«Հայ ժողովրդի գոյության եւ բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը ազգային պետականությունն է»
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը Երեւանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին.
Համաժողովի հարգելի մասնակիցներ,
Թանկագին երիտասարդներ,
Ի սրտե ողջունում եմ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովի բոլոր մասնակիցներին ու հյուրերին:
Նման միջոցառման անցկացումը համարում եմ կարեւոր ու պահանջված, եւ այդ իսկ պատճառով, ուզում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը` նախաձեռնության իրականացման համար:
Հայ ժողովրդի գոյության եւ բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը հզոր ու անկախ ազգային պետականության առկայությունն է: Իսկ մեր անկախ պետականության հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը եւ նրա շարունակական ամրապնդումը: Այս համատեքստում հրամայական է դառնում համազգային կարեւորագույն խնդիրների շուրջ միասնական ու համակարգված քաղաքականության իրականացումը: Նման գերխնդիրներից է Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչումը, Արցախյան հիմնահարցի արդարացի լուծումը եւ սփյուռքում հայ ինքնության պահպանումը:
Ողջունելի է, որ այդ եւ դրանց հետ կապված բազմաթիվ այլ հարցեր ընդգրկված են համաժողովի օրակարգում: Կրկնակի ողջունելի է, որ միջոցառումը երիտասարդական է: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս աշխատանքն ավելի երկարաժամկետ տեսլականով կազմակերպելու համար:
Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները եւ կնպաստի աշխարհի տարբեր ծայրերում հայ երիտասարդների միջեւ կապերի ամրապնդման գործին:
Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել