HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախախորհրդարան. «Հայաստանի Հանրապետության ժամանակն սպառվում է»

Ստորեւ ներկայացնում ենք Նախախորհրդարանի հայտարարությունը.

Հայաստանի Հանրապետության ժամանակն սպառվում է: Նորգաղութային թելադրանքով գործող վարչախմբի հանցավոր գործունեության հետևանքով մեր երկիրն ու ժողովուրդը հյուծվում և ուժասպառ են լինում:

Մոտալուտ արհավիրքը կանխելու նպատակով ժողովուրդը, ներքին իմաստնությամբ գիտակցելով հանդերձ, որ իր քվեն կեղծվելու է և հանցավոր վարչախմբի պարագլուխը նորգաղութարար տերերի հովանավորությամբ դարձյալ բազմելու է նախագահի աթոռին, այնուամենայնիվ որոշեց օգտագործել փետրվարի 18-ի նախագահական չընտրությունների առիթը:

Իր ձայնը քաղաքական նոր մշակույթի կրող և երկիրը համակարգային փոփոխության տանելու հույսեր ներշնչող թեկնածուի օգտին տալու քայլ կատարելով, ժողովուրդը ոչ միայն ահազանգեց վերահաս աղետի մասին, որ երկիրը չի կարող ևս հինգ տարի սպասել և որ մի քանի տարի անց այլևս վերականգնման ռեսուրսներ չի ունենա, այլև ցույց տվեց ինքնակազմակերպման և ազգային-ազատագրական պայքար մղելու իր պատրաստակամությունը՝ երկրի ճակատագրով մտահոգ լինելու հավակնություն ներկայացնող քաղաքական շրջանակներից և անհատներից ակնկալելով հստակ տեսլական, ծրագիր և քաղաքական առաջնորդություն:

Սակայն պայքարի այս պատրաստակամությունը համարժեք ուշադրության չարժանացավ: Ընդդիմադիր քաղաքական դասը չարձագանքեց ժողովրդի ընդվզմանն ու պատգամին, այլ շարունակեց մնալ թմբիրի մեջ և հայրենակործան համակարգից ներս հատվածական շահեր հետապնդել, ինչի հետևանքով առաջացած քաղաքական ամայությունը հանգեցրեց եղեռնական արտագաղթի տեմպերի ահագնացման և դրա տրամադրությունների օրեցօր խորացման:

Հայաստանին այս օրհասական վիճակից հնարավոր է հանել միայն նրա ազգային և քաղաքացիական բոլոր ռեսուրսներն ու ուժերն անհապաղ զորաշարժի ենթարկելու և հայ մարդուն ու Հայաստանի քաղաքացուն արժանի նոր որակի պետության տեսլականի ու դրա իրականացման ծրագրի շուրջ համախմբելու միջոցով:

Նախախորհրդարանը, գիտակցելով երկիրը գահավեժ ընթացքից հանելու հրամայականը և հաշվի առնելով նոր որակի պետության ձևավորման ու զարգացման իր ծրագրի առկայությունը, ստանձնում է ազգային-ազատագրական պայքարը մեկնարկելու նախաձեռնությունը:

Նախախորհրդարանը պատրաստ է համագործակցելու բոլոր առողջ ուժերի հետ՝ մակաբույծ համակարգից դուրս ժողովրդական շարժում ծավալելու և այդ համակարգին զուգահեռաբար գործող այլընտրանքային կառավարման մարմիններ ձևավորելու ու լեգիտիմացնելու միջոցով անցնցում իշխանափոխություն իրականացնելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագիրն իրագործելու նպատակով: 

Այդ ճանապարհի առաջին քայլերն անելու համար Նախախորհրդարանը մայիսի 9-ին՝ Գյումրիում (վայրն ու ժամը կհայտնվեն լրացուցիչ) և մայիսի 17-ին, ժամը 19-ին՝ Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է կազմակերպական հանրահավաքներ, որտեղ կներկայացնի նոր որակի հայկական պետության կայացման իր ծրագրի հիմնադրույթներն ու ճանապարհը, ինչպես նաև ժողովրդին կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:  

Մեկնաբանություններ (1)

հայ մարդ
Այսպիսի մի ասացվածք կա---Հայոց լեզուն որբի գլուխ չի, որ տեղից վեր կացողը վրեն դալլաքություն սովորի---Ձեր ես կոչ ա թե հայտարարություն ա, էդ ասացվացքն է հիշեցնում;Քանի կար, Րաֆֆիի կողքին էիք; Հասկացանք, Րաֆֆին էլ մարդ է, և երևի մի պահ ինչ-որ վրիպում ունեցավ; Ինքս ապրիլի իննին մասնակցել եմ նրա կազմակերպած երդմնակալության հավաքին և կասեմ հետևյալը. ժողովուրդը շատ ջերմ և ոգևորված դիմավորեց նրան, նա ասաց, որ այդ օրը միայն ինքն է խոսելու; Ասեմ, որ խոսեց կրկնություններ անելով, որը տեղին չէր և այդ օրվա խոսքի հիմնական թերությունն էր;Լավն ու ընդունելին այն էր, որ իրեն չհռչակեց նախագահ; Շատ-շատ լավ էր, որ երդման խոսքերը կրկնում էին ներկաները-մի մասը բարձրաձայն, մի մասը մտքում; Վատ էր, որ երբ ասաց, թե մեկ էլ երեկոյան կհավաքվեն համերգի, մի տեսակ անորոշության շունչ տարածվեց հրապարակում, կարծես ինչ-որ բան կիսատ մնաց; Երևի դա էլ պատճառ է դարձել Բաղրամյան գնալու պահանջի; Բայց այս ամենը բոլորս գիտենք, գիտենք էլ, որ Րաֆֆին խոսել է կազմակերպչական հարցերում թույլ տրված բացթողումների մասին և հրավիրել ու խնդրել է միանալ վերկուսակցական Նոր Հայաստան շարժմանը; Կարող եք բացատրել, թե դա ինչու ձեր քիմքին հարմար չի, դուք ինչ եք ուզում էս հազար հոգս ու ցավ ունեցող ժողովրդից;Դուք էլ մի նոր ՀՅԴ, մի նոր ՀԱԿ էք?? Հերիք ա, ռադներդ քաշեք, թե չեք ուզում անեծքի բաժին դառնաք;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter