտում է Անահիտը:

Մահացած երիտասարդի մայրը կասկածում է, որ մեքենայի ղեկին ոչ թե Ռոլանդն է եղել, այլ նրա տղան: Պարզապես հայրը մեղքն իր վրա է վերցրել: «Բայց էսքան բանից հետո էլ Ռոլանդը չի ընդունե, օր մեղավոր են: Իմ ամուսնուս ահավոր հուներից հանել էր իրանց պահվածքը՝ անտարբեր, անխիղճ: Ես տղուս հետ հիվանդանոցները կտանջվեի, էդ ընթացքում Ռոլանդն իրա տղու պսակն էրեց: Մարդիկ հանգիստ խղճով հարսնիք կենեին, բայց մե օրմ չեկան տեսնեին, թե իրանց մեղքով կոմայի մեջ հայտնված ջահել տղեն ինչխ է»,- հուզված պատմում է Անահիտը:

Կնոջ փոխանցմամբ՝ ամուսնու մոտ ոչ թե դանակ է եղել, որով հարվածել է ամբաստանյալին, այլ մի քանի իրերից բաղկացած կոմպակտ մի գործիք, որի մեջ եղել է նաեւ փոքրիկ դանակ: «Ամուսինս հատուկ նպատակ չուներ իրան վնասելու: Ընձի ըսավ, թե բդի էրթամ մե հատմ վախեցնեմ, էլ չեմ դիմանա, տղես աչքիս դեմը գուկա»,- պատմում է Անահիտ Արոսյանը:

Քրեական գործ Պետրոս Քեչեջյանի դեմ դեռ չի հարուցվել, սակայն նյութեր նախապատարստվում են: Սպասում են բժշկափորձագիտական եզրակացության, որը պիտի պատասխան տա, թե արարքը գործելիս անձը աֆեկտի վիճակում եղել է, թե ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter