HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարբեր երկրներում տեղի են ունենում Ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառումներ (պարբերաբար լրացվող)

Ապրիլի 21-ին Ամստերդամի Հայ առաքելական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամի «Նյուվե Օստեր» հուշայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Արարողության սկզբում ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպնության զոհերի հուշակոթողին, որից հետո Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը կատարեց հոգեհանգստի կարգ:

Միջոցառման ներկաներին իր խոսքն ուղղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով, մասնավորապես, անդրադրաձավ հոլանդահայ համայնքի դերին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում՝ կարևորելով այդ ուղղությամբ գործադրվող միասնական ջանքերը:

Իսկ ապրիլի 19-ին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի նախաձեռնությամբ Հաագայի Մենոնական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո:

Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ «Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը: Ելույթներ ունեցան նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Կես վան դեր Ստայը և Ջոել Ֆորդեվինդը, Իսրայելական տեղեկատվության կենտրոնի նախագահ Եսթեր Ֆուտը և նախկին պատգամավոր Լեն վան Դեյկեն:

Բանախոսները կարևորեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերը, պատմական արդարության հաստատման ուղղությամբ պայքարի շարունակման կենսականությունը և ընդգծեցին թուրքական մերժողական քաղաքականության անընդունելիությունը:

Ոգեկոչման երեկոյին երաժշտական համարներով հանդես եկան Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը (դուդուկ), Աբովյան միության պարախումբը՝ կատարելով «Եղեռն» և «Քարավան» պարերը, իսկ հոլանդական «Արմենս օրատորիում» երգչախումբը՝ Ինես Լեյենի ղեկավարությամբ, կատարեց Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան»՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 21-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն` Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ:

Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքներով հանդես եկան Փարիզի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ժերոմ Բոն, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը և Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանը:

Ֆրանսիայի Մայր տաճարի լեփ-լեցուն սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, պատգամավորներ, քաղաքապետեր, ֆրանսահայ երևելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային և լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter