HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչպես են փոշիացվում պետական միջոցները. գերատեսչությունները «մրցում» են գրիչների արժեքով

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ապրիլի 18-ի նիստին անդրադարձել էր գնումների ոլորտին: Ըստ նրա` հսկող մարմինները հայտնաբերել են, որ շատ հաճախ որոշ ապրանքատեսակների ձեռքբերման գինը մրցույթով լինում է ավելի բարձր, քան այդ պահին խանութում վաճառվող գինը:

«Եթե դուք ուզում եք ինչ-որ առանձնահատուկ գրիչ առնել կամ առանձնահատուկ թուղթ, պետք է հիմնավորեք դա։ Ինչո՞ւ է կարևոր տիպաբանությունը, որովհետև դրա վրա շատ հաճախ խաբեություն է կատարվում. ասում են, որ այսինչ շտրիխը փոխվեց, դրա համար էլ գինը բարձրացավ, հիմա այդպիսի խորամանկություն այլևս թույլ չենք տալու»,-ասել էր վարչապետը:

Պարզվում է՝ գրչի «բիզնեսը». կամ վարչապետի բնորոշած՝ խաբեությունը տարիներ շարունակ լավ էլ աշխատել է: Միայն գրչի օրինակով կարելի է ցույց տալ, թե որոշ գերատեսչություններ ինչպես են անխնա ծախսում պետական միջոցները եւ դրա համար մնում անպատիժ:

Ուսումնասիրելով 2012-2013թթ  «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը՝ պարզվեց, որ անցյալ տարի ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված է եղել 1200 դրամանոց 100 հատ գրիչ:

Միգուցե վարչապետ Տիգրան Սարգսյանը զարմանա, բայց կառավարության աշխատակազմը եւս գրիչների «սիրահար» է: Անցյալ տարի աշխատակազմի համար նախատեսված է եղել 1000 դրամ արժողությամբ 1000 հատ գելով գրիչ:

Այս տարի էլ միայն 700 հատ գրիչ ձեռք բերելու համար հատկացվել է 525 հազար դրամ` 1 գրչի արժեքը նախատեսելով 750 դրամ: Իհարկե, գրչի համար սա միակ հատկացումը չէ:

Հովիկ Աբրահամյանի ղեկավարած Ազգային ժողովի աշխատակազմը եւս հետ չի մնում թանկարժեք գրիչով աշխատելու գայթակղությունից: Այս տարվա պետական բյուջեով 900-դրամանոց 210 հատ գրիչ ձեռք բերելու համար հատկացվել է 189 հազար դրամ:

900-դրամանոց 20 գրիչ էլ կգնի ՀՀ  գլխավոր դատախազության աշխատակազմը: 900 -դրամանոց 100 հատ գրիչ էլ նախատեսված է եղել անցյալ տարվա պետական բյուջեով:

Հատուկ քննչական ծառայության համար ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի հատկացված է 50 հազար դրամ` 50 հատ 1000-դրամանոց գրիչ ձեռք բերելու համար: Գրիչների մասը հատուկ քննչական ծառայությունը կարծես թե «copy past» է արել նախորդ տարվա պետական բյուջեից, քանի որ ավելի էժան գրիչների գներն ու քանակը նույնությամբ կրկնվում են, օրինակ` 220-դրամոց 300 հատ գրիչ նախատեսված է եղել թե՛ նախորդ տարի, թե՛ այս տարի:

Տարածքային կառավարման նախարարությունը եւս անմասն չի մնում «գրչային մարաթոնից»: Անցյալ տարի 900-դրամանոց 68 եւ 1000-դրամանոց 120 հատ գրիչ է նախատեսված եղել աշխատակազմի համար: Այս տարի էլ 900-դրամանոց 120 հատ գրիչ կունենա նախարարությունը, որի համար հատկացվել է 108 հազար դրամ:

Քրեակատարողական համակարգի պահպանման համար նախատեսված ապրանքների մեջ նշված է նաեւ 500-դրամանոց 200 հատ գրիչ` 100 հազար դրամ ընդհանուր արժեքով:

Բնապահպանության նախարարությունը այս տարի ձեռք կբերի 20 հատ գրիչ` յուրաքանչյուրը 1100 դրամ արժողությամբ: Շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսված ապրանքների ցանկում էլ նախատեսվել է 1100-դրամանոց 10 հատ գրիչ:

Նախարարության աշխատակազմի համար անցյալ տարի նախատեսված է եղել 950-դրամանոց 20 հատ գրիչ: Նույնքան էլ նախատեսված է եղել «Շրջակա միջավայրի պաշտպանության» համար:

Պաշտպանության նախարարության համար 200 հատ 800-դրամանոց գրիչ է այս տարի նախատեսված, իսկ 100 գրիչ էլ՝ 600-դրամ արժեքով:

Գագիկ Բեգլարյանի ղեկավարած տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմն այս տարի կունենա 850-դրամանոց 40 հատ գրիչ, իսկ եւս 50-ը` 700-դրամանոց կլինի: Ենթադրվում է, որ այս գրիչները նախատեսված են նախարարության «վերնախավի» համար: Հասարակ աշխատողների մասին եւս հոգացել են. նրանց համար կգնեն 80-դրամանոց 20 հատ գրիչ:

Անցյալ տարի այս նախարարության համար եւս 50 հատ 850-դրամանոց գրիչ է նախատեսված եղել պետական բյուջեով:

Քաղաքաշինության նախարարությունում  նույնպես սիրում են թանկարժեք գրիչով աշխատել: Աշխատակազմին նման «հաճույք» պատճառելու համար այս տարի կգնեն 8 հատ 1000-դրամանոց գրիչ, 12 հատ` 850-դրամանոց, 11 հատ` 854- դրամանոց:

Իսկ անցյալ տարի նախատեսված է եղել 2500-դրամանոց` 4, 1000 -դրամանոց` 9, 950-դրամանոց` 24, 850-դրամանոց` 20 եւ 360-դրամանոց` 60 հատ գրիչ:

Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունում հավանաբար 9 մարդ կգրի 900-դրամանոց գրչով, իսկ 11-ը` 1500-դրամանոցով:

Նույն նախարարության «Հանգիստ, մշակույթ եւ կրոն» բաժնի համար 300 հատ գնդիկավոր գրիչ է նախատեսված` 700 դրամ արժեքով: Նույն արժեքով կգնեն նաեւ 250 հատ «ոչ գնդիկավոր» գրիչ:

160 հատ գրիչ կգնեն 900 դրամով, 153 հատը` 1200 դրամով, իսկ 100-ը` 1500 դրամով:

Ուշագրավ է, որ 2012թ. պետական բյուջեով նույն նախարարության համար նախատեսված է եղել 20 հատ 1000- դրամանոց գրիչ, 63 հազար  400- դրամանոց՝ 1 գրիչ, 7 հազար 700- դրամանոց՝ 10 գրիչ, 7 հազար 800-դրամանոց` 10, 4 հազար 750-դրամանոց` 10 եւ 15 հազար դրամանոց 10 հատ գրիչ:

Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գործող «Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանման» համար, ի թիվս այլ ապրանքների, հատկացվել է 1200-դրամանոց 70 եւ 400 դրամ արժողության 500 գրիչ:

Նախարարության համար անցյալ տարի նախատեսված է եղել 200 հատ 850-դրամանոց գրիչ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 170 հազար դրամ: Իսկ «Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանման» համար` 1200-դրամանոց 50 հատ գրիչ:

Այս տարի սփյուռքի նախարարությունը կունենա 130 հատ 650-դրամանոց գրիչ՝ նախորդ տարվա 155-ի փոխարեն:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նախորդ տարի հատկացված էր 5 հատ 1200-դրամանոց գրիչ, իսկ այս տարի`10 հատ:

Ինչպես 2012-ին, այնպես էլ այս տարի բյուջեով հանձնաժողովի համար նախատեսված է 25 հատ 850-դրամանոց գրիչ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս տարի կօգտագործեն 60 հատ 1000- դրամանոց գրիչ, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում` 50 հատ 1200-դրամանոց:

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում 1000 -դրամանոց գրիչների թիվը 27-ն է, իսկ 800-դրամանոցներինը` 20:

Ազգային անվտանգության ծառայությանը բյուջեով միայն 1 մլն 540 հազար դրամ նախատեսված է 200 հատ գրիչ գնելու համար, որոնցից յուրաքանչյուրն արժե 7 հազար 700 դրամ: Պարզվում է, ԱԱԾ-ում «քչով» էլ են բավարարվում. 200 հատ «Յունի-բոլլ» անվանումով գրիչ ձեռք կբերեն 800 դրամով:

Նշենք, որ անցյալ տարվա պետբյուջեով ԱԱԾ-ի համար նախատեսված էր 850-դրամանոց 150 հատ, ինչպես նաեւ 35-դրամանոց՝ 20 հազար գրիչ:

Վերահսկիչ պալատը եւս 1000-դրամանոց գրչի «վայելքը» կզգա, ընդ որում` 120 անգամ: Իսկ Ազգային անվտանգության խորհուրդը` 50 հազար դրամով կգնի 50 հատ 1000-դրամանոց գրիչ:

Ինչպես միշտ մարզպետների մեջ առանձնանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ գրիչների հարցում բացառություն լինել հնարավոր չէր: Այդ մարզպետարանի աշխատակազմի համար նախատեսված է 10 հատ 1000-դրամանոց գրիչ: 

Մեկնաբանություններ (1)

Կորյուն
Որևէ մեկը կարող է ասել, թե ի՞նչ են գրում 1000 դրամանոց գրիչներով այս ձրիակերները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter