HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գեւորգյանն այցելեց Տավուշի մարզ

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզ այցի շրջանակում ներկա գտնվեց մարզի Դիտավան գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Դպրոցը կառուցվել  է «Հայաստան» համահայկական  հիմնադրամի ծրագրով` արգենտինաբնակ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիյանների հովանավորությամբ: Էքսերճիյան ամուսինների աջակցությամբ գյուղում իրականացվել են խմելու ջրի, գազամատակարարման, համայնքային կենտրոնի կառուցման ծրագրեր: Ա. Գեւորգյանը շնորհավորեց համայնքի բնակիչներին` նոր դպրոցի բացման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց բարերարներին` սահմանամերձ համայնքում խնդիրների լուծմանն աջակցելու համար: Նրա խոսքով` համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերը տարածքների համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում են եւ ողջունելի է, որ անհատ բարերարները նույնպես աջակից են լինում այդ աշխատանքներին:

Ա. Գեւորգյանը Դիտավանից մեկնեց Դիլիջան, որտեղ ծանոթացավ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Տեղում ծրագրի իրականացման պատասխանատուների, մարզային եւ համայնքային իշխանությունների, համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին կառուցվող համալիրն անհրաժեշտ  ենթակառուցվածքներով ապահովելու, շինարարության ընթացքի հետ կապված հարցեր:

Դպրոցի կառուցման ծրագիրն իրականացվում է  երկու փուլով. առաջին փուլի  աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թ. սեպտեմբերին: Շահագործման կհանձնվեն դպրոցի գլխավոր եւ սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը: Դպրոցի շինարարության երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2016 թ-ին, կկառուցվի եւս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, եւ մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաեւ թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։

Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter